Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով
 |armtimes.com|
11:01 - 26 հունիսի, 2023

Գուտերեշը մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է անում խուսափել հետագա լարվածությունից։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձություններին: Նա տեղյակ է դեէսկալացիայի քայլերի վերաբերյալ վերջին զեկույցներին: Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր ներգրավվածներին շարունակել պատասխանատվությամբ գործել և  խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են առաջացնել լարվածություն»,- ասել է Հակը։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել