Սահմանի բացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 10 անգամ կաճի
 |armeniasputnik.am|
09:34 - 05 սեպտեմբերի, 2023

Սահմանի բացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը 10 անգամ կաճի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ-թուրքական ապրանքաշրջանառության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում կազմում է 1%: Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտուր սկսելու դեպքում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 տոկոսի և ավելի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ այդ կապակցությամբ սեփական վերլուծություն չունեն, իսկ տվյալները միջինացված են և տրամադրվել են մի շարք միջազգային կառույցների կողմից։

Այսպես, Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանից Թուրքիա արտահանման ներուժը կազմում է մեր երկրի ՀՆԱ-ի 15-19%-ը։ Գերմանական German Economic Team խորհրդատվական ընկերության տվյալներով՝ Երևանի և Անկարայի միջև ուղիղ առևտրի հաստատումը կհանգեցնի Հայաստանից Թուրքիա արտահանման մասնաբաժնի աճին՝ մինչև ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 6,7%-ը, իսկ Թուրքիայից ներմուծումը կարող է հասնել Հայաստան ներմուծման ընդհանուր ծավալի 12,8%-ին։

Միևնույն ժամանակ, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կանխատեսում է Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտի կրճատում 30-50%-ով:

«Ծով չունեցող ցանկացած պետության համար հարևան երկրները հանդիսանում են ոչ միայն արտաքին շուկաներ, այլև տարանցիկ երթուղիներ դեպի երրորդ երկրներ»,-ասվում է պատասխանում:

Գերատեսչությունում ընդգծել են, որ երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Թուրքիայի) հետ սահմանի փակ լինելը նվազեցնում է Հայաստանի արտաքին առևտրի հնարավորությունները, սահմանափակում է բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիները: Սա բացասաբար է անդրադառնում նաև բեռնափոխադրումների շուկայում մեր երկրի մրցունակության վրա և հանգեցնում է դրանց բարձր արժեքին։

Ներկայումս «Լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի» համաձայն՝ Հայաստանն աշխարհի 186 երկրների շարքում 96-րդ տեղն է զբաղեցնում:

Զարգացման Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհի գործարկումը, բացի ֆինանսական շահից, կավելացնի բեռնափոխադրումների ծառայությունների հասանելիությունը: Նշվում է, որ դա ձեռնտու կլինի ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին:

Էկոնոմիկայի նախարարությունում չեն բացառում, որ Թուրքիայի տարածքով ցամաքային երթուղին կարող է նվազեցնել Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները:

«Դա կարող է լինել այն դեպքում, եթե նոր ուղին արտահանողի կամ ներմուծողի համար լինի առավել քիչ ծախսատար կամ ավելի նպատակահարմար, հատկապես այն պարագայում, երբ նոր տրանսպորտային ուղին առավել արդյունավետ լինի առևտրաշրջանառության և մասնավորապես՝ 3-րդ երկրների հետ առևտրի համար որպես տարանցիկ բեռնափոխադրումների այլընտրանք»,-նշել են գերատեսչությունում:

Ներկայումս Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալի առյուծի բաժինը՝ 99,9 տոկոսը, բաժին է ընկնում ցամաքային երթուղուն (Վրաստանի տարածքով), և միայն 0,01 տոկոսն է առաքվում օդով։ 2022 թվականի արդյունքներով՝ Թուրքիան օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 3,1 տոննա բեռ, իսկ բեռնատարներով, Վրաստանի տարածքով՝ 24903,8 տոննա։

Ավելի վաղ գրել էինք, որ Երևան-Մարգարա-Ստամբուլ (Թուրքիայի տարածքով) նոր երթուղով ապրանքների տեղափոխման դեպքում 40 տոննա կշռող բեռնատարը (տրանսպորտային միջոցի քաշը գումարած բեռը- խմբ.) ճանապարհին գտնվելու ժամանակը կկրճատի գրեթե երեք ժամով, իսկ վառելիքի տնտեսումը կկազմի 75 լիտր (դիզվառելիքի այսօրվա գներով՝ 37,5 հազար դրամ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել