ԿԲ-ն 2023 թվականին 6.9 տոկոս տնտեսական աճ է ակնկալում Հայաստանում
 |armenpress.am|
17:48 - 13 հունիսի, 2023

ԿԲ-ն 2023 թվականին 6.9 տոկոս տնտեսական աճ է ակնկալում Հայաստանում |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում։ Գնաճը տարվա ընթացքում կկայունանա 4 տոկոսի սահմաններում։  

Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի:

«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,- ավելացրեց ԿԲ նախագահը:

Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ-ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են:

«2023-ի երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էակն թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում: Հայաստանի Կենտրոնական բանկը  համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,- վստահեցրեց Գալստյանը։ 

Նրա խոսքով` տնտեսական աճը 2023-ին կկազմի 6.9 տոկոս: Շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված՝ աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացել է:

Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի խոսքով՝ դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել