ԿԱՐԴԱԼԻՔ

Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երեւանի նստավայրում տեւական դադարից հետո երեկ վերսկսվեց ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ ՌՔԿՊ) վերաբերյալ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործի քննությունը, որը, սակայն, կարճ ժամանակ անց դարձյալ հետաձգվեց։ Խոսքը, հիշեցնենք, այն գործի մասին է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում  62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Գործով մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը (այդ պաշտոնին նշանակվել է 2023 թ․ փետրվարի 13-ին՝ ազատվելով ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնից), 2020 թ․ նույն N զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։ Դատարանը այժմ ապացույցների հետազոտման փուլում է, որի շրջանակում հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Երեկվա նիստին դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց մի քանի փաստաթուղթ, որոնց թվում էին նաեւ մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի բջջային երկու հեռախոսահամարների վերծանումները․ դրանցից մեկը վերաբերում էր 2020 թ․ հոկտեմբերի 20-21, մյուսը՝ հոկտեմբերի 20-28 ժամանակահատվածներին։ Վերծանումներից պարզ դարձավ, որ նշված օրերին այդ հեռախոսահամարներով Մակարյանը բազմաթիվ զանգեր է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը Փաստաթղթերի հրապարակումից հետո դատավոր Սարգիս Դադոյանը հայտնեց, որ այդպիսով, գրավոր ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց։ Պաշտպանական կողմը, սակայն, հայտարարեց՝ գործում առկա են մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղադրական եզրակացության մեջ ներառված չեն, ուստի դատարանում չեն հրապարակվել եւ չեն հետազոտվել, եւ իրենք ցանկանում են դրանք եւս հետազոտելու  միջնորդություն ներկայացնել։ Դատավորը, սակայն, ասաց՝ միջնորդությունները կներկայացվեն տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո, քանի որ ի սկզբանե ապացույցների հետազոտման այդ հաջորդականությունն է սահմանվել։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը)  կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որից հետո դատարանը սահմանում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկն ու դրանց հաջորդականությունը։ Եվ փաստորեն, այդ փուլում սահմանվել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված ապացույցներին պետք է հաջորդի տուժողների եւ վկաների հարցաքննությունը։ Մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը առարկեց՝ ասելով, որ դատավորի նշած դեպքում կխախտվի կողմերի մրցակցության սկզբունքը․ «Այդպիսով տուժողների եւ վկաների հարցաքննության ժամանակ մենք հնարավորություն չենք ունենալու նրանց հարցեր տալ չհետազոտված ապացույցների վերաբերյալ, ուստի ես ողջամիտ եմ համարում, որ հետազոտվեն գործում առկա բոլոր փաստաթղթերը՝ սկսած գործի հարուցման պահից մինչեւ նախաքննության ավարտը»,– ասաց նա՝ հավելելով, որ միայն մեղադրանքի կողմի ապացույցները հետազոտելը եւ դրանց վերաբերյալ հարցեր տալը կխախտի նաեւ իրենց պաշտպանական իրավունքը։ Մեղադրող Արշակ Մարտիրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ քրեական գործի նյութերի հրապարակման հետ կապված առարկություններ ինքը չունի, բայց այն դեպքում, երբ որոշվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, եւ դատաքննությունը սկսված է, պաշտպաններն իրենց միջնորդությունները պետք է ներկայացնեն կա՛մ դատաքննության ավարտից հետո, կա՛մ պետք է նախ ներկայացնեն ապացույցների հաջորդականությունը փոփոխելու միջնորդություն։ Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց․ «Չխախտելով արդարության եւ կողմերի հավասարության սկզբունքը՝ դատարանը որոշում է նախ հարցաքննել բոլոր տուժողներին եւ վկաներին, ապա հետազոտել գործում առկա գրավոր փաստաթղթերը՝ բոլոր վավերապայմանների ստուգմամբ, լսել դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, եւ եթե միջնորդություններ կներկայացվեն, դրանք կքննվեն»,– ասաց նա՝ հավելելով, որ դատարանը կաշկանդված չէ նույն անձանց երկրորդ անգամ հրավիրել հարցաքննության։  Պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ առարկում է դատարանի ոչ իրավաչափ գործողությունների դեմ, քանի որ այդպիսով դատարանը ձգձգում է առանց այն էլ ձգձգվող դատական քննությունը։ Պաշտպանական կողմը միացավ նրա դիրքորոշմանը։ Նշենք, որ այս գործով վերջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, քանի որ մեղադրյալ Էլլադա Հարությունյանը փետրվարի 3-ից սկսած 144 օր գտնվում էր նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում։ Կողմերի քննարկումից հետո երեկվա նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանը պետք է անցներ տուժողների հարցաքննությանը, որոնք, սակայն, չէին ներկայացել։ Այս հանգամանքը վրդովեցրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ առանց այն էլ վրդովված ծնողներին, որոնք դժգոհություն հայտնեցին, որ այսքան ամիս սպասելուց հետո նիստը դարձյալ պետք է հետաձգվի։ Լուսանկարում՝ զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները Մասնավորապես, տուժողներ Արա Հարությունյանը, Արտակ Անդրեասյանը եւ Գեղամ Էլիբեկյանը, լինելով պատշաճ ծանուցված, չէին ներկայացել դատական նիստերին (Արա Հարությունյանը հայտնել էր, որ վատառողջ է, սակայն բժշկական տեղեկանք չէր ներկայացրել), Ալեքսանդր Բաբայանը եւ Գաբրիել Հարությունյանը պատշաճ ծանուցված չէին եղել, իսկ Արթուր Ստեփանյանի ծանուցումը վերադարձվել էր չպահանջված նշումով։ Վերջինս դատարանին դիմում էր հասցեագրել՝ հայտնելով նիստին ներկայանալ չկարողանալու պատճառների մասին։ Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն տուժողների չներկայանալու վերաբերյալ։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը առաջարկեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած տուժողներին, իսկ մյուսներին ծանուցել եւս մեկ անգամ։ Պաշտպանական կողմը չառարկեց։ Դատավորը որոշեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած տուժողներին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպաններ Վահան Հովհաննիսյանը, Վահան Գեւորգյանը, Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը
11:18 - 01 հուլիսի, 2023
Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պատերազմի արդյունքների վերլուծություն է կատարել՝ հանգելով այն եզրակացության, որ դեռեւս սեպտեմբերի 24-ից եղել են հստակ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման վերաբերյալ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս մասին այսօր հայտնեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը՝ դատարանին միջնորդելով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գաղտնի գործավարությունից պահանջել եւ որպես ապացույց ճանաչել այդ վերլուծության՝ քննիչի կողմից ուսումնասիրված, սակայն քրեական գործում չներառված նյութերը։ Գնդապետ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Ըստ մեղադրանքի՝ հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Աբրահամյանը Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։ Հանրային մեղադրողը ներկայացրեց այն ապացույցները, որոնք, իր գնահատմամբ, ենթակա են հետազոտման Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով դատարանը դեռեւս նախնական դատալսումների փուլում է։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր դիմեց կողմերին՝ առաջարկելով հայտնել, թե ապացույցների հետազոտման ինչ հաջորդականություն են ցանկանում սահմանել։ Հանրային մեղադրող (դատախազ) Վազգեն Վարդանյանը առաջարկեց նախ հետազոտել գործի նյութերը, որից հետո հարցաքննել դատակոչված վկաներին եւ վերջում լսել մեղադրյալին։ Արձագանքելով պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 319-րդ հոդվածը, ըստ որի՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, պաշտպանը մեղադրողին առաջարկեց առանձին–առանձին նշել, թե որ ապացույցները պետք է հետազոտեն, եւ դրանցից յուրաքանչյուրով փաստական ինչ հանգամանք է հաստատվում կամ հերքվում։ Ի պատասխան՝ Վազգեն Վարդանյանը ասաց՝ մեղադրական եզրակացության հավելվածում նշված է այն ապացույցների ցանկը, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, եւ որոնցով, ըստ իրեն, հիմնավորվում է ենթադրյալ հանցանքը։ Դատավորն առաջարկեց մանրամասնել դրանք, ինչից հետո Վարդանյանը հրապարակեց այդ ապացույցները, որոնք, ըստ իրեն, ենթակա են դատարանում հետազոտման։  Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը Դրանցից առաջինը, ըստ Վարդանյանի, դատակոչի ցուցակում ներառված 51 վկաների, այդ թվում՝ ՊԲ ներկա եւ նախկին հրամանատարներ Կամո Վարդանյանի եւ Ջալալ Հարությունյանի, ՀՀ ԳՇ ներկա եւ նախկին պետեր Էդվարդ Ասրյանի եւ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ցուցմունքներն են։ Երկրորդ խումբը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների արձանագրություններն են։ Մեղադրողի խոսքից պարզ դարձավ, որ Աբրահամյանը, ի թիվս այլոց, առերեսվել է նաեւ Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, ինչպես նաեւ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Շաքարյանի հետ։ Նշենք, որ առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ: Ապացույցների մյուս խումբը, որ, ըստ մեղադրողի, ենթակա է դատարանում հետազոտման, զննության արձանագրություններն էին, արտավարութային փաստաթուղթ ճանաչելու որոշումները, գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությունները։ Մյուս ապացույցն էլ, որ հիշատակեց մեղադրողը, Սեւակ Աբրահամյանի երկու ցուցմունքերն են, որը նա տվել է նախաքննության փուլում դեռեւս վկայի կարգավիճակով․ «Սեւակ Աբրահամյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց հիմք ընդունելով ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները՝ հարցաքննվել է կասկածի շուրջ, որի ժամանակ նրան պարզաբանվել են ցուցմունք չտալու, փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու եւ այդ պարագայում փաստաբանի՝ որպես պաշտպան հանդես գալու իրավունքները»,– հայտնեց մեղադրողը։ Աբրահամյանը, սակայն, այդ փուլում հարցաքննվել է առանց պաշտպանի։ Սեւակ Աբրահամյանը հրաժարվեց նախաքննության փուլում որպես վկա տված իր ցուցմունքից Արձագանքելով մեղադրողի ելույթի վերջին դրվագին՝ պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 97-րդ հոդվածը, ըստ որի՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից․ «Կոնկրետ դեպքում Սեւակ Աբրահամյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել, դա որպես մեղադրյալի ցուցմունք չէր կարող օգտագործվել, բայց քանի որ կասկածանքի շուրջ է հարցաքննվել, դա դիտարկվում է որպես մեղադրյալի հարցաքննություն, եւ քանի որ այդ հարցաքննություններին պաշտպան չի ունեցել, Սեւակ Աբրահամյանը հիմա հայտարարում է, որ այդ ցուցմունքներից հրաժարվում է, եւ օրենքի իմպերատիվ պահանջն է, որ դրանք անմիջապես հանվեն գործի նյութերից»,– ասաց Թամրազյանը։ Թե կոնկրետ ինչ է Աբրահամյանն ասել այդ ցուցմունքներում, քննարկման առարկա չդարձավ։ Հաջորդիվ պաշտպանը ներկայացրեց իր գնահատմամբ դատարանում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, որոնց թվում էին ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների գաղտնի եւ ոչ գաղտնի մի շարք հրամաններ ու կարգադրություններ։ Նա մանրամասնեց, թե դրանցից յուրաքանչյուրն ինչու է անհրաժեշտ հետազոտել՝ միաժամանակ ասելով, որ իր համար զարմանալի չէր, որ մեղադրողը չմանրամասնեց, թե որ ապացույցը որ փաստական հանգամանքն է հաստատում․ ըստ պաշտպանի՝ դրանցով որեւէ հանգամանք չի հաստատվում․ «Վերացական մեղադրական եզրակացությունը կազմել են, վերացական էլ հայտարարվեց»։ Լուսանկարում՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը, պաշտպան Արման Թամրազյանը