Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում
 |civilnet.am|
10:33 - 07 սեպտեմբերի, 2023

Հայաստանը Մեծ Բրիտանիայում 17,4 մլն ֆունտ արժողությամբ դեսպանատան շենք է ձեռք բերում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը ձեռք է բերում Լոնդոնի 31 Saint James Square հասցեում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։ Այս նպատակով ծախսվելու է 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում է։

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատունը «Հայ տան» կողմից նվիրատվություն կատարած երկու սենյակից բաղկացած տարածք է եղել։ «Հայ տուն»-ը կառավարությանը տեղյակ է պահել 2024-ին տարածքն ազատելու անհրաեշտության մասին։

«Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016-ին տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլև դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է և կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Հայաստանի նոր դեսպանատունը կլինի Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանատների, Միացյալ Թագավորության խորհրդարանի ու արտգործնախարարության հարևանությամբ։ Նոր դեսպանատունը բաղկացած է 5 հարկից, ունի հուշարձանի կարգավիճակ։ Գործարքի գինը կազմել է մոտ 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ, որի մի մասը ավելացված արժեքի հարկն է եղել։ Այս գումարից 710 000-ը Հայաստանն արդեն վճարել է գույքի սեփականատիրոջը որպես կանխավճար։

Լրացում

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ընդունվեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել