Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին
 |aysor.am|
13:40 - 14 հուլիսի, 2023

Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատում. պատգամավորը՝ Արցախի վերաբերյալ Մակրոնի հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Լրագրողներն այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանից հետաքրքրվեցին, թե քանի որ նոր է Ֆրանսիայից վերադարձել, արդյո՞ք ճշտել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն արդյոք ասե՞լ է, որ ինքն ավելի շատ է Ալիևի վրա ճնշումներ գործադրում, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հարցն այստեղ հենց Փաշինյանն է։

«Դա պարզաբանվել և հերքվել է։ Մենք հարկ չգտանք նման հարցադրում բարձրացնել Ֆրանսիայի սենատի կամ խորհրդարանի մեր գործընկերների մոտ։ Չեմ հիշում, թե դա ում կողմից է հերքվել, բայց պարզվեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում մեր դիվանագետների կողմից է դա հերքվել», - նշեց Խանդանյանը։

Հարցին՝ պաշտոնական Փարիզը դա հերքե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Ֆրանսիան հերքում տա մի բանի, որը տեղի չի ունեցել և դեղին լուրի տեքստ էր։ Մեր հարաբերությունների ֆոնին շատ տարօրինակ կլիներ, որ ՀՀ իշխանությունները դիմեին Ֆրանսիայի իշխանություններին նման անհեթեթ լուրի պարզաբանման նպատակով»։

Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարո՛ն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։

Ի պատասխան՝ Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել