Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է
 |armenpress.am|
13:15 - 27 ապրիլի, 2023

Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության անբաժանելի մաս: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։

«Տարածաշրջանում վերջին շաբաթներին նոր զարգացումներ են տեղի ունեցել, և մենք կարծում ենք, որ դրանց արդյունքները լավ կանդրադառնան տարածաշրջանի և իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի վրա»,- Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen պարբերականը:

Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի և Բեյրութի միջև երկկողմ հարաբերությունները և նշել, որ Լիբանանում իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ունի:

«Մենք ունենք որոշ գաղափարներ և նախաձեռնություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած կառուցողական փոփոխությունները: Լիբանանի անվտանգությունն ու բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին, ուստի մենք աջակցում ենք լիբանանցի քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը», - նշել է նա:

Աբդոլլահիանը հավաստել է, որ Իրանը «հաստատակամորեն կանգնած է Լիբանանի եղբայրական ժողովրդի, նրա ղեկավարության, բանակի և դիմադրության ուժերի կողքին»։

«Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում բանակցությունների օգտին և պատերազմները լուծում չի համարում», - հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է բանակցություններ վարել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Նաջիբ Միքաթիի և արտգործնախարար Աբդուլլա Բու Հաբիբի հետ։

Աբդոլլահիանը Լիբանան էր այցելել նաև հունվարի 12-14-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել