ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն»

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր ծառայությունների կենտրոն» մասնաճյուղ և գործադիր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայի տարածքում: Նախարարին են ներկայացվել կորոնավիրուսային հիվանդության վերահսկման, ինչպես նաև նմուշառման գործընթացի, հետազոտությունների կազմակերպման աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Մանրամասնելով աշխատանքների ընթացքը` Արտավազդ Վանյանն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է ստեղծել նաև «Զանգերի կենտրոն», որի միջոցով հնարավորություն կստեղծվի իրականացնելու ինչպես դրական դեպքերի համաճարակաբանական հետազտություններ, այնպես էլ իրազեկման աշխատանքներ կոնտակտավորների և գործատուների հետ՝ հնարավորինս նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածումը և նպաստելով հիվանդության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի կարողություններին: Լաբորատորիան նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հատնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար և հնարավորություն է տալիս համաճարակաբանական և էպիզոտոլոգիական օջախներում 3-4-րդ խմբի միկրոօրգանիզմների նկատմամբ միկրոկենսաբանական հետազոտություններ իրականացնելու հեռավոր, դժվար հասանելի և ստացիոնար լաբորատոր ցանցով չհամալրված վայրերում: Բացի այդ, լաբորատորիան ունի բացասական ճնշում ստեղծելու հնարավորություն, 2-րդ, 3-րդ կարգի կենսանվտանգության պահարաններ, ինչպես նաև հագեցված է օդափոխության համակարգով։ Հարկ է նշել, որ լաբորատորիայի տրամադրման համար հիմք է ծառայել 2 տարի առաջ Սարատովում կայացած հանդիպման ժամանակ` Արսեն Թորոսյանի և Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի պայմանավորվածությունը:
20:09 - 09 նոյեմբերի, 2020
2021 թվականին ՀՀ-ն նախատեսում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 60000 դեղաչափ ձեռք բերել |24news.am|

2021 թվականին ՀՀ-ն նախատեսում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 60000 դեղաչափ ձեռք բերել |24news.am|

24news.am: Հայաստանը նախատեսում է 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 60000 դեղաչափ ձեռք բերել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա` բնակչության իմունիզացիայի ծրագրի շրջանակներում արդեն այս տարի ֆինանսավորումն ավելացել է, եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար 890 միլիոն դրամ կանխավճար է կատարվել: Նախարարը նշել է, որ գնումը նախատեսվում է իրականացնել պատվաստանյութերի միասնական գնման եւ բաշխման միջազգային պլատֆորմի շրջանակներում, որը դեռ հաստատված չէ: «Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա Հայաստանին պատվաստանյութ ձեռք բերել, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով եւ հասանելի կլինի նաեւ այլ երկրների համար»,- ասաց Թորոսյանը: Միաժամանակ նա նշեց, որ նախատեսված 890 միլիոն դրամը միայն կանխավճար է` պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Հաջորդ տարի վճարները պետք է ավելացվեն, ինչը թույլ կտա իմունիզացնել Հայաստանի բնակչության 10 տոկոսին: «Այս ցուցանիշն ընտրվել է, որպեսզի պատվաստանյութը հնարավոր լինի ձեռք բերել, այդ թվում, ուղիղ բանակցությունների միջոցով»,- պարզաբանեց նախարարը: Նրա խոսքով`գնումը պլանավորված է 2021-ի երկրորդ եռամսյակի սկզբին, ենթադրաբար` ապրիլին:
17:13 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանի ողջ տարածքում դիտվում է սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

Հայաստանի ողջ տարածքում դիտվում է սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում են․ «Այս օրերին հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և այս համատեքստում մյուս խնդիրները կարծես մղվում են հետին պլան: Միևնույն ժամանակ, Հայաստանի ողջ տարածքում դիտվում է ինչպես կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ, այնպես էլ սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի աշխուժացում` պատերազմի պայմաններում էլ ավելի ծանրաբեռնելով առողջապահական համակարգը:Առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում արդեն իսկ առկա է հիվանդանոցների մահճակալային ֆոնդի անբավարարություն, և այդ միտումները շարունակվելու դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ռիսկի խմբի անձանց, նույնիսկ հիվանդության ծանր և կյանքին սպառնացող դեպքերում, հնարավոր չի լինի հոսպիտալացնել և համարժեք բուժում տրամադրել, որը, ցավոք, կնպաստի մահվան դեպքերի աճին:Եթե հանրության շրջանում կորոնավիրուսային հիվանդության առումով կան որոշակի մտահոգություններ, թե ինչպես խուսափել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդությունը, ապա այս իրավիճակում սեզոնային գրիպը կարծես մոռացության է մատնվել, այն դեպքում, երբ վերջինիս կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումը, հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը կլինի հասանելի, սակայն սույն թվականի նոյեմբերի վերջին, եթե ռիսկի խմբերի անձինք հրաժարվեն իրենց համար նախատեսված պատվաստումից։Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե'ք պոլիկլինիկա և պատվաստվեք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին»:
14:56 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանում Covid-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի

 |armenpress.am|

Հայաստանում Covid-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 1100-ին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը: Անդրադառնալով հարցին, թե 14-օրյա բուժումից հետ ինչու՞ քաղաքացիներին դուրսգրումից առաջ չեն թեստավորում՝ նախարարն ասաց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ բուժումը լինում է 14-օրյա: Լինում է, երբ բուժումն ավելի կարճատև է տևում՝ 5-6 օր կամ ավելի կարճ, և լինում է, որ բուժումը շատ ավելի երկար է տևում՝ նույնիսկ ամիսներ: Սակայն, եթե քաղաքացին դուրս է գրվում, օրինակ, 14 օրը լրանալուց ավելի վաղ, այնուամենայնիվ, նրան ցուցվում է մինչև 14 օրվա ավարտը մնալ տանը: Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը բացատրվել և հանվել է: Բուժված լինելու փաստը արձանագրվում է ոչ թե թեստավորմամբ, այլ կլինիկական լավացմամբ:
12:54 - 09 նոյեմբերի, 2020
Հայաստանը կստանա կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ

 |armenpress.am|

Հայաստանը կստանա կորոնավիրուսի հայտնաբերման 50 հազար հակագենային թեստ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը: Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ուզում եմ մի լուր հայտնել, որը, հավանաբար, կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման, դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարը հավելեց, որ այժմ ՊՇՌ թեստերից աշխարհում անցում է կատարվում հակագենային թեստերի:
12:13 - 09 նոյեմբերի, 2020
Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությանը․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությանը․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ։ Հրամանում ասվում է․ «1. Լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) տնօրեններին՝ 1) Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական կազմակերպությունում առաջնահերթություն տալ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությանն ու սպասարկմանը, ինչպես նաև մշտապես ունենալ ազատ մահճակալներ՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը անխափան և ժամանակին կազմակերպելու համար, 2) բժշկական կազմակերպությունում մատուցել պացիենտների շտապ և անհետաձգելի, ինչպես նաև պլանային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան, 3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել ըստ առաջնահերթության՝ հիմք ընդունելով պացիենտի նախնական ախտորոշումը, առողջական վիճակի գնահատումը և բժշկական օգնության և սպասարկման մատուցման հրատապությունը»։
16:33 - 07 նոյեմբերի, 2020