RElection [#37] Միակուսակցական կառավարումը չարիք է մեր երկրի համար. Արմենուհի Կյուրեղյան
18:00 - 03 դեկտեմբերի, 2019

RElection [#37] Միակուսակցական կառավարումը չարիք է մեր երկրի համար. Արմենուհի Կյուրեղյան

RElection նախագծի շրջանակում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ զրուցել ենք Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ:

- Նախ մի փոքր խոսենք կուսակցությունների ձևավորումից։ Շատ դեպքերում կուսակցությունները ձևավորվում են առանց գաղափարախոսության և գաղափարական հենքի՝ հիմնվելով որևէ շահի վրա կամ ձևավորվում են մեկ անձի շուրջ: Ձեր կարծիքով՝ կա՞ն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ձերբազատվել այս ամենից:

- Այս, շատ ճիշտ սկսեցիք։ Կուսակցությունը կոչված է գործունեություն ծավալելու կոնկերտ գաղափարախոսության և արժեհամակարգի հենքի վրա, և ի նպաստ հասարակության կարծիքի վերհանման, հասարակության կարծիքի ձևավորման, և այդ կարծիքը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատելու համար: Կուսակցությունների վերաբերյալ մեր գործող օրենքը ունի մեխանիզմներ․ կարող է մարդկանց խումբը ձևավորել կուսակցություն, բայց հենց գաղափարախոսության արժեհամակարգի վրա հիմնված արժեհամակարգը պետք է այդ խմբի գործունեությունը դարձնի կուսակցական, որովհետև ի վերջո այն քաղաքական գործունեություն է:

Մենք այսօր գործող օրենքում ունենք պահանջ, որ այսօր կուսակցություն կարող է ձևավորվել կոնկրետ 200 հոգի հիմնադրի առկայության դեպքում և, առնվազն, 2000 անդամի առկայության դեպքում, ինչպես նաև տարածքային ներկայացվածության դեպքում։ Օրինակ՝ Երևանում կամ մեկ քառորդ մարզերում կամ Երևանում և մեկ քառորդ մարզերում, շրջանների մեկ երրորդում և մարզերի մեկ երրորդում:

Սա ինքնանպատակ չէ, որովհետև, ինչպես արդեն նշեցի,  կուսակցական գործունեությունը կոչված է հասարակության կարծիք ձևավորելու, վերհանելու, կյանքի կոչելու համար: Եթե կուսակցությունը չունի այդ տարածքային ներկայացվածությունը, ապա հազիվ թե նրա ձևավորած կարծիքը լինի հասարակության կարծիք:

Ցավոք սրտի, այսօր 100 հոգի, 1100 հոգի կանգնում են և ասում՝ ժողովրդի կարծիք, այս ամենը թույլ է տալիս ասելու, որ իսկապես տարածքային ընդգրկվածությունը, անդամակազմի որոշակի թիվը պարտադիր պահանջ է:

Սակայն այսօր այդ թվային սահմանափակումները փոխվել են․ 2000 անդամի պահանջը իջեցվել է մինչև 800, 200 հիմնադիրի պահանջը իջեցվել է մինչև 100, փորձ է արվում տարածքային ներկայացվածության պահանջը հանել:

Ըստ էության, միգուցե առաջարկողները ճիշտ են, բայց այդ դեպքում խնդիր է ունենալու հենց ինքը՝ կուսակցությունը, որ այդ պայմաններում է առաջադրվել, այդ պայմաններում է գրանցվելու, որովհետև 100 հիմնադիրներով, 800 անդամակազմով կուսակցությունը, որը ներկայացաված չի լինելու մարզերում, մայրաքաղաքի ամբողջ տարածքում, ինքը խնդիրներ է ունենալու ցանկացած ընտրական գործընթացում, և, ի վերջո, հենց միայն վստահված անձանց պահանջը կուսկացությունների առաջ խնդիր է դնելու և մենք բազմիցս ենք հանդիպել նման դեպքերի, երբ ընտրական գործընթացում ընտրական հանձնաժողովները ձևավորվում են և այն կուսակցությունները, որոնք ներկայացվածություն չունեն, իրենք չեն կարողանում այդ տեղերում ապահովել ոչ միայն վստահված անձանց, այլ նույնիսկ հանձնաժողովի կազմում օրենքով տրված իրենց անդամի տեղերը:

Ինձ թվում է՝  պետք է քննարկել և լավագույնս սահմանները որոշել, որպեսզի կուսակցությունների գրանցումը ինքնանպատակ չլինի և չխոսենք բազմակարծության ապահովման մասին և դրանով ավելի կարևոր խնդիր՝ հասարակության կարծիքի ձևավորումը, կյանքի կոչումը չտանենք պատնեշի, որը լուծելն ավելի դժվար կլինի:

- Մեկ ամիս  է ինչ Ազգային ժողովում մեկնարկել են փոփոխությունների մասին քննարկումները։ Կա կարծիք, ըստ որի այս պռոցեսը ուշ է սկսվել: Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը: Եվ նաև կուզեի ներկայացնեք Ձեր տեսլականը, թե ինչպե՞ս եք պատկերացնում այս գործընթացները և արդյո՞ք համամիտ եք հնչեցված առաջարկությունների հետ:

-Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին չէ, որ այսօր խոսվում է։

Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովը մշակել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Մենք, մեր կուսակցությունը, բավականին լուրջ փոփոխությունների առաջարկներով էինք հանդես եկել, այդ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում: Կոնկրետ ես, կուզեի մի քանի լուրջ փոփոխությունների մասին խոսել, որոնք այսօր արդեն ապացուցվում է, որ անհրաժեշտություն են:

Առաջին կարևոր առաջարկը․ մենք առաջարկում էինք կուսակցությունների մանդատների շեմը իջեցնել։ Այսօր գործող օրենքով յուրաքանչյուր կուսակցություն կարող է ունենալ մինչև 70 տոկոս մանդատ և ներքին, անցողիկ շեմը գործող 5 տոկոսը առաջարկվում էր իջեցնել 1 տոկոս։ Այդ տոկոսը իջեցնելը ճիշտ է, որովհետև այն կապահովի բազմակուսակցական համակարգի ձևավորումը Հայաստանում, գաղափարախոսական բազմակարծության կայացումը Հայաստանում: Բայց պակաս կարևոր չէ նաև վերին շեմի իջեցումը, որովհետև մեր գործող Սահմանադրությամբ, սահմանադրական օրենքների փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու երրորդ և եթե որևէ կուսակցություն իրավունք է ստանում ունենալ այդ երկու երրորդ մանդատը, ստացվում է, որ մենք ոչ մի կուսակցական բազմազանության մասին խոսել չենք կարող:Միակուսակցական կառավարումը չարիք է մեր երկրի համար;

Եթե մեկ կուսակցությունը տարել է երկու երրորդ, իսկ մյուս տոկոս մանդատները այլ կուսակցությունների միջև են բաշխվել, եթե անգամ այդ տոկոսը դարձվի մեկ տոկոս և բաշխվի երեսուն կուսակցությունների միջև,ապա՝  իմա՞ստը, օգո՞ւտը:

Ի՞նչ բազմակարծության, բազմակուսակցական համակարգի մասին կարող է լինել խոսքը, եթե այդ 70 տոկոսը կարող է ամեն ինչ որոշել և դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք:

Ես, երբ պատգամավոր էի, բազմիցս ասել եմ, որ այդ մեկ երրորդը գոնե պետք է իջեցնել և դարձնել երրեք հինգերորդ, որովհետև մենք ունենալու ենք միակուսակցական որոշումների համակարգ, ինչն այսօր մեր երկրի զարգացման համար դժվար լուծելի և շատ մեծ խոչընդոտ է:

Այսօր երկու կուսակցություն են հավաքել այդ տոկոսը, բայց միևնույն է երկուս, թե երեսուն, մեկ է օգուտ չի լինելու, եթե նրանք ընդամենը ամբիոնին մոտենալու և խոսելու իրավունք են ստանում և որոշումների կայացման վրա նրանք որևէ ազդեցություն չեն կարողանում ունենալ: Դրա համար այս փոփոխություններում մեր առաջին առաջարկը այն էր, որ այդ երկու երրորդը դարձվի առնվազն երեք հինգերորդ:

Մյուս կարևոր պահանջը, որը մենք ներկայացրել էինք, ընտրական համակարգը տանելն էր դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի։ Սա մեր կուսակցության պահանջն է եղել, ի սկզբանե: Միայն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն է, որը կարող է բազմակուսակցականություն ու բազմակարծություն ապահովել, բայց մենք նաև կողմնակից էինք բաց ցուցակներով ընտրական համակարգին: Ինչու՞ , որովհետև, եթե խոսում ենք ժողովրդավարության մասին, ուրեմն պետք է ընտրողին տանք հնարավորություն ինքնուրույն ազդելու այն ցուցակի կազմման վրա, որի կուսակցությանը ինքը նախապատվություն է տվել:

Ձայնը տալ կուսակցությանը, բայց կոնկրետ , թե որ անձն է անցնելու, այդ որոշման իրավունքը թողնել կուսակցական ղեկավար մարմնին, այս հարցը գուցե նույնպես վիճելի է։ Բայց մենք կողմ ենք, իհարկե, բաց համամասնականին, և մեր այդ առաջարկը չընդունվեց, ոչ թե գաղափարը չընդունվեց, այլ մերժումը հիմնավորվեց նրանով, որ դրա համար պահանջվում են որոշակի տեխնիկական միջոցներ, որը այդ պահին մենք չունեինք:

Այո՛, գուցե չունենք, բայց պետք է սկսենք այդ ուղղությմբ աշխատել:

Մի կարևոր առաջարկ ևս, որը մենք արել ենք, հնարավոր ընտրախախտումները կանխելու մեխանիզմների մեր առաջարկն էր: Ինչու՞մ էր կայանում այն․ մենք առաջարկում էինք յուրաքանչյուր ընտրությունից հետո ընտրանքային սկզբունքով յուրքանչյուր տարածքային ընտրատեղամասում ընտրել երեք-չորս տեղամաս և պատահականության սկզբունքով բացվելու էին այդ ընտրաթերթիկների պարկերը։ Եթե այդ ընտրատեղամասերում հայտնաբերվեին ընտրախախտումներ և այդ ընտրախախտումները  ծնեին ողջամիտ կասկած, որ ընտրությունների մեջ մի բան այն չէ, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է պարտադրվեր բացել արդեն տասնհինգ-քսան ընտրատեղամասեր: Եթե այդ ողջամիտ կասկածը հաստատվում էր, այդ դեպքում ԿԸՀ-ն իրավունք էր ստանում որոշակի եզրահանգումներ կազմել կա՛մ այդ ընտրատարածքի, կա՛մ ընտրությունների վերաբերյալ:

Իհարկե, այս առաջարկը նույնպես չանցավ։ Այն ժամանակ աշխատանքային խումբը աշխատում էր օգոստոս- սեպտեմբեր ամիսներին, հիմնավորելով, որ այն ընդունելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ , բայց այդ երկար ժամանակը վաղուց անցել է և, միգուցե, պետք էր մտածել այդ առաջարկությունների մասին:

Առայժմ չգիտենք, թե ինչ արձագանքներ կստանան այդ առաջարկները, բայց Ընտրական օրենսգրքի փոփոխություն պետք է և պետք է ի շահ բազմակարծության, բազմակուսակցական համակարգի ձևավորման, որը, ցավոք սրտի, չեմ տեսնում:

Դեռ ավելին․ եթե նախորդ գումարման Ազգային ժողովում ունեինք այդ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայները հավաքելու առումով գոնե երեք կուսակցության ձայներ, այսօր այն իրականացվում է մեկ կուսակցության կողմից: Դրա համար ունենք այն ինչ ունենք, դրա համար ամեն օր լսում ենք հետևյալ արտահայտությունը՝ ժողովուրդը մեզ ձայն է տվել, մենք 70 տոկոս ենք հավաքել և կարող ենք անել այն, ինչ ուզում ենք և այդպես էլ անում են:

Ցավոք սրտի, մենք այսօր խնդիրներ ունենք նման մտածողության հետ կապված և այն արդեն ոչ միայն մտածողություն է, այլ իրենց համար գործելաձև ու գործելաոճ է: Այդ գործելաոճով մեր երկիրը ու՞ր է գնալու։ Ինձ թվում է՝ վտանգավոր ուղու վրա ենք մենք։ Մտածելու տեղիք է տալիս:

Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների ընթացքում պետք է նորից հաշվի առնվեն այս առաջարկությունները:

Այո՛, ճիշտ է, որ պետք է իջեցվի կուսակցությունների համար անցողիկ շեմը, պետք է քննարկվի, թե ինչքան պետք է իջեցնել: Պետք չէ գործող 5 տոկոսը, օրինակ, իջեցնել 0,5 տոկոսի և կանգնել փաստի առաջ։ Պետք է ողջամիտ սահման լինի:

Այո՛, պետք է ապահովել որոշակի մեխանիզմներ, որոնք, ըստ էության, կան փոփոխությունների նախագծի մեջ՝ ազգային փոքրամասնությունների , կանանց ներգրավվածության,հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության համար, այսինքն՝ ներառականության ապահովման համար: Այս ներառականության պահանջը կա, այս խնդիրը նույնպես վիճահարույց է։ Կոնկրետ մեր կուսակցությունում մենք նման խնդիր չունենք, որովհետև այն կարգավորվում է կուսակցության ներքին կանոնակարգով։ Յուրաքանչյուր ղեկավար մարմին, վերևից մինչև ներքև, պետք է ապահովի կանանց ներգրավվածությունը, այնքանով որքանով կանայք ներգրավված են, բայց այն դարձնել օրենսդրական պահանջ՝ իսկապես վիճահարույց է։

Իսկ ի՞նչ անեն այն կուսակցությունները, որոնց կազմում կանայք չեն ցանկանում ներգրավվել, կարո՞ղ են չէ լինել նման կուսակցություններ: Ի՞նչ անեն այն կուսակցությունները, որոնց կազմում չեն ուզում լինել հաշմանդամություն ունեցող մարդիկ, ազգային փոքրամասնությունները: Այդ մեխանիզմները պետք է շատ նուրբ ձևով մշակվեն, որպեսզի խոցելի չդարձնեն կուսակցություններին:

Միգուցե պետք է խրախուսել այն կուսակցություններին, որոնք իրենց մեջ կարող են ներգրավվել այդ ներառականությունը, ապահովել այդ քվոտաները, ունեն մեխանիզմերն այդ ներառականությունն ապահովելու համար:

Հաջորդ կարևոր հանգամանքը՝ կուսակցությունների ֆինանսավորման հարցն է, որը լուրջ մտածելու տեղիք տվող հարց է, որովհետև որոշակի առաջարկների մեջ կան նման կարծիքներ, որ պետք է կուսակցությունները հնարավորություն չունենան ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, պետք է չունենան տարածքները վարձակալության տալու հնարավորություն, պետք է սահմանափակել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից նվիարտվությունների վերին սահմանը և այլն։ Սրանք, միգուցե, արտաքինից շատ լավ առաջարկներ են թվում, բայց ինչ է ստացվելու․կուսակցությունները, որոնք իրենց գործունեության համար ֆինանսավորում են պահանջում կա՛մ  պետք է կամաց-կամաց հետ քաշվեն իրենց քաղաքական գործունեութունից, կա՛մ պետք է անցնեն ստվերային գործունեության, որը նույնպես վտանգավոր է:

Փոխանակ ավելի խստացնել վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի գործունեությունը և պահանջը, որ այն այնպիսի վերահսկիչ-վերստուգիչ գործունեություն իրականացնի, որպեսզի կուսակցությունները շատ բաց, շատ թափանցիկ ներկայացնեն իրենց ֆինանսավորումների հաշվետվությունները, մենք ուրիշ տեսանկյունից ենք փորձում մոտենալ, իսկ այդ տեսանկյունը խնդրահարույց է: 

Մի կարևոր առաջարկություն էլ կուզեի նշել։ Մենք առաջարկել էինք, որ այդ բարեգործական գործունեությունը, որը հետագայում ընտրակաշառքի մեխանիզմ էր դառնում,  ընտրություններից առնվազն վեց ամիս առաջ իրավունք չունենան նման գործունեություն ծավալելու: Այն բարեգործական կազմակերպությունը, որի նույն անվան տակ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, երբ այդ նույնանուն բարեգործական կազմակերպությունը սկսում է ֆինանսներ բաժանել բարեգործության անվան տակ, եթե դա կաշառք չէ, ապա ի՞նչ է:

Մենք խնդիրը լուծելու փոխարեն գլխատում ենք, չկա մարդ՝ չկա պրոբլեմ։ Չէ՛, պետք է մեխանիզմներ գտնել խնդիրը լուծելու, պետք է առաջարկներ ունենալ: Ինձ թվում է, որ մասնավորապես «Կուսակցությունների մասին» օրենքը դեռ շատ քննարկումների տեղ ունի, նաև հանրային քննարկումների, մասնագիտական առաջարկությունների:

Պետք է հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները։ Ես ամբողջությամբ ծանոթ եմ այդ կազմակերպությունների առաջարկություններին, և նրանցից ոչ մեկն իմ նշածներին դեմ չէր:

- Ըստ մեր նախագծի ձևաչափի յուրաքանչյուր զրուցակից հնարավորություն ունի հարց ուղղել հաջորդ բանախոսին։ Մեր նախորդ զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն էր, ում հարցը հետևյալն է՝

«Հանրության հետ ի՞նչ աշխատանք է հարկավոր, որ լիարժեք արժևորվի կուսակցությունների դերը, և այն համբավը, որն ունեն կուսակցությունները, կարողանանք հաղթահարել»:

-Ես չգիտեմ մեր բանախոսը իրենց կուսակցության վերաբերյալ հանրության մեջ բացասական համբավի խնդիրները լուծելու վերաբերյալ է հարցը ուղղում, թե ոչ, այո՛, այն կուսակցության խնդիրն է, օրենքով չենք կարող կարգավորել: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր առջև խնդիր դնի, հանդիպի հանրությանը, տարբեր խավերի հետ, վեր հանի այդ մարդկանց խնդիրները, այդ խնդիրները լուծելու վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնի՝ հիմքում ունենալով իրենց գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, որի հիման վրա իրենք քաղաքկան գործունեություն են ծավալում:

Ի վերջո, կուսակցությունը կոչված է հասարակության կարծիքի ձևավորման, վերհանման և իրանցնելու նպատակով: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է որոշի, թե ինչպես ներգրավվի հասարակության լայն շրջաններում, այն յուրաքանչյուր կուսակցության խնդիրն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ունենք բնակավայրերում խմբեր և մեզ համար ամենակարևորը հենց այդ խմբերն են: Խումբն է, որ հնարավորություն է տալիս մեր կուսակցության անդամները հանդիպեն այդ շրջանի բնակիչների հետ և այդ խնդիրները վեր հանեն, դարձնեն մինչև անգամ օրենսդրական նախագիծ:

Արմենուհի Կուրեղյանի հարցը՝ հաջորդ բանախոսին․

«Արդյո՞ք գտնում եք, որ մենք մի իրավիճակում ենք, երբ մեր երկրում առկա է միակուսակցական կառավարում և արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում մեխանիզմներ ներառել այս փոփոխությունների նախագծերում, որոնցով կբացառվի միակուսակցական իշխանության հնարավորությունը Հայաստանում և իսկապես կապահովվի բազմակուսակցական համակարգը և գաղափարախոսական բազմակարծության ձևավորումը Հայաստանում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել