Եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով
 |tert.am|
17:10 - 26 հունիսի, 2023

Եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լավրովը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ՝ հունիսի 24-ի առավոտյան, առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության փորձի ֆոնին:

«Լուկաշենկոն շաբաթ առավոտյան նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է փորձել օգնել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ խուսափելու մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա։ Պուտինն աջակցել է այս առաջարկին։ Իսկ արդյունքը գիտեք»,- ասել է Լավրովը։

Ստորև ներկայացնում ենք Լավրովի մյուս կարևոր հայտարարությունները՝

◾️Անհաջող ապստամբությունը դժվարություններ չի ստեղծի ընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում:

◾️Ռուսական հատուկ ծառայություններն արդեն հետաքննում են, թե արդյոք հունիսի 24-ին ստեղծված իրավիճակում ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները:

◾️Մակրոնը ապստամբության հետ կապված իրավիճակում ակնհայտ հնարավորություն տեսավ  Ռուսաստանի ռազմավարական պարտության սպառնալիքն իրագործելու համար:

◾️Գործընկերներից շատերը հունիսի 24-ի իրադարձությունների ֆոնին համերաշխություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ոմանք խնդրել են այդ զանգերի մասին հրապարակավ չխոսել:

◾️ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

◾️ԱՄՆ դեսպանը ապստամբության հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է:

◾️ԱՄՆ դեսպանը ազդանշաններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որ Վաշինգտոնը կապ չունի ապստամբության հետ և հույս ունի, որ միջուկային զենքն անվտանգ է պահվում:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել