Քաղաքացին պնդում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել իրեն. ըստ պատգամավորի՝ իր էջը կոտրել են
 |azatutyun.am|
17:13 - 17 ապրիլի, 2023

Քաղաքացին պնդում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել իրեն. ըստ պատգամավորի՝ իր էջը կոտրել են |azatutyun.am|

azatutyun.am: Տաթև Վիրաբյանը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին՝ խնդրելով քննարկել իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի համացանցում դրսևորած վարքագիծը։ Երիտասարդ կինը պնդում է, որ պատգամավորը իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել Ֆեյսբուքի նամականիով։ Վիրաբյանը նամակագրությունը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում։

«Ինձ համար ամոթ է, որ պապիկիս թայ մարդը նման վարքագիծ է դրսևորում, և չգիտեի՝ հրապարակման ենթակա՞ է, ենթակա չէ, և հետո որոշեցի, որ պետք է հրապարակվի, որովհետև անպատժելիությունն ավելի վատ հանցագործություններ է ծնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Իշխանական պատգամավորը մինչդեռ հերքում է, թե ինքն հայհոյախառն նամակ է գրել՝ պնդելով, թե իր էջը կոտրել են, ու ինքը չէ տարածված նամակի հեղինակը։ Այսօր էլ խորհրդարանում 63-ամյա Աղազարյանը հայտարարեց, թե դեռ չի պարզել՝ ով է իր անունից նման նամակներ գրել, բայց նաև ասաց, թե չի պատրաստվում դիմել իրավապահներին՝ պարզելու՝ ով է կոտրել էջը. - «Չէ, դեռ չեմ պարզել, պետք է պարզեմ։ Եթե մենք նմանատիպ հիմարություններով ծանրաբեռնենք իրավապահ մարմիններին, ապա դա մեր հակառակորդների համար գործիք կհանդիսանա, որպեսզի մեր իրավապահ մարմիններին ծանրաբեռնենք այնքան, որ չկարողանան ուրիշ գործերով զբաղվել»։

Պատգամավորի ու Վիրաբյանի վեճը սկսվել է ծանրամարտի առաջնության բացման օրը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը Ֆեյսբուքում ներողություն էր խնդրել միջազգային հանրությունից՝ հայտարարելով, թե «որպես քաղաքացի և պատգամավոր չի արել իրենից կախված առավելագույնը ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները»։

Նրա այս ձևակերպումները քննադատության արժանացան, Տաթև Վիրաբյանի պնդմամբ՝ իր ծանոթներից մեկը նամակ էր գրել պատգամավորին՝ հարցնելով, թե ինչու է ներողություն խնդրել ու ստացել էր հայհոյախառն պատասխան։ Դրանից հետո Վիրաբյանն ինքն է որոշել գրել պատգամավորին։

«Իրականում չհավատացի, ասացի՝ միգուցե իր էջը չի, լավ նայի։ Երբ ուղակեց էջի հղումը, տեսա, որ ինքն է։ Ես փորձեցի սթափություն առաջացնել մոտը, սթափության կոչով… տեսել եք նամակագրությունը, ոչ մի հայհոյանք չկար իմ գրածի մեջ, պարզապես բարկությունս էի արտահայտել, որպեսզի սթափվի», - ասաց նա։

Վիրաբյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառից Հայաստան է տեղափոխվել։ Ասում է, որ ինքն ու մյուսները տուժել են պատերազմից և իրավունք ունեն իմանալու՝ ինչու է պատգամավորը ներողություն խնդրում միջազգային հանրությունից, որն, օրինակ, պատժամիջոցներ չի սահմանել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, Արցախի չորսամսյա շրջափակման համար։ Պատգամավորի արդարացումը, թե ինքը չէ գրողը, երիտասարդ կնոջը չեն համոզել։

«Հեքիաթի ժանրից է, Անդերսոնին անցավ ինքն երեկվա իր հարցազրույցով։ Բայց եթե նույնիսկ կոտրել են, հասարակ քաղաքացու ֆեյսբուքյան էջ չեն կոտրել, ԱԺ պատգամավորի էջ են կոտրել, նա պարտավոր է նախ և առաջ մեր անվտանգության համար դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի պարզեն՝ ով է կոտրել այ էջը», - համոզված է Տաթև Վիրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել