ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Lurer.com կայքն այսօր «Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ նշված է, թե տեղեկություններ կան, իբրեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները կարող են հանձնվել Ադրբեջանին, եւ թե սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր։  Մասնավորապես, կայքը գրել է, որ թեմայի շուրջ զրուցել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ, որն էլ, ըստ lurer.com-ի,  ո՛չ հաստատել, ո՛չ էլ բացառել է ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- լրատվամիջոցին ասել է Սահակյանը: Իսկ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշել է, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառել է հենակետերի տեղակայումը: Եւ չնայած Բաղանիսի վարչական ղեկավարը ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին հաստատական որեւէ բան չի ասել, իսկ Ոսկեպարի վարչական ղեկավարն ուղղակի հերքել է այդ տեղեկությունները, հենակետեր տեղադրելու վերաբերյալ հարցադրումը հայտնվել է կայքի վերնագրում։ Infocom-ը հենակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերի վերաբերյալ նախ մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանական գերատեսչությունից․ պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները։ Իսկ ահա Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն Infocom-ին հայտնեց, որ առհասարակ նման տեղեկություններ չունի․ «Էս պահի դրությամբ որեւէ բան չկա, սովորական ա, ոչ էլ տենց քննարկումներ են եղել, ես ասել եմ՝ չեմ բացառում, որովհետեւ չգիտեմ՝ ինչ են քննարկում բանակցային սեղանին, չես իմանա՝ ապագայում, երեք տարի հետո ինչ կլինի։ Բայց էս պահին տենց բան չկա»,- մեկնաբանեց նա։ Բացի դրանից՝ կայքը հրապարակման գլխավոր նկար է դրել մի լուսանկար, որը հայկական մեդիատիրույթում ավելի վաղ շրջանառվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետեր տեղադրելու լուրերին կից։   Սակայն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի նկարը Բաղանիս-Ոսկեպար հատվածում անցակետերի հնարավոր տեղադրման լուրի հետ հրապարակելիս անծանոթ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե լուսանկարը հենց Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածից է արված։ Այսպիսով, ՊՆ-ն Infocom-ի հետ զրույցում հերքել է, թե Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրվելու հարց է քննարկվում, այդ տեղեկությունները չեն հաստատել նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի ղեկավարները։ Իսկ lurer.com-ի հրապարակած նյութի լուսանկարում երեւացող անցակետը Բաղանիս-Ոսկեպար հատվածում չէ։  Լուսանկարում՝ Բաղանիս տանող ճանապարհը, Բաղանիս ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
18:49 - 15 փետրվարի, 2022
Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը: «Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:  
19:11 - 14 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ

Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ»  ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:  
20:05 - 11 փետրվարի, 2022
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:  ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
15:47 - 09 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումների ընթացքում, ծառայության համար պատշաճ կենցաղային պայմանների առկայությունից բացի, առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը:Սուրեն Պապիկյանն այցելել է մարտական հենակետեր, տեղում ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին։Պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարական կազմին և ենթակա զորամասերի հրամանատարներին տվել  է հանձնարարականներ և ցուցումներ` աշխատանքային շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
22:31 - 08 փետրվարի, 2022
ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՄԻՊ ներկայացուցիչները սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին ներկայացրել են ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում վեր հանված գործնական խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանը մասնակցել են զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաքին: ՊՆ վարչական համալիրում կազմակերպված մասնագիտական հավաքի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Զինված ուժերում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման կարևորությունը, բանակում մարդու իրավունքների ապահովման և երաշխավորման տեսանկյունից կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նաև անդրադարձ է կատարվել «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի արտահերթ հրապարակային զեկույցին: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցիչները նաև ներկայացրել են Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ իրականացված այցերի, դրանց շրջանակներում անցկացված առանձնազրույցների արդյունքում վեր հանված գործնական խնդիրներ: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման, իրավակարգի ապահովման և օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված հարցերը:
17:40 - 08 փետրվարի, 2022
Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Պաշտպանության նախարարը հարավային ուղղության զորամասերում շրջայց է կատարել

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել  հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված  մի շարք զորամասերում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող  շինարարական աշխատանքների ընթացքին:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարն  առանձնահատուկ  ուշադրություն է դարձրել  զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման  խնդիրներին:   Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների  հետ,  առողջություն և շուտափույթ  ապաքինում մաղթել:
11:39 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022
Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:   Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»: Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
16:08 - 03 փետրվարի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022