Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|
17:53 - 05 մայիսի, 2023

Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են տարածել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի արդյունքներով: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքում տարածված հայտարարության տեքստը:

Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու միջոցները, տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ, շարունակել համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի գործում:

Երկու երկրների ղեկավարները նաև դատապարտել են «սիոնիստական վարչակարգի ագրեսիան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ»՝ դա համարելով տարածքաշրջանում ապակայունացնող գործոն: Կողմերը նաև դատապարտել են ռազմական ուժերի ցանկացած անօրինական ներկայություն Սիրիայի տարածքում:

Էբրահիմ Ռայիսին իր հերթին Բաշար ալ Ասադին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Իրան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել