ՀՀ և ՌԴ էկոնոմիկայի նախարարները քննարկել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծումներն ու համագործակցության քայլերը
 |armenpress.am|
15:16 - 25 օգոստոսի, 2023

ՀՀ և ՌԴ էկոնոմիկայի նախարարները քննարկել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծումներն ու համագործակցության քայլերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծուները և հետագա համագործակցության քայլերը:

Հանդիպումը կայացել է  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, որի ընթացքում նախատեսված են նաև մի շարք  հանդիպումներ գործարարների համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդգծեց, որ մինչ գործարարների հետ հանդիպումը  ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ  քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ներդրումների,  համատեղ նախագծերի և  լոգիստիկայի հարցերի շուրջ:

«Ես կարծում եմ, որ աշխատանքի այն ծավալը, որը մենք որոշել ենք իրականացնել, բավականին մեծ է, բայց դրանք կյանքի կոչելուց հետո, անկասկած, կունենանք շատ լավ արդյունք: Մեկ տարի առաջ մենք (ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ) համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, մեկ տարվա ընթացքում  բավական լավ աշխատանք է տարվել։ Մենք փոխառել ենք Ռուսաստանի դրական փորձը մի շարք ոլորտներում՝ մեր կառավարության որոշ ծրագրեր առաջ մղելու համար», - Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ բիզնես նախաճաշից հետո ասաց  նախարար Քերոբյանը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն, անդրադառնալով գործարարների հետ հանդիպմանն, ընդգծեց, որ շատ հետաքրքիր և կարևոր  հանդիպում էր, քանի որ գնալով մեծանում է  երկու երկրների միջև շփումները, ապրանքաշրջանառությունը, համատեղ ներդրումները և  հետաքրքրությունները:

Ինչպես նշել է նախարարը, բիզնես–նախաճաշի ընթացքում բարձրացվել են հարցեր` կապված մակրոէկոնոմիկայի, երկրի տնտեսական քաղաքականության հետ։

Ռեշետնիկովը հիշեցրել է, որ ռուբլու և դրամի փոխարժեքները խիստ տատանում են գրանցել՝ ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ դրամատիկ անկում է ապրել , և դա որոշակի մտահոգություն է առաջացնում Ռուսաստան արտադրանք արտահանող հայ գործարարների մոտ։

Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում փորձել են քննարկել մակրոտնտեսական իրավիճակն ու որոշակի գնահատականներ տալ։

«Սա ընթացիկ իրավիճակ է, այն ռազմավարական խնդիրները չի չեղարկում։ Իսկ ռազմավարական խնդիրները դրանք փոխադարձ ներդրումներն են, նոր նախագծերը, համագործակցությունը», – ասել է Ռեշետնիկովը։

Նա խոսել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտենսիվ ապրանքաշրջանառությունից` նշելով, որ ընթացքում, իհարկե, հարցեր առաջանում են, որոնք անհրաժեշտ է լինում պարզաբանել համապատասխան գերատեսչությունների հետ։

«Քննարկվեցին նաև ավանդական հարցերը՝ տրանսպորտի, մաքսակետի, նոր մոտեցումների և նոր ուղիների մասին: Դրանք կան, բայց երբ առկա է նման մեծ և ինտենսիվ ապրանքաշրջանառություն, անհրաժեշտ է համապատասխան կողմերի հետ մշտապես վերահսկել այն»,- ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարը:

 Մաքսիմ Ռեշետնիկովն ընդգծեց, որ  նախարար  Քերոբյանի հետ քննարկմանը պայմանավորվել են, որ մեծ պատասխանատվությամբ այս բոլոր հարցերը կվեցնեն իրենց վերահսկողության տակ, բիզնեսին սպառիչ պարզաբանումներ կտան, անհրաժեշտության դեպքում էլ որոշակի պահեր կշտկեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել