Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին |armenpress.am|
12:07 - 04 սեպտեմբերի, 2023

Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերը, փոխվարչապետը պատասխանեց․

«Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք հարմարավետություն»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկա վնասվեց։

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել