ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:  Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: Թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: «Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը: Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
10:30 - 28 նոյեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկները

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում կորոնավիրուսի ընթացքում չչարաշահել հակաբիոտիկների օգտագործումը, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել: Նախարարությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությամբ հիշեցնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե' անհատական, թե' սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք:  Հակաբիոտիկները բակտերիալ վարակների (ականջի, միզատար ուղիների վարակներ, փորլուծություն, թոքաբորբ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցներ են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների (հազ և բրոնխիտի տեսակներ, գրիպ, ընդհանուր մրսածություն) վրա:  Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), հակաբիոտիկները արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Դրանք կարելի է նշանակել ծանր ախտանիշներով հիվանդներին՝ բակտերիալ թոքաբորբը կանխելու համար կամ արդեն զարգացած թոքաբորբը բուժելու համար:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբիոտիկներն օգտագործվել են նաև մեղմ ախտանիշները բուժելու համար, նույնիսկ թոքաբորբի զարգացման ցածր ռիսկի պարագայում: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել բակտերիալ վարակ:  Այսպիսով, COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել, ինչը վտանգավոր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև կարող է հանգեցնել հակամանրէային դեղերի անհասանելիության այն հիվանդների համար, ովքեր իրապես դրանց կարիքն ունեն: Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը:   Ավելի մանրամասն հասկանալու համար, թե ի՞նչ գլոբալ խնդիրներ կարող է առաջացնել հակաբիոտիկների չարաշահումը COVID-19-ի բուժման ընթացքում, կարող եք ծանոթանալ հաջորդիվ:
16:06 - 27 նոյեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ նշելով, որ վերջնարդյունքում երկրների մեծ մասն ունենալու է մոտավորապես նույն արդյունքները: «Ինչ-որ մի շրջան կար, երբ Հայաստանը 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս, բայց հիմա որ վիճակագրությունը նայում ես, այն դառնում է փոխանցիկ: Ինչ-որ մի ժամանակ Հայաստանն է, ինչ-որ մի ժամանակ Վրաստանն է, ինչ-որ մի ժամանակ Իտալիան է, Բելգիան է, Բրազիլիան է, ԱՄՆ-ն է և այլն: Հույս ունեմ, որ այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք: Չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, այս ցուցանիշը բոլոր երկրները դրոշի նման վերցրել են կամ վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100 հազար բնակչի թվով ամենամեծ վարակելիություն ունեցող երկիրը»,- նշեց Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մանրամասներ ներկայացրեց պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ: «Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերջնական պրոդուկտի մասին է, փորձնականներ հիմա շատ երկրներ են կիրառում: Պատվաստանյութը կլինի 300 հազար բնակչի 600 հազար դոզա: Քանակը սահմանափակված չէ, հետագայում կավելացի ըստ անհրաժեշտության: Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութի համար հստակ խմբեր են լինելու՝ քրոնիկական հիվանդություն ունեցող, տարեց մարդիկ, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլն:
12:14 - 26 նոյեմբերի, 2020
Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը վերջին տասնօրյակում առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

Covid-19-ի հիվանդացության ցուցանիշը վերջին տասնօրյակում առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում

Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5 մ հեռավորություն: Բացօթյա տարածքներում կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից: Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը կամ լվացե՛ք ձեռքերն օճառով: Հաճախակի լվացե՛ք ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակե՛ք 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով: Սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը: Սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ: Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:
12:30 - 25 նոյեմբերի, 2020
Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ հերցեպտին դեղով բուժման ծրագրի շահառու է

Կրծքագեղձի քաղցկեղով 132 պացիենտ հերցեպտին դեղով բուժման ծրագրի շահառու է

2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում  ունեցող  բժշկական կենտրոններում կազմել է 107: Ներկայումս ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ: Aյս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: «Վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և  այս ծրագրի շնորհիվ` առաջիկա տարիների ընթացքում կունենանք առողջացած ու լիարժեք կյանք վերադարձած կանայք: Հարկ է նշել, որ նախքան այս պետական ծրագիրը, պացիենտների շուրջ 35-40%-ը հրաժարվում էր տրաստուզումաբ դեղը ձեռք բերելուց՝ թանկարժեք լինելու պատճառով և ունենում էր հիվանդության ռեցիդիվ կամ մետաստազավորում 2-3 տարվա ընթացքում: Տրաստուզումաբի (հերցեպտին) հիմնական «HERA» հետազոտության տվյալների համաձայն` ապացուցվել է, որ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ պահպանողական ադյուվանտ բուժումն ապահովում է հեռակա մետաստազների զարգացման 50%-ով նվազում` առանց տրաստուզումաբի բուժվող պացիենտների համեմատությամբ։ Այս հետազոտության հիման վրա վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է հանդիսանում տրաստուզումաբի կիրառումը` ադյուվանտ ռեժիմում 1 տարի ժամկետով։ Ամերիկյան NCCN ուղեցույցում առկա տվյալների համաձայն` տրաստուզումաբի ադյուվանտ ռեժիմում կիրառման ստանդարտն է համարվում բուժման 1 տարի տևողությունը, որի կրճատումը կարող է հանգեցնել հիվանդների մոտ բուժման արդյունավետության ցուցանիշների զգալի կրճատման, մետաստազների հավանականության և մահացության ցուցանիշների բարձրացման։  Այսպիսով, ծրագրի շարունակականությունը կնպաստի «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:29 - 24 նոյեմբերի, 2020
Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը |armenpress.am|

Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի դանդաղ տեմպերով նվազում: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը կիսով չափ նվազել են: Արդեն օրական գրանցվում է 1300-1400 նոր դեպք:  «Համաճարակաբանական օրինաչափությունն ասում է, որ մենք դանդաղ նվազում ունենք, ինչպես առաջին ալիքի դեպքում էր: Դա ամենևին չի նշանակում, որ դա իսպառ կվերանա: Դանդաղ նվազման միտումը կդիտվի, որից հետո հնարավոր է մենք նորից բարձրացում ունենանք»,-ասաց Գայանե Սահակյանը:  Արդյո՞ք այսօր Հայաստանի պարագայում կարող ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսել. հարցին ի պատասխան, Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանի դեպքում հասարակության մեծ թվով հատվածի վարակման մասին խոսելը փոքր-ինչ հարաբերական է: Վերջին տվյալներով` մոտ 127 հազար վարակվածության դեպք կա արձանագրված, եթե դրան էլ գումարենք անախտանիշ դեպքերը, ապա ըստ Գայանե Սահակյանի, դա ստվար զանգված չի կազմում: Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունտիտետի մասին եթե խոսենք, ապա առնվազն  բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի: Որքանո՞վ է մեծ կրկնակի վարակվածության ռիսկը: Գայանե Սահակյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի 5-6 կրկնակի վարակվածության նկարագրված դեպք:  «Ամեն դեպքում այս պահի դրությամբ չկա ստանդարտ բնորոշում, թե որն է կրկնակի վարակը, որ, ըստ այդմ, առաջնորդվենք և հասկանանք, թե արդյոք մենք գործ ունենք կրկնավարկի, թե վատ բուժված և հետագայում շարունակվող գործընթացի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի այդ հստակ բնորոշումը: Ինչ վերաբերում է հակամարմինների ազդեցության ժամանակահատվածին, ապա այստեղ էլ հստակեցում չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե հիվանդանալուց որքան ժամանակ հետո անձի իմունիտետը բարձրագույն գագաթնակետին կլինի: Բոլոր դեպքերում ապաքինվելուց հետո առաջիկա մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում հակամարմինների տոկոսը լինում է ցածր, որից հետո բարձրանում է: Թեպետ որոշ ժամանակ անց նորից դիտվում է նվազում»,-ասաց նա:     Ավելին՝ armenpress.am-ում
09:48 - 24 նոյեմբերի, 2020