ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ
19:57 - 28 հուլիսի, 2023

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին հուլիսի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և իր վստահությունն է հայտնել, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան:

Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ակտիվ փոխայցելություններն ու բարձր ձևաչափերով պարբերական շփումները, որոնք իրենց նպաստ են բերում ներկայիս՝ մարտահրավերներով լի իրավիճակում փոխգործակցության նոր եզրեր գտնելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ՝ այդ թվում նաև անդրադառնալով  «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացման, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին։

Նշվում է, որ, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում հայկական կողմի տեսլականին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է այդ հարցում շահագրգռված դերակատարների հստակ քայլերի և շարունակական ներգրավվածության կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել