Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան
12:52 - 13 հուլիսի, 2023

Երբ թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից․ Հակոբ Ասլանյան

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտքերի փոխանակության ժամանակ ասաց, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին եւ դրա հնարավորությունների ավելի մեծացմանը․

«Կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։ Դրա հիմնավորումը՝ օրինակ, ամբողջ հասարակությունը իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը եւ հանցագործ աշխարհը։ Իշխանությունները, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ պետք է այս հավասարակշռությունը վերականգնել։

«Երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու, եւ պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ մարդը մենակ գնում է, եւ, ենթադրենք, սոված շներ կարող են հարձակվել ու նրան ուտել, եւ նա զրկված է ինքնապաշտպանությունից։ Իսկ հետագա գործերը, էնտեղ ուրիշ գործեր էլ կան։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել»,- ասաց Հակոբ Ասլանյանը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց Ասլանյանի ելույթին, որում վերջինս ասել էր, որ ինքը կողմ է զենքի ազատ վաճառքին։

Գաբրիելյանը հստակեցրեց, որ քննարկվող օրենքում խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին․ «Խոսքը զենքի շրջանառության ոլորտում կարգավորումների մասին է, որոնք մեր քաղաքացիներին որոշակի առումով կարգավորված, պարզեցված, բայց կարեւորը՝ քննական կարգի միջոցով հնարավորություն կտան ունենալ ինքնապաշտպանական միջոցներ։ Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, բայց շատ կարեւոր է, որ ունեցողը կարողանա այդ միջոցից օգտվել, օգտագործել, տիրապետել, այդ թվում՝ իր անվտանգության կանոնների մասով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել