Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան
 |armenpress.am|
15:44 - 15 հունիսի, 2023

Արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է 2026թ-ի համար նախանշված թիրախը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի արդյունքում արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 62.6 տոկոս՝ հատելով այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար:

Այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

Քերոբյանը նախ պատմական ակնարկ արեց՝ ներկայացնելով, որ 2000 թ. Հայաստանի արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 29.4 տոկոս, ներմուծումը՝ 46.6 տոկոս: 2007թ. արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կրկնակի ընկել է՝ կազմելով 15.5 տոկոս, իսկ ներմուծումը մնացել է մոտավորապես նույնը՝ 43 տոկոս: «Եվ մեր առևտրային դեֆիցիտը մոտավորապես 30 տոկոս է կազմել ՀՆԱ-ի նկատմամբ: Այսինքն՝ արտահանման և ներմուծումների նկատմամբ սարսափել մեծ ճեղք ենք ունեցել»,-ասաց Քերոբյանը:

2022թ.-ն ամփոփվել է պատմական ռեկորդով: Ըստ նախարարի՝ այդպիսի թիվ երբեք չի եղել Հայաստանի պատմության մեջ: 48.3 տոկոս կազմել է արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ՝ այն դեպքում, երբ ներմուծումը կազմել է 51.3 տոկոս:

«Այսինքն՝ մեր առևտրային ճեղքը պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվել 2022թ: 2023թ առաջին եռամսյակի արդյունքում մեր արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը հատել է այն թիրախը, որը կառավարությունը դրել է 2026թ համար և կազմել է 62.6 տոկոս: Ընդ որում՝ ներմուծման թիվը կազմել է 64.2 տոկոս: Սա մեր կարծիքով՝ հրաշալի արդյունք է: Այսինքն՝ մեր արտաքին առևտրային սալդոն բացասական է ՀՆԱ-ի ընդամենը 1.6 տոկոսի չափով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսի թիվ Հայաստանի տնտեսության մեջ երբևիցե չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել