«Արդար քննությունն ենք պահանջում»․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել
 |news.am|
13:56 - 09 օգոստոսի, 2023

«Արդար քննությունն ենք պահանջում»․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել |news.am|

news.am: Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանը օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։

«Պահանջն արդարության վերականգնումն է։ Արկադի Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ասում է՝ ես չեմ արել։ Գործը պետք է հանձնվի առավել պրոֆեսիոնալ քննչական մարմինների, օրինակ՝ ՀԿԳ-ին»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ Բարսեղյանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել․ «Հավանաբար, կալանավայրից իրենց չեն էլ տեղեկացրել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել