ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն. բացվել է հայկական առևտրային գրասենյակը

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն. բացվել է հայկական առևտրային գրասենյակը

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։ Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։ Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարվորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը։ Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։ Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B): Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն «Tata Group» տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող «IHCL» ընկերության փոխնախագահի հետ։
10:05 - 28 ապրիլի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Պանելային քննարկման մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել խաղաղության ու անվտանգության պահպանմանը, բազմակողմ դիվանագիտության համակարգին, դրա առավելություններին և մարտահրավերներին։ «Իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին:  ՀՀ ԱԳ նախարարը ցավով է արձանագրել, որ ՄԱԿ-ի գոյության յոթ տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես եղավ բազմաթիվ պատերազմների և աղետների, որոնք բազմակողմ դիվանագիտության համակարգին չհաջողվեց կանխել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում՝ սկսած COVID-19 համավարակից և կլիմայի փոփոխությունից մինչև ռազմական բախումներ, կենսական կարևորություն է ստանում բազմակողմանիության՝ որպես երկխոսության հարթակի պահպանումը։ Այս առումով ընդգծվել է նշված բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։  «Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- իր խոսքում ասել է Արարատ Միրզոյանը։
23:23 - 26 ապրիլի, 2022
Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ. Արարատ Միրզոյան

Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 26-ին Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառման բացման արարողությանն ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․«Հարգարժա՛ն հյուրեր,Տիկնա՛յք և պարոնա՛յք,Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-հնդկական գործարար համաժողովին և շնորհակալ եմ Հնդկական արդյունաբերության համադաշնությանը՝ այսօր մեզ հյուրընկալելու համար:Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները։Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է մեր կարևոր տնտեսական գործընկերը։ Միևնույն ժամանակ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին։Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգիաների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար։Նշեմ նաև, որ մեր կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Հայաստանում դրական գործարար միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողներն ունենան աշխատելու և ստեղծելու բարենպաստ պայմաններ։ Այս առումով ցանկանում եմ առանձնացնել այն հավակնոտ բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, իսկապես մրցունակ տնտեսության և շուկայական հարաբերությունների հաստատմանը։Հարգելի՛ բարեկամներ,Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի և դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային և առաջադեմ ոլորտներից են: Այսօր այստեղ են հավաքված այս ոլորտների բոլոր լավագույն ներկայացուցիչներն, ուստի վստահ եմ, որ այսօրվա միջոցառման հաջողությունը երաշխավորված է։Ամփոփելով, հարգելի՛ մասնակիցներ, ես ձեզ մաղթում եմ արդյունավետ և հետաքրքիր աշխատանք: Եվ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ քաղաքական գործիչները խոսքը փոխանցեն գործարարներին։Շնորհակալ եմ»:Գործարար համաժողովին շնորհանդեսներով և ելույթներով հանդես են եկել նաև Հնդկաստանի արդյունաբերողների համադաշնության ներկայացուցիչները, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը և այլք:    
13:41 - 26 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործին. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։ Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման  գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։ Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։ Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ «Հանցանքների հանցանքը» – Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այսօր մենք  գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»։
10:15 - 24 ապրիլի, 2022
Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել հայ-չինական հարաբերությունները

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնել հայ-չինական հարաբերությունները

Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յիի հետ:Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և զարգացման համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել վճռականորեն սերտացնել և խորացնել հայ-չինական հարաբերությունները:Կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը:Ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր ուղղություններով բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Երկուստեք կարևորվել է միջազգայնորեն ընդունված առկա բանակցային ձևաչափի կենսունակությունը և խաղաղության գործընթացի առաջմղումը:Զրուցակիցները մտքեր են նաև փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
16:19 - 20 ապրիլի, 2022
Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան  |hetq.am|

Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան |hetq.am|

hetq.am: Երեկ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիային ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հետք»-ն առանձնացրել է նախկին արտգործնախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման մասին առաջին անգամ խոսք է եղել մայիսի 27-ին, ժամեր անց հրաժարական եմ տվել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, իմ կարծիքը բացասական է եղել։ Գտնում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ երբ ստանձնել է պաշտոնը, վստահ է եղել, որ դիվանագիտությունը չի հանձնվել և դրա միջոցով հնարավոր է ապահովել ազգային և պետական շահերը։  «Եթե հիշում եք, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց հաջողվեց 2021 թ․ ապահովել այն իրավիճակը, որ չունենան քաղաքական արձագանք սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ համանախագահները, շատ հստակ արտահայտություններ են ունեցել մեր շահերի վերաբերյալ, և ես կարծում եմ՝ դա մեր ձեռքբերումն է։ Վստահեցնում եմ, որ բավական լուրջ գործընթացներ էին սկսվել։ Արցախյան երկրորդ պատերազմը, ըստ ԱԳ նախկին նախարարի, աշխարհաքաղաքական պատճառներ ուներ, թեեւ տեղ ունեն նաեւ պետության թույլ տված սխալները. «Մենք ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը, ելել ենք այն հանգամանքից, որ ստատուս քվոն, որ եղել է 1994 թվականից ի վեր, պետք է շարունակվի, դա հնարավոր չէր»։   ԵԱՀԿ համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, այն գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով խնդրի կարգավորմանը՝ Այվազյանն ասաց․ «Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում, որ այլևս չի գործում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, նա ասում էր, որ արևմտյան գործընկերները հրաժարվում են համագործակցել, սա շատ ցավալի փաստ է, որովհետև տտարաձայնություններ միշտ եղել են Ռուսաստանի և արևմուտքի միջև, բայց Ղարաբաղի հարցը եղել է այն հիմանահարցը, որտեղ երեք երկրները կարողացել են կոորդինացնել, համադրել իրենց գործունեությունը։ Համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, դա գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, և ՄԱԿ-ը պետք է որոշի՝ այն գործելո՞ւ է, թե ոչ։ Մեր շահերրից է ելնում՝ ինչքան հնարավոր է այդ ֆորմատը կենսունակ պահել, թեկուզ այս իրավիճակում և չփորձել հարցը տեղափոխել նոր ֆորմատ։ Հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք, և աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր է»։ Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նախկին արտգործնախարարն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջև ինչ-որ ձևով երկխոսության առկայությունը, բայց՝ ոչ նախապայմանների լեզվով. «Եթե տարածաշրջանի և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություւն, ապա պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի կատեգորիաներից, այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց սպասարկող և աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»։ Հարցին՝ արդյոք ինքը կողմ է Փաշինյանի հրաժարականին, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց․ «Երբ ես հրաժարական տվեցի, գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպատաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:44 - 20 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ 
14:23 - 18 ապրիլի, 2022
«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

«Ապրելու երկիր»-ը դիմել է ԱԳՆ՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագրով ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում չի լինի

«Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը չի հակասի 1992 թ․ ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշմանը։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական բաժնից։ «1992թ. հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որը շարունակում է ուժի մեջ մնալ՝ համարվելով Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման կարևորագույն փաստաթուղթ։  «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 08.07.1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- նշված է կուսկացության հայտարարությունում։
10:35 - 18 ապրիլի, 2022
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։   Ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունի․ «Փաստաթղթերը ստորագրվելու են վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում։ Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Կստորագրվի, մնացածը կիմանաք», - ասաց նա։ Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հիշատակում չկա։
17:06 - 15 ապրիլի, 2022