Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա
 |tert.am|
14:52 - 06 հուլիսի, 2023

Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա |tert.am|

tert.am: Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։

«Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում:

«2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի սաբոտաժը, իսկ իրականում խմբի փլուզումը, այդ թվում՝ Փարիզի ջանքերով, անցած աշնանը բանաձևի ընդունումը, որը դատապարտում էր, ինչպես նրանք էին գրել, Ադրբեջանի ագրեսիան և պահանջում պատժամիջոցներ երկրի ու նրա պաշտոնյաների դեմ, Փարիզի կողմից կասկածելի մանդատով և առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին որոշումների նախաձեռնումը, այս ամենը տարածաշրջանային այս հակամարտությունում ֆրանսիական օրակարգի վառ օրինակներ են»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նշել է, որ այդ ցուցադրական քայլերը ուղղված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելուն և սեփական քաղաքական, նախընտրական նպատակների իրականացմանը:

«Դրանք ոչ միայն դրական արդյունք չեն ունեցել բանակցային գործընթացի վրա, այլև վարկաբեկել են Ֆրանսիայի՝ որպես միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում», - եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին ներկա է նաև պատգամավոր Սաբրինա Ակրեստի-Ռուպաշը, պատասխանելով իրեն ուղղված կոչին. «Պարոն նախագահ, մենք ակնկալում ենք ավելի հզոր նախաձեռնություն՝ գործնական և ոչ միայն բարոյական»,- Մակրոնն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։

Արձագանքելով նախագահի այս պատասխանին՝ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն ասել է․ «Պարո՛ն Նախագահ, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ՝ որպես մեր նախագահի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահի, և ակնկալում ենք, որ դուք գործնական աջակցություն ցույց կտաք արցախցի մեր հայրենակիցներին։ Գիտենք, որ մեր ընկեր Մուրատ Փափազյանը՝ ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, տարբեր առիթներով ձեզ հետ քննարկել է Արցախում տիրող տագնապալի և խորապես մտահոգիչ իրավիճակը, նույն պահանջով և նույն մակարդակով դիմում ենք Ձեզ։ Պետք է պարզ լինի նաև, որ մեզ համար անընդունելի է հայկական դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու ցանկացած խոսակցություն կամ մտադրություն»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել