«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ
 |civilnet.am|
15:16 - 17 ապրիլի, 2023

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ |civilnet.am|

civilnet.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։

Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» առևտրի կենտրոն) ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքում տեղի ունցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի վարույթը 2023-ի մարտի 17-ին ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հետագա նախաքննությունը շարունակելու համար։

Oգոստոսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռահարկ շինություն, փլատակներն ընդգրկել են 8 000-9 000 քմ տարածք։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։ Երևանի բժշկական կենտրոններ էր դիմել 63 քաղաքացի։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը՝ փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել