Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան
 |armenpress.am|
11:40 - 13 հունիսի, 2023

Ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից․ Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Հայաստանում գյուղատնտեսական բերքի ապահովագրության շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բազմաթիվ գյուղեր կարկուտի պատճառով վնասներ են կրել և գյուղացիները զրկվել են իրենց ապրուստի միջոցից, մնացել են մենակ։ Դանիելյանը հետաքրքրվեց՝ վնասների գնահատում կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Վահան Քերոբյանը ասաց, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։ «Այսքանով համարում ենք, որ մեր ֆունկցիան կատարել ենք։ Այսինքն՝ չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար Էկոնոմիկայի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են, որ պետք է ավանդական մեթոդներով վարեն իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրեն իրենց բերքը, դա իրենց ռիսկն է և այստեղ որևիցե լրացուցիչ գործառույթ մեր կողմից չենք տեսնում»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։

«Մենք ամեն տարի ավելացնում ենք նոր բերքի տեսակներ։ Այդ առումով կարող եմ ասել, որ այսօր մեր ապահովագրական փաթեթը զգալիորեն պաշտպանում է գյուղացիներին եղանակային ռիսկերից»,-եզրափակեց Քերոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել