Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
 |civilnet.am|
16:51 - 07 սեպտեմբերի, 2023

Քերոբյանը Wildberries-ի դեմ բողոքողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Wildberries-ի գործունեության դեմ բողոքող տնտեսվարողներին առաջարկում է դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

«Մեր առաջարկն այն է, որ տնտեսվարողները նկարագրեն՝ ի՞նչ է նշանակում անհավասար մրցակցային պայմաններ և դիմեն մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Մենք հիմա ուսումնասիրություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ, բայց մեր գործընկերներին կարող եմ առաջարկել դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, եթե տեսնում են մրցակցության խաթարում և այնտեղ փորձեն լուծել իրենց խնդիրները»,- կառավարության սեպտեմբերի 7-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ առևտրականների համեմատ Wildberries-ն անհավասար մրցակցային պայմաններում է, բայց վատ իմաստով։

«Նախորդ տարի մենք ստեղծել ենք այն պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ Wildberries-ը ապրանք է ներմուծում կամ սպառողը ապրանք է գնում Wildberries-ից, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) պարտավորությունը արդեն տեղափոխվում է Հայաստան: Wildberries-ը պարտավոր է վճարել ԱԱՀ վաճառքի համար, իսկ փոքր ու միջին ձեռնարկատերերից շատերը չեն վճարում, որովհետև գործում են շրջհարկի սահմանաչափով։ Այսինքն կարելի է ասել, որ Wildberries-ն է գտնվում անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները»,- նշեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Wildberries-ով ապրանքները մի քանի անգամ էժան են գալիս Հայաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այն տարբերակով, որով մեր փոքր, միջին ձեռնարկություններն ապրանք են ձեռքբերում՝ դա չորրորդ, հինգերրորդ, վեցերորդ ձեռքի վաճառք է, այսինքն, կան մի շարք միջնորդներ գործընթացի մեջ, հետևաբար գներն ավելի թանկ են, քան Wildberries-ի դեպքում, երբ արտադրողն ապրանքը ուղիղ սպառողին է վաճառում»։

Stop Wildberies Armenia նախաձեռնության անդամներն սեպտեմբերի 7-ին կառավարության մոտ ակցիա են իրականացրել` պահանջելով փակել Wildberries-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել