Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան |tert.am|
07:07 - 24 հունիսի, 2019

Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից․ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյան |tert.am|

tert.am։ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։

Պատճառն այն էր, որ քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց, որ ունեն ընթացակարգային մի շարք խնդիրներ։ Ըստ նրա՝ երկրորդ ընթերցմանն ընդառաջ խմբակցություններն իրենց առաջարկները ներկայացրել են հանձնաժողովի նիստից ժամեր առաջ և հեղինակը ժամեր առաջ է ծանոթացել դրանց հետ։

Նա ասաց, որ նախագծում տեղ են գտել առաջարկություններ, որոնք չեն քննարկվել հանձնաժողովում, որից հետո Կառավարության ներկայացուցիչը ասել է, որ որոշ խնդրահարույց հարցեր տեխնիկապես առաջ են քաշել, բայց կայքում նախագիծն այն տարբերակով է, ինչ առաջ էր։

«Կա անփույթ աշխատանք թե՛ հանձնաժողովի, թե՛ կառավարության կողմից և իրավական փորձաքննության արդյունքները ևս չեն քննարկվել»,-ասաց Կարապետյանը և առաջարկեց դեմ քվեարկել։

Վարման կարգով խոսեց նաև նույն խմբակցության պատգմավոր Թագուհի Թովմասյանը, ով նշեց, որ ինքը՝ որպես հարակից զեկուցող, կիսում է կարծիքը, որ անփութություն կա, բայց քննարկել է հեղինակի հետ և պայմանավորվել են, որ այդ փոփոխություններն արվեն, ուստի ինքը կողմ կքվեարկի։

Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց 24, դեմ 65 և ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Նախագիծը չընդունվեց։

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել