Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ
18:44 - 20 հուլիսի, 2023

Երևանի ավագանու ընտրություններում առաջին անգամ կբաշխվեն կանգառասրահների և վերելակների վահանակները. կգործի հատուկ կարգ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 20-ի հերթական նիստում ընդունած որոշմամբ փոփոխություն է կատարել «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ։

Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Ըստ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները։ Գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ԿԸՀ մասնագետները մշակել և կիրարկել են հատուկ համակարգ։

Համակարգը վահանակ տիրապետող կազմակերպություններին հնարավորություն կտա ԿԸՀ համացանցային կայքում ունենալ անհատական օգտահաշիվ, որով նրանք կկարողանան իրենց հայտերը ներկայացնել օնլայն։ Օգտահաշիվները կլինեն մշտական՝ տվյալները թարմացնելու հնարավորությամբ։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ կազմակերպությունները տասնօրյա ժամկետում իրենց հայտերը կներկայացնեն հանձնաժողով։

Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, ԿԸՀ շենքում վահանակ տիրապետող կազմակերպությունների հետ կլինի քննարկում, և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության աշխատակիցները մանրամասն կներկայացնեն համակարգը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ հաջորդ շաբաթ կուսակցությունների համար ևս իրազեկման հանդիպումներ կլինեն ԿԸՀ շենքում, որպեսզի մինչ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները նրանք ևս տիրապետեն ԿԸՀ էլեկտրոնային համակարգերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել