Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|
14:36 - 18 ապրիլի, 2023

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունների հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները, 

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնելու կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրելու «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ՝ Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։

Հավելենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Բրազիլիայի նախգահին մեղադրել է «ռուսական և չինական քարոզչությունը կրկնելու համար»։

Ավելի վաղ ուկրաինական ճգնաժամի կարգավորման 12 կետանոց ծրագիր էր ներկայացրել Չինաստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել