ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|
07:11 - 18 հունիսի, 2019

ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը. Թեկնածուն Վահե Գրիգորյանն է |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Թեկնածուն նախ նկատեց, որ այս ամբիոնից երկրորդ անգամ է խոսում, հետո ներկայացրեց Սահմանադրական դատարանի գործունեության իր տեսլականը: Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը ամենաշատ քննադատվածն է դատական իշխանության համակարգում:

«Ես կարծում եմ, որ այս պահին ամենաանպտուղ գործն է, որ մենք շարունակենք այդ քննադատությունը, եթե չկա կոնկրետ գործողությունների ծրագիր՝ հանրության մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ», - հայտարարեց Վահե Գրիգորյանը:

Թեկնածուն նշեց, որ Սահմանադրական դատարանը առավել թիրախավորվել է ընտրական վեճերի քննության ժամանակ: Նրա ներկայացմամբ ՍԴ-ն իրեն հեռացրել է փաստերը քննելու իր սահմանադրական լիազորությունների իրագործման կարգավիճակից, ինչի արդյունքում ընտրական վեճերի հարցերով այլ ատյանների կողմից կայացված որոշումների հիման վրա է կազմել իր դատողությունները:

«Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը շարունակաբար հրաժարվել է ընտրական վեճերով համակարգային խախտումները քննության առարկա դարձնել», - հավելեց Գրիգորյանը:

Ներկայացնելով ՍԴ-ի կազմավորման իր տեսլականը, Գրիգորյանն ասաց, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն Հայաստանի տարբեր հատվածների ներկայացուցիչներ: «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ Սփյուռքից: Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որը իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները: Այս ուղղությամբ որևէ անհնարին բան չկա», - հայտարարեց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել