Դավիթ Գրիգորյանի գործով բողոքի քննությունը մակագրվել է Կարեն Ֆարխոյանին |pastinfo.am|
11:56 - 28 նոյեմբերի, 2019

Դավիթ Գրիգորյանի գործով բողոքի քննությունը մակագրվել է Կարեն Ֆարխոյանին |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը օրենքի խախտման խուզարկելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը մակագրվել է Կենտրոն նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Հոկտեմբերի 17-ին, Դավիթ Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Մաթևոսյանին։ Դատական նիստի ժամանակ Դավիթ Գրիգորյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանն նկատել էր՝ տարօրինակ է ինչու է արհեստական բանականություն ունեցող համակարգիչը բողոքը մակագրել նույն դատավորին, ով տվել էր խուզարկության թույլտվությունը.

«Դուք, Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլատրություն տալով, օրինական եք համարել քննիչի կողմից մինչ այդ իրականացված գործողությունները։ Խուզարկություն կատարելու որոշման պահին Գրիգորյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում, և նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում առանց ԲԴԽ համաձայնության, ինչի պայմաններում Դուք բավարարել եք նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու միջնորդությունը»,-ասել էր Երվանդ Վարոսյանը։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել