Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը
17:56 - 18 սեպտեմբերի, 2023

Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի եւ հանրային եկամուտների գրասենյակների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ 

Գեւորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կազմը, մարմինները, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ոլորտները: Գեւորգ Պապոյանը մանրամասնել է 12 մշտական հանձնաժողովների վերահսկողական ոլորտային գործունեությունը՝ նշելով, որ բյուջետային բնագավառում ամբողջական վերահսկողական գործառույթն իրականացնում է իր գլխավորած հանձնաժողովը:

Շնորհանդեսի ընթացքում հանձնաժողովի նախագահն ԱԺ վերահսկողական գործառույթների համատեքստում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի գործունեությունը, երկու ինստիտուտների համագործակցված աշխատանքն ու հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն օգնում է խորհրդարանականներին գնահատել տարեկան բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Բանախոսն անդրադարձել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությանը, Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է բյուջեի կազմման գործընթացի առանձնահատկությունները՝ բյուջեի ներկայացման, ընդունման եւ հաստատման փուլերը, բյուջետային կատարողականի քննարկումները: 

Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր են ուղղել ՀՀ խորհրդարանականներին, որոնք վերաբերել են տարեկան բյուջեի չափին, բյուջետային փաստաթղթի նախնական քննարկումներին, դրա հաստատման կամ մերժման արդյունքում առաջացող հետեւանքներին:

Այցի շրջանակում հյուրերը եղել են նաեւ ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքային պայմաններին: Նրանք եղել են նաեւ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել