Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել |1lurer.am|
11:07 - 08 հուլիսի, 2023

Նիդերլանդների կառավարությունը հրաժարական է ներկայացրել |1lurer.am|

1lurer.am: Նիդերլանդների կառավարությունը՝ վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորությամբ, հրաժարական է ներկայացրել: Նա տեղեկացրել է, որ կառավարության հրաժարականի դիմումը թագավորին կհանձնի մոտ ժամանակներս։

Ռյուտեն հավելել է, որ Հոլանդիայի իշխող կոալիցիայի փլուզումը կապված է միգրացիոն քաղաքականության հարցում տարաձայնությունների հետ: «Սա ծայրահեղ հիասթափություն առաջացնող քաղաքական իրողություն է», - նշել է նախարարների կաբինետի ղեկավարը։

Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը, որի առաջնորդն է Ռյուտեն, փորձում էր կրճատել փախստականների հոսքը Նիդերլանդներ, մասնավորապես՝ պատերազմից փախած ապաստան հայցողների ընտանիքների անդամների դիմումների ընդունումը դադարեցնելու հնարավորությունը: Սակայն կոալիցիոն կառավարության մաս կազմող «Քրիստոնեական միություն» կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող համաձայնել ընտանիքի հետ վերամիավորվելու մարդկանց իրավունքների սահմանափակմանը:

Երկրի ընդդիմադիր որոշ կուսակցությունների առաջնորդներ կոչ են արել շուտափույթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նիդերլանդների ընտրական խորհրդից էլ հայտնել են, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի նոյեմբերի կեսերից ոչ շուտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել