ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության փորձը
10:49 - 24 հուլիսի, 2023

ՄԻՊ ներկայացուցիչը Եվրոպայի խորհրդում ներկայացրել է ԵԽ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության փորձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից կազմակերպված միջազգային աշխատաժողովին:

Միջոցառման նպատակն էր ընդգծել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտությունը ԵԽ անդամ երկրներում՝ ԵԽ չափանիշներին համապատասխան։ 

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի թիվ 2010 (4) հանձնարարականին, ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության ԵԽ երկրների փորձին, օմբուդսմանական ինստիտուտների դերին և այլն։

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ ելույթով է հանդես եկել՝  միջազգային գործընկերներին ներկայացնելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և այդ մանդատի ներքո զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը: 

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությանը և արձանագրված կոնկրետ արդյունքներին:

«Հպարտությամբ կարող եմ հայտարարել, որ Հայաստանն առաջին պետությունն է, որտեղ 2016 թվականից մեկնարկել է Եվրոպայի խորհրդի՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված ծրագրերը»,- նշել է Ա. Եղոյանը:

Պաշտպանի ներկայացուցիչն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության և հաստատության կարողությունները զարգացնելուն միտված ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել