tert.am: Ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ որոշ կարծիքներ են հնչում, որ շուրջ երկու ամիս տևող քարոզարշավը կարող է բացասական ազդեցություն թողնել օրինակ՝ տնտեսական ակտիվության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ 2019թ. փորձը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսության վրա ազդող հիմնական գործողը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: «Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդ քարոզարշավի ընթացում քաղաքացիների վստահությունն ապագայի նկատմամբ կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն ավելի կմեծանա»,-ասաց նա և համոզմունք հայտնեց, որ ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա քարոզարշավը տնտեսության վրա, ավելին՝ կունենա աշխուժացնող ազդեցություն:
«Ափսոս, մեզ թվում է մենք ենք հորինել, ամեն դեպքում կլինի «ընտրական տուրիզմ»»,-ասաց նա: Այսպիսով՝ նա կոչ արեց արտերկրում բնակվող քաղաքացիներին, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն, այս ընթացքն օգտագործեն և գալ: «Մանավանդ հիմա, եվրոպական մի շարք երկրներից աներևակայելի ցածր գներով տոմսեր կարելի է գնել, իսկ նրանք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն, կարող են «ընտրական տուրիզմից» զերծ չմնալ և գալ ու դիտարկել, թե ինչպես են ժողովրդավարական պրոցեսներն այստեղ զարգանում: Հաճելին օգտակարի հետ կհամատեղենք և նոր խթան կտանք տնտեսությանը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզարշավը չի կանգնեցնելու աննախադեպ չափի կապիտալ ծախսերը, որը կառավարությունը պլանավորել է, և դա լուրջ խթան է լինելու տնտեսական ակտիվացման համար: Անշարժ գույքի շուկայում տիրող ակտիվությունը նոր խթան է լինելու տնտեսության համար: «Մենք այս ողջ պրոցեսը պետք է տանենք բարձր տնտեսական, քաղաքական և հանրային տրամադրությամբ»,-հավելեց վարչապետը:
comment.count (0)