Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ
 |1lurer.am|
12:36 - 16 հունիսի, 2023

Երևանում չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և բաշխիչ կայաններ. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Երևանում խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, երբ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են, և եղած ցանցը բավարար չէ, անհրաժեշտություն է առաջացել մայրաքաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու: Այս նպատակով ՏԿԵՆ-ը մշակել է նախագիծ, որը նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին:

Ըստ նախարարի՝ նոր կառուցվող շենքերին զուգահեռ ավելանում է նաև նոր բաժանորդների թիվը:

«Այս խնդրի կարգավորումը ոչ միայն կբերի նրան, որ այդ բաժանորդները կկարողանան համապատասխան սպասարկման ծառայություններ ունենալ, գազամատակարարում ունենալ, այլև Երևանում, կարծում ենք, էապես կփոխվի բոլորի համար գազի որակը, որովհետև ցանցն այժմ ծանրաբեռնված է, և դա ոչ միայն բերում է նրան, որ նոր բաժանորդներ չեն կարողանում միանալ, այլև որակական որոշակի ճնշումների և այլնի հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Սանոսյանը:

Ըստ Գնել Սանոսյանի՝ ստեղծված իրավիճակում հիմա հաճախ Երևանում կառուցապատողները բավականին մեծ հեռավորությունից են միացնում գազամատակարարումը կառուցված նոր շենքերին, որը լրացուցիչ ծախս և ենթակառուցվածքային խնդիրներ է առաջացնում:

«Առաջարկվող նախագծով հիմնականում քաղաքաշինական, տեխնիկական որոշակի լուծումներ են գտել գործընկերները, և չորս ուղղությամբ կկառուցվեն գազատարներ և համապատասխան բաշխիչ կայաններ: Դրանք կիրականացվեն փուլերով. առաջին փուլում կիրականացվի Երևանի հյուսիսարևելյան ուղղությամբ, երկրորդ փուլում՝ հարավարևմտյան ուղղությամբ, երրորդ փուլում՝ հարավային ուղղությամբ, չորրորդ փուլում՝ արևելյան ուղղությամբ: Ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին»,- ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ընդհանուր առմամբ 490 նոր բաժանորդների հայտեր կան բազմաբնակարան շենքերից, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել:

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սա ներդրումային միջավայրի բարելավման առումով չափազանց կարևոր հարց է:

«Բախվում ենք իրավիճակների, երբ բազմաբնակարան շենքերը կառուցված են, պատրաստ են շահագործման, բայց, ըստ էության, չի ստացվում շահագործման հանձնել, որովհետև ենթակառուցվածքային պրոբլեմներ ունեն, այսինքն՝ բնական գազի, երբեմն լինում է նաև՝ էլեկտրաէներգիայի, երբեմն լինում է՝ խմելու ջրի հետ կապված»,- ընդգծեց Փաշինյանը, ապա հավելեց, որ կարևոր է, որպեսզի խողովակները տրամաբանական հեռավորության վրա լինեն նոր ստեղծվող ենթակառուցվածքներին:

Փաշինյանը նաև նկատեց, որ այս խնդիրն առաջիկայում կարող է առաջանալ նաև մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել