Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել

 |aravot.am|
13:59 - 11 ապրիլի, 2023

Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել |aravot.am|

aravot.am: Երեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:

«Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»։ 

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում 47-ամյա մի կին չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Անձը երեկ ձերբակալվել էր, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու փորձը) հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել