Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն
 |civilnet.am|
17:14 - 04 օգոստոսի, 2023

Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ գովազդային շուկայի խոշոր խաղացողի ֆինանսական տնօրեն |civilnet.am|

civilnet.am: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։

Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ ««Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը շուկայի վերադասավորման արդյունքում 2020-ից իրականացնում է մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառք»,- ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Արման Հարությունյանը ՍիվիլՆեթին պարզաբանեց, որ ընկերությունում աշխատում է 2020-ից։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։

Արման Հարությունյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է Հանրային հեռուստաընկերությունը որոշել բաժնետեր դառնալ այս ընկերությունում։ Հանրային հեռուստաընկերությունից էլ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել՝ պարզաբանելու ընկերության բաժնեմասի ձեռքբերման գործարքը։

«Ես այդ իրավական գործընթացներից տեղյակ չեմ։ Նախօրոք հենց այդպես գնացել է գործընթացը։ Մյուս կողմն էլ պետք է լինի «Շանթ» հեռուստաընկերությունը, հիմա գրանցման փուլում է, ինչքան գիտեմ։ Ամեն դեպքում՝ ինչ գործարք է եղել ու ինչպես է եղել, չեմ կարող ասել։ Ես այս ընկերությունում ընդամենը վարձու աշխատող եմ ու մնացած գործընթացներից տեղյակ չեմ, ոչ էլ դրանք իմ տիրույթում են»,- ասաց Հարությունյանը։

Արման Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր եղբոր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործոնն ազդել է, որ Հանրային հեռուստաընկերությունը որոշի բաժնեմաս ձեռք բերել այն ընկերությունում, որտեղ նրա եղբայրը տնօրեն է։ Պատասխանեց, որ որևէ կերպ չի ազդել։

«Ես այս ընկերությունում սկսել եմ աշխատել այն ժամանակ, երբ այն ստեղծված է եղել, ես մի քանի ամիս հետո եմ անցել աշխատանքի ու մինչև իմ աշխատանքի ընդունվելը «Հանրային» ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ կապված գործընթացներն արդեն մեկնարկած են եղել, բայց որոշ իրավական բաներով նոր է գրանցվել»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը երկու հեռուստաընկերության գովազդի րոպեների, ինչպես նաև «Հանրային հեռուստաընկերության լրատավական էջի» վաճառքով է զբաղվում։

Media.am-ին Հանրայինին տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք տարիների ընթացքում Հանրայինը առևտրային գովազդի ցուցադրման համար ստացել է ընդհանուր առմամբ 1,361 մլրդ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Գեներացված առևտրային գովազդի գծով եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է․

  • 2020 թ․ – 154,2 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ,
  • 2021 թ․ – 517,8 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ,
  • 2022 թ․ – 689 մլն դրամ, ներառյալ ԱԱՀ։

Արման Հարությունյանը 2018-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ Իշխանափոխությունից հետ նա սկսել է ակտիվ գործունեություն ծավալել գովազդի ոլորտում։ 2018-ի սեպտեմբերից «Արտաքին գովազդի խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է։ ՀԿ-ի գործունեությունը, սակայն, ներկայում սառեցված է։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Հարությունյանի աշխատավարձը ձևավորվել է «Մեդիա Հաուս Արմենիա» ՍՊԸ-ից։ Մեկ տարվա ընթացքում նա ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ, 748 հազար դրամ էլ ստացել է Երևանի քաղաքապետարանից։ Վերջինը, հավանաբար, որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցումն է։

Հարությունյանը 2021-ի հունիսի դրությամբ ունեցել է ընդամենը 210 000 կանխիկ դրամ, ինչպես նաև բանկում 2,5 մլն դրամի ավանդ։

2022-ի վերջին Հարությունյանը և նրա կինը 39,2 մլն դրամով բնակարան են ձեռք բերել «Դեֆանս Հաուզ» կառուցապատողից՝ ներգրավելով 25,4 մլն դրամ վարկ: Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե մնացած գումարը, որը 13 մլն դրամից ավելի է՝ ինչպես են վճարել ինքն ու կինը։ Ասաց՝ մինչ այդ ավանդ է ունեցել, որը բանկից հանել է, բացի այդ կնոջ միջոցներն են օգտագործել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել