«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում  Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|
09:47 - 13 ապրիլի, 2023

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|

news.am: Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում օրերս Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած Արցախից տեղահանված կինը՝ Նարինե Ասատրյանը պնդում է, որ ինքը գիտակցված է այդ քայլն արել, իրեն ոչ ոք ոչինչ չի դրդել:

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին: Ամեն օր զոհ ունենք, ամեն օր հող ենք կորցնում, դա հերի՞ք չի, որ ես գնամ այդ քայլին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նարինեն նշում է, որ ինքը հատուկ է  գնացել այն վայրը, որտեղ պետք է գար Փաշինյանը. «Ես հատուկ, միտումնավոր գնացել եմ այնտեղ, որ հարվածեմ նրան: Ճիշտ է՝ անձրեւանոցը ես միտումնավոր չեմ վերցրել, որովհետեւ անձրեւ էր գալիս, բայց այդ պահին այդպես ստացվեց, որ անձրեւանոցը հատուկ հարվածելու նպատակով գցեցի նրանց կողմը: Նիկոլ Փաշինյանը իր կարեւոր գործերը թողած եկել, ասֆալտ էր ստուգում, ասֆալտ անողը թող էդ հարցով զբաղվի: Ադրբեջանցիները մտել են գյուղ, մարդկանց ցանած արտերում խրամատ են փորել, մարդկանց տներն են մտնում դա պատճառ է, որ ես նման վերաբերմունք ցույց տամ»:

Արցախի Քարեգահ գյուղից տեղահանված եւ Մալիշկա գյուղում հաստատված կինը ինքնակամ է ներկայացել ոստիկանութուն. պնդում է՝  իր հանդեպ ոչ մի բռնություն չի կիրառվել:

Նարինեն բազմազավակ մայր է, 7 երեխաներ ունի: Նա ընտանիիքի հետ Մալիշկայում վարձով է բնակվում, մինչեւ հիմա դեռ բնակարան չի ստացել:

Սակայն Նարինեին սեփական տան հարցն այնքան էլ չի հուզում, կինը պատրաստ է իրենց ընտանիքին տրամադրվելիք 10 միլիոն դրամը փոխանցել բանակին:

«Ես այդ գումարը սրտանց նվիրում եմ բանակին, ինձ տուն պետք չի: Մեկնաբանություններում գրում են, որ ես գումարով եմ այդ քայլը արել, բայց նման բան չկա, դեռ ավելին՝ ես այդ գումարը սրտանց կփոխանցեմ բանակին: Էս երկրի վիճակը որ նայում ենք, ես տուն առնեմ, էդ տունն էլ եմ կորցնելու, ամեն օր զոհ ունենք»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել