Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը գիշերը տեղափոխվել էր հիվանդանոց
10:01 - 18 մայիսի, 2023

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը գիշերը տեղափոխվել էր հիվանդանոց

Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին Շտապ օգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Այս մասին գիշերը հայտնել է տիկին Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Արդեն առավոտյան Մելիքյանը գրել է․

«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։

Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է»։

Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «հայտնի» տեսագրության մեջ մեքենայում այդ պահին եղել է միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր)․ «Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, armtimes.com-ը գրեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալկ առևանգման փորձի մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ոստիկանությունից հաստատեցին, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը պատմել է, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ․ «Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել»։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ հաղորդագրությունում մանրամասներ կան ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ, որոնք չեն համընկնում ծնողների պատմածների հետ։

Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա։ Նրանք չեն ընդունում իրենց մեղավորությունը։ 

Գլխավոր լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել