ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։  
16:20 - 25 ապրիլի, 2022
Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|

Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու որոշումն ընդունելիս, քաջ գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի. Դավիթ Տոնոյան |168.am|

168.am: Հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր փաստաբանի միջոցով պատասխանել է մի քանի հարցերի: – Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի ժամանակ եղած բացթողումներին, նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չեն նշանակել, և շեշտել է, որ Դուք եղել եք նախկին կառավարության անդամ: Նման միտք Նիկոլ Փաշինյանն արտահայտել էր նաև 2021-ի փետրվարին` Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում: Ի դեպ, երբ Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակեցին, Նիկոլ Փաշինյանն այն հիմնավորեց, որ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Ի՞նչ է սա նշանակում`ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հասկացել է, որ սխալվե՞լ է Ձեր հարցում, թե՞ բավարար չափով չի էլ վստահել երբեք: – Եթե ՀՀ վարչապետը «դիլեմայի» առջև է կանգնած, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու նրա առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը: – Շարունակելով հարցը` գուցե անցումային նախարա՞ր էր պետք Նիկոլ Փաշինյանին: – Այո, վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան և իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է:
14:05 - 25 ապրիլի, 2022
Բացահայտվել է ՀՀ քաղաքացի զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը

Բացահայտվել է ՀՀ քաղաքացի զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ: Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի: Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ: Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել: 2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
11:06 - 25 ապրիլի, 2022
Զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ադրբեջանական կողմում է գտնվում. ՀՀ ՊՆ

Զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը ադրբեջանական կողմում է գտնվում. ՀՀ ՊՆ

Ապրիլի 23-ին զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նշվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ-ի, պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: ՊՆ-ից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
23:38 - 24 ապրիլի, 2022
Խոսքը ոչ թե «գույքի վաճառքի» մասին է, այլ արդյունավետ կառավարման. ՊՆ պարզաբանումը

Խոսքը ոչ թե «գույքի վաճառքի» մասին է, այլ արդյունավետ կառավարման. ՊՆ պարզաբանումը

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն։ Այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման»։
08:53 - 22 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

«Բաղրամյան» զորավարժարանում ապրիլի 20-ին անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, «Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ: «Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային   խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈՒ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:
18:33 - 20 ապրիլի, 2022
2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

2022թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:  1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ» ընկերությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆլեշ», «Թեղուտ», Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, Հայաստանի էլեկտրական ցանցեր, «Սոֆթ կոնտրակտ» ընկերությունները։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  48 մլրդ 751 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:  Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
15:28 - 19 ապրիլի, 2022
Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։
09:27 - 18 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 14-ին հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ «Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։    
18:31 - 14 ապրիլի, 2022
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
18:55 - 13 ապրիլի, 2022
ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: Պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների. 2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։ Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները»:
13:46 - 12 ապրիլի, 2022
Ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը. Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը. Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։ «Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով:   Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական և խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:05 - 06 ապրիլի, 2022