«Կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա». ուսանողների համար կրթաթոշակի նոր չափ կսահմանվի
 |news.am|
12:08 - 24 օգոստոսի, 2023

«Կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա». ուսանողների համար կրթաթոշակի նոր չափ կսահմանվի |news.am|

news.am: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն: Նախագիծը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ ներակայացվեց կառավարության անդամներին:

«Ոլորտում ունենք կրթաթոշակային քաղաքականություն՝ պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որեւէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետեւ մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող ուսանողի կրթաթոշակի չափը եւ հստակեցնելով կրթաթոշայի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- նշեց նախարարը:

Անդրեասյանն ասաց, որ նախագիծը 2 հիմնական ուղղություն է նախատեսում. «Մասնավորապես, պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունների սահմանման, որոնց միջոցով մենք դրանց կդարձնենք ավելի խրախուսող, խթանող եւ կմեծացնենք այս ոլորտում սովորողների թիվը: Առաջին փուլում դա իրականացնելու համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը: Դրա նպատակն այն է, որ վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, որպեսզի այս առարկաները դպրոցներում դասավանդվեն: Առաջարկում ենք ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա, հատկապես հաշվի առնելով որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում: Այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողներն առաջին տարին կստանան կրթաթոշակը, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ: Նախատեսում ենք, որ այս տարի կունենանք 58 շահառու բակալավրիական կրթական ծրագրերով եւ առավելագույնը՝ 69-ը մագիստրոսական»:

Նախարարը նշեց, որ կրթաթոշակ կսահմանվի նաեւ հաշմադամություն ունեցող ուսանողներին:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախագծին նշեց, որ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա. «Եթե մարդը սոցիալական խնդիր ունի, դրաով թող զբաղվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը: Մենք կրթությունը չպետք է դեֆորմացնենք: Կարող ենք ասել՝ եթե լավ ես սովորում, մի հատ էլ այլ խնդիրներ ունես, որ քո կրթական պայմանները ապահովեն, լրացուցիչ գործակիցներ կարող ենք ավելացնել տարբեր հանգամանքներով: Ցավոք ընկալում կա, թե համալսարանը մի տեղ է որտեղ գալիս ես դեմը մի 2 տուփ ծխախոտ ծխում ու գնում տուն, դա մենք պիտի արմատախիլ անենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել