«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին
 |aravot.am|
14:21 - 26 հունիսի, 2023

«Ի՞նչն է խանգարում, որ այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ»․ ՔՊ-ականները՝ Արծվիկ Մինասյանին |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հնչեցրել էր հարցը, որ համայնքապետերն ու վարչական շրջանների ղեկավարները «Հայաքվե»-ի ստորագրահավաքի համար տարածքներ չեն հատկացնում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց Արծվիկ Մինասյանին․ «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչն է խանգարում, այդ նախագիծը դուք դնեք շրջանառության մեջ, էլ ինչո՞ւ եք ըտենց պտտում, 50 հազար, հետո 300 հազար ստորագրություն։

«Հայաքվեն» ձեզ չի վստահում, թե՞ դուք «Հայաքվեին» չեք վստահում։ Այսօր դուք՝ որպես Արծվիկ Մինասյան, կարող եք այդ նախագիծը 5 րոպեում դնել շրջանառության մեջ։ Եթե դա լավ բան է, բերեք դրեք շրջանառության մեջ։ Այստեղ խնդիր եմ տեսնում՝ կամ դուք իրենց չեք վստահում, կամ իրենք ձեզ։ Դուք առնվազն 4 անգամ ավելի ձայն եք ստացել, քան այդ 50 հազար ստորագրությունը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելեց․ «Բայց իրոք, պարոն Մինասյան, էդ մարդիկ ինչու են չարչարվում։ Դրեք շրջանառության մեջ, այդքան մարդիկ կազատվեն չարչարանքից»։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասաց․ «Ես տեղյակ չէի ու փորձեցի գուգլի որոնողական կայքի միջոցով հասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այնքան չնչին էր դրա լուսաբանումը, որ կարեւորությունը, որ միգուցե ձեզ համար ինչ-որ կարեւոր պրոցես էր, բայց ոնց հասկացա՝ 66 քաղաքացի է ստորագրել այդ թուղթը։ Եվ ինձ համար տարօրինակ է, թե ինչու ձեր միջոցով, այսինքն՝ քաղաքական կուսակցության միջոցով առաջ չի տարվում որեւէ օրենսդրական նախաձեռնություն, որը կկարողանանք քննարկել եւ առարկայական հասկանալ, թե ինչի մասին է խնդիրը»։ 

Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ինձ հակադարձում եք, ասում եք՝ ի՞նչն է խանգարում, որ դուք ներկայացնեք։ Այդ նույն տրամաբանությամբ ցանկացած նախաձեռնություն, որը կառավարությունն է ներկայացնում, այդ նույն հակադարձումը պետք է ձեզ անե՞նք։ Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ դուք չեք ներկայացնում։ Միգուցե քաղաքացիները նախաձեռնել են, որպեսզի կարողանան ավելի համընդհանուր, ավելի հանրային քննարկմա՞ն հրավիրել։ Ավելի ճիշտ չէ՞ մտածել ինչպես հաղթահարել այս խոչընդոտները, այլ ոչ թե փորձել մութ սենյակում սեւ գույնի կատու փնտրել, մանավանդ որ սեւ կատու չկա այնտեղ»։

Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց Արծվիկ Մինասյանին․ «Ո՞ւր են ձեր Սյունիքի համայնքապետերը, տեղ տվե՞լ են ստորագրահավաքի համար, թող իրենք տեղ տան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել