Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ
23:22 - 19 սեպտեմբերի, 2023

Հայաստանը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին. Ազատ Դեմոկրատներ

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և իրավունքների պահպանման թիվ մեկ պատասխանատուն, պարտավոր է իրեն հասանելի բոլոր միջոցներով պաշտպանել Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին՝ պատասխանատվությունից խուսափող հայտարարություններից անցնելով գործուն քայլերի։
 
Պետք է արձանագրել, որ մինչ այս պահը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը չի գործել և չի ծառայել իր նպատակին։ Ավելին՝ օրեցօր ավելի խոցելի է դարձել Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, Արցախը կանգնեցնելով ցեղասպանության և հայաթափման իրական վտանգի առջև, Ադրբեջանն այս ընթացքում փակելով Լաչինի միջանցքը՝ եռակողմ Հայտարարությամբ որևէ կերպ չկարգավորվող անօրինական անցակետի տեղադրմամբ, Արցախն ամբողջությամբ կտրել է Մայր Հայաստանից։ Այս թողտվության հետևանքն է նաև Ադրբեջանի այսօրվա ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության վրա, որի հետևանքով արդեն իսկ ունենք զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։
Ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, պարտավոր է դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի անդամ երկրներին՝ հրատապ նիստ հրավիրելու նպատակով, հետևյալ օրակարգով՝
 
1․ Անհապաղ կանգնեցնել ռազմական գործողությունները՝ կանխելով տարածաշրջանում անկանխատեսելի հետևանքներով հղի լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումը,
2․ Հայաստանի Հանրապետություն, Արցախ, այդ թվում նաև Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ խաղաղապահ ուժեր,
3․ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում,
4․ Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ակնհայտ ռազմական հանցացործ իշխանությունների նկատմամբ։
 
Բացի այս, կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը և ՌԴ պատասխանատու պաշտոնյաներին այս օրհասական պահին իրավիճակն էլ ավելի թեժացնող սադրիչ հայտարարությունների փոխարեն անցնեն իրենց դաշնակցային պարտավորությունների կատարմանը ՀՀ նկատմամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունից բխող իրենց պարտավորությունների կատարմանը, կամ անկեղծորեն հայտարարեն, որ ի զորու չեն ապահովել իրենց պարտավորությունների կատարումը և ՄԱԿ Անվտանգության Խորհրդում աջակցեն Հայաստանի Հանրապետության պահանջ-օրակարգին։ Այլապես, Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է լինելու վերանայել ՌԴ հետ իր դաշնակցային հարաբերությունները։
 
Ո՛ւժ և կորո՛վ Արցախի մեր անկոտրում քույրերին և եղբայրներին, Աստված պահապան մեր հերոսական ժողովրդին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել