Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|
09:08 - 28 հունիսի, 2023

Թուրքական լրատվամիջոցները հրաժարվել են աշխատել Reuters-ի հետ. հավանական պատճառը Էրդողանի որդու մասին հոդվածն է |tert.am|

tert.am: Թուրքական Albayrak և TürkMedya մեդիահոլդինգները երեքշաբթի հայտարարել են, որ խզել են իրենց պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի դեմ «անհիմն մեղադրանքներով» հոդվածից հետո։

«Մեր պայմանագիրը Reuters գործակալության հետ խզվել է»,- երեքշաբթի՝ հունիսի 27-ին, Twitter-ի իր էջում հայտնել է TürkMedya-ն։ Նմանատիպ հայտարարություն է տեղադրվել Albayrak Medya-ի Twitter-ի էջում։

Մեդիահոլդինգներն իրենց հայտարարություններում չեն պարզաբանել լրատվական գործակալության հետ աշխատելուց հրաժարվելու պատճառը, սակայն թուրքական շատ լրատվամիջոցներ նշել են, որ պատճառն Էրդողանի որդու մասին հիշատակված նյութն է։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ասել է, որ Reuters-ն «ինքն իրեն նվաստացրել է» այդ հոդվածով։

Reuters-ի հոդվածը հրապարակվել է հունիսի 26-ին։ Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ի և Շվեդիայի հակակոռուպցիոն մարմինները քննում են բողոք, որի համաձայն՝ ամերիկյան Dignita ընկերության շվեդական դուստր ձեռնարկությունը խոստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել, եթե Թուրքիայի ղեկավարի որդին լոբբինգ անի իր շահերի համար երկրի շուկայում։ Բիլալ Էրդողանը հերքել է այս մեղադրանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել