Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան
 |news.am|
13:27 - 12 ապրիլի, 2023

Սահմանապահ զորքերը այդ ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար. Արմեն Խաչատրյան |news.am|

news.am: Սահմանապահ զորքերը այդ հնարավորությունները, ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային ինչ-որ խնդիրների կատարման համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կոռնիձորի կամրջից այս կողմ սահմանապահներ պետք է տեղակայվեն, մինչդեռ երեկ կանոնավոր բանակն էր կռիվ մղում ադրբջանցիների դեմ:

«Երբ ադրբեջանական կողմից մինչեւ ատամները զինված զինված ուժեր են, բնական է, որ նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները: Ցավոք սրտի, ստիպված ենք բանակային ստորաբաժանումներ տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ ունի: Որտեղ  նրանցը սահմանապահ է, իհարկե, համարժեք մերն էլ է սահմանապահ լինելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: 

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։ 

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։

Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել