Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ |epress.am|

Գծատերերին լիցենզիայից զրկելը նվեր է՝ ոչ թե պատժամիջոց․ քաղաքապետ |epress.am|

epress.am։ Ազգային ժողովում Երևանի քաղաքագլուխ Հայկ Մարությանը՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ․Հայկ Մարության․ — Վարորդին աշխատանքից ազատելը կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետև սա մասնավոր գիծ է, և այդ ընկերությունն է որոշում կայացնում։ Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որոնք դրվում են բոլոր վարորդների նկատմամբ։․․․Հանրային տրանսպորտը այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում։ Ես անձամբ այս սխեմային դեմ եմ։ Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետք է կառավարի պետությունը։ Մենք արդեն ունենք պատրաստ ծրագիր, մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը կառավարությանը, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է քննարկվի վերջնական, այսինքն՝ բոլոր շահագրգիռ մարմինները պետք է ներկա լինեն։ Քննարկենք վերջնական այս ծրագիրը և արդեն սկսենք ի կատար ածել։Այնտեղ, մեր պատկերացմամբ, մեծամասամբ, եթե ոչ լրիվ, տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական, ոնց ուզում եք անվանեք։Գծատերերը, ես ձեզ վստահեցնում եմ, վերջին չորս տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում գրեթե, որովհետև իրենք էլ սպասում են այս նոր տրանսպորտային համակարգին։ Ասեմ ավելին՝ մենք ունենք այս պահին գործող մոտ 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը մյուս տարի դառնում են 15 տարեկան։ Օրենքով այս պահին արգելվում է, որ իրենք շահագործվեն։ Սա խոսում է այն մասին, որ գծատերերը ոչ մի ներդրում չեն անում։ Այսինքն՝ իրենք ապագա չեն տեսնում այստեղ։Լրագրող․ — Ավելի ճիշտ չէր լինի՞ գծատերին լիցենզիայից զրկել, քան վարորդին գործից ազատել [վարորդի մասին, որին գործից ազատել են ու որը, պարզվել է, վկայական չի ունեցել]:Մարության․ — Ես նորից եմ ասում, սա մասնավոր ընկերություն է, որը իր քաղաքականությունը վարում է։ Մենք իրավունք էլ չունենք սահմանադրությամբ մտնելու իրենց գործերի մեջ։ Մենք կարող ենք մեր լիազորությունների սահմաններում մեր գործողությունները իրականացնել։ Եթե դուք խոսում եք լիցենզիաներից զրկելու մասին, չասեմ ձեզ գաղտնիք, բայց ասեմ դառը ճշմարտություն, որ այսօր շատ և շատ մասնավորներ գալիս են, ասում են՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան, վերցրեք գիծը մեզնից, չենք ուզում։ Ձեռք չի տալիս, մենք չենք ուզում սպասարկել այս գիծը։ Եվ դրանք քիչ չեն։ Այսինքն՝ այսօր, որ դուք ասում եք մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, ես ձեզ վստահեցնում եմ, որ սա իրենց համար նվեր է լինելու, ոչ թե պատժամիջոց։
05:53 - 13 հունիսի, 2019
«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում |hetq.am|

«Սանիթեք»-ը քրեակատարողական հիմնարկների աղբահանությունն ուշացումներով է կատարում |hetq.am|

hetq.am։ Աղբահանությունից դժգոհում են ոչ միայն Երևան քաղաքի բնակիչները այլև մայրաքաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նույնպես օրերով, երբեմն էլ՝ շաբաթներով աղբի տեղափոխություն «Սանիթեք» ընկերությունը չի իրականացնում: Ականատես ենք եղել, թե ինչպես է աղբի բլրակ գոյացել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում: Երբ ներսում էինք, այդ պահին բեռնատար ավտոմեքենայի ձայն լսվեց և քրեակատարողականի աշխատակիցները «աչքալուսանքի» նման իրար փոխանցեցին, թե եկել են աղբը տանեն, սակայն պարզվեց, որ սնունդ բերող ավտոմեքենան էր: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը պարզաբանեց, որ «Սանիթեք»-ը պարտավորվել է շաբաթը երկու անգամ իրականացնել աղբի տեղափոխում, սակայն կատարում են երբ կարողանում են: Տարածքում արդեն տարածվել էր աղբի հոտը: ՔԿՀ-ում մտավախություն ունեն, որ այս վիճակը շարունակվելու դեպում, ձմերուկի, սեխի սեզոնին, տարածքով անցնել չի լինի գարշահոտությունից:Ավելին՝ hetq.am
05:36 - 13 հունիսի, 2019
Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը |armenpress.am|

Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հանրային տրանսպորտն 90 տոկոսով պատկանում է մասնավոր ընկերություններին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է դրան և պատկերացնում է, որ առաջիկայում այն պետք է լինի համայնքի, պետության կառավարման ներքո:Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:«Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»,-ասաց Մարությանը:Նա նշեց, որ նաև ունեն պատրաստ ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,-նշեց քաղաքապետը:Նա տեղեկացրեց, որ այս պահին Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է, որ դրանք շահագործվեն: Մարությանի կարծիքով` դա խոսում է նրա մասին, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում:Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, դա ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու այդ մասնավոր ընկերությունների համար:
12:53 - 12 հունիսի, 2019
Դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել

Դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել

Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը: Դեռ այն ժամանակ կառուցապատողը պարտավորվեց սեփական ուժերով վերացնել թերություները: Աշխատանքները սկսվեցին, բայց անավարտ մնացին: Ավելին՝ տնտեսվարողը փորձում էր ընդլայնել իր գործունեությունը մայթի հաշվին: Քաղաքապետարանը ստիպված էր քայլեր ձեռնարկել սեփական միջոցներով: «Մայթը նեղանում էր նախնական նախագծից ևս 3 մետրով և ինչի՞ համար, որ դիմացի մի քանի տնտեսվարողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել և սկսեցինք զավթած տարածքը վերադարձնել, ապամոնտաժել երկաթե կոնստրուկցիաները և ազատել մոտ 3 մետր հատվածը, որը շուտով կբարեկարգենք»,-ընդգծել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Առաջիկայում Երևան համայնքը դատական կարգով կառուցապատողից հետ կգանձի քանդման և բարեկարգման գումարները:Արտաքնապես երևացող այս խնդիրների կողքին Կոմիտասի 15 շենքում բացահայտվեց ևս մեկ՝ այս անգամ խոշոր խախտում: Նույն կառուցապատողը շենքը սահմանազատող պարսպի ետևում՝ դպրոցի մարզադաշտի տակ, առանց որևէ իրավական հիմքի երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել: Դպրոցի աշխատակիցները շինարարության ընթացքին հետևել են, նկատել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն մանրամասներին չեն տիրապետում: «Արդեն իսկ նկատելի է, որ մարզադաշտն իր իրական չափերից ավելի փոքր է: Բացի այդ, մեր բակային տարածքն էլ նորակառույց շենքի աշխատակիցների կողմից օգտագործվում է որպես ավտոկայանատեղի»,- պատմել է դպրոցի տնտեսվար Ռոբերտ Աթաբեկյանը: Օրերս քաղաքապետարանը ոստիկանությունից գրություն է ստացել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի 15 և 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ձևակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս) հարուցվել է քրեական գործ: Մանրամասները կպարզի նախաքննությունը: «Քանի որ դպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, նրանք կպատվիրեն չափագրումներ և կհստակեցվի ապօրինի տնօրինվող տարածքների իրական ծավալները: Հետագայում տարածքը կանցնի կոմիտեի հաշվեկշիռ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպե՞ս կտնօրինվի այն»,-նշել է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:«Երկու ձեռքով պատրաստ եմ աջակցել օրինական շինարարություն իրականացնողներին և կառուցապատողներին: Ներդրումների նկատմամբ բաց ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարկ տանք, սակայն, միայն օրենքի շրջանակում»,-նկատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: Այսօր Արաբկիրում շինարարական ամեն մի աշխատանք առանձին է հսկվում: Բացի այդ, շրջանի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում զավթած հանրային այլ տարածքները, հատկապես մայթերը բնակիչներին վերադարձնելու նպատակով:Հաջորդ հասցեն հենց վարչական շրջանի շենքի հարակից այգին է: Այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է: «Թվով 10 տարածքներ տրամադրված են տարբեր տնտեսվարողների, և այդ 10 տարածքները գրեթե առանց բացառության չեն համապատասխանում փաստացի զբաղեցրած տարածքների չափերին: Կան անգամ տարածքներ, որ գերազանցում են նախատեսվածը մոտ 8 անգամ: Օրինակ, պայմանագրում նշված է 100-110 քմ, սակայն փաստացի չափագրումը ցույց է տալիս 800-900մ»,-նշել է Արամ Դանիելյանը: Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև վերանայել հանգստի գոտիներում վարձակալությամբ տրամադրված տարածքների չափերը: «Հավասար պայմաններ՝ բոլորի համար» սկզբունքով էլ տարածքները կդրվեն վարձակալության թափանցիկ և մրցունակ աճուրդների՝ դրանց շուկայական արժեքներին համապատասխան:
10:40 - 08 հունիսի, 2019
Երևանի վթարային շենքերից մեկի բնակիչները նոր բնակարաններ կստանան

Երևանի վթարային շենքերից մեկի բնակիչները նոր բնակարաններ կստանան

Երևանի Արցախի 8 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի վերաբնակեցման ծրագիրը մոտենում է իր հաջող հանգուցալուծմանը․ 81 ընտանիքի մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում, որոնց վարձավճարները կփոխհատուցի քաղաքապետարանը։Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ամիսներ տևած բանակցություններից հետո քաղաքապետարանն ու շենքի բնակիչները համաձայնեցրել են տեղափոխմանը վերաբերող վերջնական առաջարկները, բոլոր նախագծերը պատրաստ են:Նոր տրամադրվող բնակարանները լինելու են վերանորոգված, կահավորված ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:Կարապետյանը հայտնել է, որ հերթի մեջ է Արցախի 10-ում գտնվող վթարային շենքը:
05:58 - 07 հունիսի, 2019
«Գումի» շուկայի մոտակա աղբամանը ծանրաբեռնված է կենդանիների մնացորդներով. քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

«Գումի» շուկայի մոտակա աղբամանը ծանրաբեռնված է կենդանիների մնացորդներով. քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի կենտրոնում՝ «Գումի» շուկայի հարեւանությամբ, աղբամանը ծանրաբեռնված է կենցաղային աղբով ու անասունների մնացորդների թափոններով՝ ոսկորներ, կմախքներ, գանգեր:Ֆեյսբուքյան օտատերերից մեկի հրապարակած լուսանկարները փոխանցելով Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրեցինք մեկնաբանել այս հակահիգենիկ իրավիճակը: «Այնտեղ մենք տեսնում ենք բացարձակապես անընդունելի մի պատկեր, եւ ակնհայտ է, որ մսավաճառները աղբ են թափում այն հատվածում, որտեղ իրավունք չունեն՝ ստեղծելով վտանգավոր վիճակ:Աղբահանություն իրականացնող «Սանիթեկ» ընկերությունը կամ մեր համայնքային սեփականություն հանդիսացող մեքենաները կմաքրեն այդ տարածքը, եթե դեռ չեն մաքրել: Կարծում եմ արդեն մաքրել են: Բացի դրանից, քաղաքապետը տեղեկանալով խնդրի մասին, հանձնարարեց վարչական շրջանի ղեկավարին՝ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, հետագայում բացառել նման տեսարանները»,- ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
13:30 - 06 հունիսի, 2019
Կարմիր բլուրը մաքրվում է շինարարական աղբից

Կարմիր բլուրը մաքրվում է շինարարական աղբից

Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկը՝ Երևանի Կարմիր բլուրը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ: «Անցյալ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր նախընտրական ծրագիրը, մի ծավալուն մաս կար հատկացված «Կարմիր բլուր»-ին: Այնտեղ շեշտվում էր, որ հնավայրը պետք է ազատվի շինարարական աղբից և դառնա հետաքրքիր մշակութային, զբոսաշրջային վայր»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Գաղափարը միավորեց նաև տարբեր անհատների, և «Ազատենք Կարմիր բլուրը շինաղբից» քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ հանգանակված միջոցներով հնարավոր եղավ մաքրել տարածքի շուրջ 10 %-ը: Այսօր աշխատանքները շարունակվում են Երևանի քաղաքապետարանի միջոցներով: Տարածքն ամբողջությամբ մաքրելու համար պետք է տեղափոխվի շուրջ 700 բեռնատար աղբ՝ նախնական հաշվարկից գրեթե կրկնակի ավելին: «Մենք մտածում էինք, որ շինաղբը մոտ 1մ է խորությամբ է, սակայն աշխատանքների ընթացքում պարզվեց, որ իրականում 1.5 մետր է: Մարդիկ կառույցներ են քանդել և պարզապես բերել լցրել այստեղ»,-նշում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Կարմիր բլուրից արդեն իսկ 80 բեռնատար շինաղբ է տեղափոխվել: Տեխնիկան այստեղ կաշխատի ամեն օր: Եվ որպեսզի հնագիտական շերտերը չվնասվեն՝ տեղում աշխատանքները հսկում են հնագետները: «Մոտ մեկ ամսվա ընթացքում կունենանք ամբողջովին մաքրված Կարմիր բլուր: Արդեն 2-րդ փուլում կկատարավեն ցանկապատման և լուսավորության անցկացման աշխատանքները:»,-ընդգծում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Սա աննախադեպ քայլ է, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հուշարձան նման ծավալներով չի մաքրվել: Սա ունի նաև գաղափարական բաղադրիչ. մեր հարևան թուրքերը, տնօրինելով ուրարտական հուշարձանները և դրանք դարձնելով զբոսաշրջային կենտրոններ, ներկայացնում են դրանք որպես իրենց ժառանգության մի մասը»,-նկատում է Միքայել Բադալյանը: Տարիներ շարունակ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվում էր միայն Էրեբունի ամրոցով: Այսօր մշակվում է երեք հնավայրերի հանրահռչակման համալիր ծրագիր:
18:25 - 05 հունիսի, 2019
Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ ավելի է 220 մլն դրամով

Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ ավելի է 220 մլն դրամով

2019թ. մայիսին Երևանի վարչական շրջաններում տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել շուրջ 600 օբյեկտում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով: Զեկուցվել է նաև, որ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու շուրջ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74: Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կլինիկա է բերվել 67 շուն, որից երկուսը ի պահ են վերցրել կենդանասերները, երկուսը, ըստ մասնագետների ցուցումի, քնեցվել են, 63-ը ստերջացվել և բաց են թողնվել նույն հասցեներում: Զեկուցվել է նաև, որ երբեմն որոշ քաղաքացիներ խոչընդոտում են կենտրոնի աշխատանքը՝ թույլ չտալով իրականացնել շների հավաքման գործընթացը: Նշենք, որ Երևանում թափառող կենդանիների հավաքման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրն իրականացնում է համայնքային կենտրոնը, որի աշխատանքը մասնագիտորեն հիմնավորված է և անվտանգ կենդանիների համար: Գործընթացն իրականացվում է հատուկ տարբերանշանով մեքենաներով և համապատասխան համազգեստով մասնագետների կողմից: Կենտրոնն, ի դեպ, շների հավաքման նպատակով ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և անհրաժեշտ ողջ դեղորայքը: Առաջիկա շաբաթներին աշխատանքների ծավալը կմեծանա. նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն:  Մայիս ամսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 730 հազար 559 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 30 հազար 712 ուղևորով:
15:05 - 03 հունիսի, 2019
Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել. քաղաքապետը՝ «Սանիթեք»-ին

Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել. քաղաքապետը՝ «Սանիթեք»-ին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: «Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը հերթական անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, թարմացնել ավտոպարկն ու ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակը: «Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամաններից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,– ընդգծել է քաղաքապետը: Զեկուցվել է նաև, որ աղբատար մեքենաների բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ: «Կարծում եմ՝ սա լավագույն այն օրինակն է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են ստեղծում պայմաններ, որպեսզի բոլոր ընկերություններն աշխատեն հանգիստ և նորմալ: Խոսքը միայն «Սանիթեք» ընկերության մասին չէ, կան հարյուրավոր ընկերություններ, որոնք օգտվում են աղբավայրից», – ասել է քաղաքապետը»,- ասված է հաղորդագրությունում:  
13:58 - 27 մայիսի, 2019
Երևանի համար կարևոր նախագծերը կներկայացվեն քաղշին խորհուրդ․ Հայկ Մարության

Երևանի համար կարևոր նախագծերը կներկայացվեն քաղշին խորհուրդ․ Հայկ Մարության

Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստում:Նա համոզմունք է հայտնել, որ որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում: Կարևորելով մասնագիտական թիմի գործունեությունը՝ նիստը վարող Մարությանը նկատել է, որ խորհրդի աշխատանքը հնարավորություն կտա քաղաքն առաջ տանել ճիշտ ուղղությամբ:Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը 2 էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և Բարբյուսի 66 հասցեում, Կիևյան կամրջի հարևանությամբ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման: Երկու կառույցների վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Ճարտարապետները մի քանի խնդիրներ նշեցին հարկայնության ու կանաչ գոտիների ստեղծման հետ կապված: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում կայացվեց առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:«Այսօր մենք շատ կարծրատիպեր քանդում ենք նաև քաղաքաշինական ոլորտում, իհարկե` ոչ թե մասնագիտական, այլև մոտեցումների առումով, և բնականաբար, մենք պետք է նաև զսպող մեխանիզմներ ունենանք: Մենք, այո՛, բոլորին թույլտվություններ ենք տալիս, ասում ենք շատ լավ է, եկեք արեք շինարարություն, գնանք առաջ, բայց Երևան քաղաքը պետք է իր ոճը ունենա, ընդհանրապես տրամաբանությունն ունենա, որտեղ ենք մենք, ուր ենք գնալու և ինչ ճանապարհ ենք ուզում անցնել, և ի վերջո ինչ ենք ուզում ստանալ»,-նշել է քաղաքապետը:«Մեծ նախագծերը, կարևոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, և այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձևավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ: Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետև շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, և շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էր կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երևան քաղաքի կարևոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,- ընդգծել է Հայկ Մարությանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ: Ինչպես տեսնում եք, կազմը բավականին փոխված է, և մենք նախկին քաղաքաշինական խորհուրդը վերընտրելու փոխարեն որոշեցինք այս անգամ գնալ մի փոքր ուրիշ ճանապարհով. քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ և ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր առջև: Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալու, ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,- նշել է Երևանի գլխավոր ճարտարապետը:
08:12 - 27 մայիսի, 2019