Ըստ Թամրազյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի վերոնշյալ վերլուծությունից բացի մարտական գործողությունների վերլուծություն է կատարվել նաեւ 10–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կողմից։ Հաշվի առնելով, որ Սեւակ Աբրահամյանի ղեկավարած 6-րդ ՊՇ–ն այդ դիվիզիայի կազմի մեջ է եղել՝ նա միջնորդեց պահանջել նաեւ այդ վերլուծության նյութերը։  Միաժամանակ պաշտպանը միջնորդեց ձեռք բերել եւ որպես ապացույց ճանաչել 6-րդ ՊՇ–ի հրամանատարի մարտական հրամանը (կամ մարտական որոշումը) եւ դրա հավելված հանդիսացող մարտական քարտեզը․ «Այդ քարտեզը հարցաքննությունների ժամանակ մենք տեսել ենք քննիչի մոտ, բայց դա գաղտնի է, դատարան չի ուղարկվել։ Այդ մարտական որոշման մեջ նշված է՝ եթե հակառակորդը հարձակվի, որ ուղղությամբ է հարձակելու, ինչ ուժերով, եւ Սեւակ Աբրահամյանը ինչ գործողություններ պետք է անի այդ դեպքում։ Սեւակ Աբրահամյանին մեղադրում են, որ երբ հակառակորդը հարձակվել է, 5 օր հետո պայքարել, գնացել Թալիշն ու Մատաղիսը տվել է։ Հիմա կարող է էդ որոշման մեջ ուղղակի մարտական խնդիր է տրված, որ երբ հակառակորդը հարձակվի, կթողես, կնահանջես, ո՞նց ենք հիմնավորել, որ այդպես չէ, գործը քննել են, ամենակարեւոր փաստաթուղթը ձեռք չեն բերել»։ Արման Թամրազյանը միջնորդեց որպես ապացույց ճանաչել եւ գործի նյութերին կցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում օրերս ունեցած ելույթի տեսագրությունը, քանի որ դրանում հնչած տեղեկությունների վերաբերյալ հարցեր են ուղղվելու վկաներին։ Պաշտպանը միջնորդեց որպես վկա հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին Հաջորդիվ Արման Թամրազյանը միջնորդեց դատարան կանչել եւ որպես վկա հարցաքննել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը նախաքննության փուլում հարցաքննվել է։ Մեջբերելով Արցախի Սահմանադրության 94-րդ հոդվածը, որը սահմանում է նախագահի լիազորությունները՝ պաշտպանն ասաց․ «Կոնկրետ դեպքում Աբրահամյանին մեղադրում են՝ ասելով, որ այ, ոչ մեկը չգիտեր, որ հակառակորդը հարձակվելու է, միայն դու գիտեիր, դու էլ ոչ մեկին չես ասել, բայց ԱՀ նախագահը, պատասխանատու լինելով եւ իրավունք ունենալով հայտարարել ռազմական դրություն եւ ամբողջական կամ մասնակի զորահավաք, դրա վերաբերյալ պետք է հարցաքննվի, պետք է հայտնի, թե հավանական հարձակման վերաբերյալ որպես նախագահ ինչ տեղեկություններ է ունեցել, երբ է ունեցել, ումից է ստացել, ում հետ է քննարկել»,–ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ցուցմունքներից մեկի համաձայն՝ Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին գնացել է ինչ–որ տեղ, եւ ասել՝ էս երկու օրը պատերազմ է սկսվելու․ «Հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանը այս տեղեկությանը տիրապետե՞լ է թե՞ չէ»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Նույն բացատրությամբ պաշտպանը պայմանավորեց նաեւ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի հարցաքննության անհրաժեշտությունը․ «Սեւակ Աբրահամյանից վերեւ գտնվող մարմինները շատ ավելի վաղ են ունեցել հարձակման մասին տեղեկություններ եւ շատ ավելի մեծ տեղեկեկություններ են ունեցել, եւ էն, որ մեղադրում, ասում են՝ Սեւակ Աբրահամյանն է ունեցել, երեւի դրանց մեկ տոկոսն էլ չի կազմում»։ Մյուս անձը, որը, ըստ Թամրազյանի, ենթակա է դատարանում հարցաքննության, ՊԲ գաղտնի գործավարության պետ Մարիամ Ծատրյանն է․ «Այն կարգադրությունները, որ նշված են Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ, եւ որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից, ուղարկող պաշտոնատար անձը Մարիամ Ծատրյանն է»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ նա, ի թիվս այլնի, պետք է տեղեկություններ հայտնի նաեւ զինծառայողների արձակուրդ մեկնելու եւ վերադառնալու կարգի վերաբերյալ․ «Եթե տրված է հրաման՝ կոնկրետ օր մեկնել արձակուրդ եւ կոնկրետ օր վերադառնալ, դա ո՞ր ժամանակահատվածն է ներառում, եւ արդյո՞ք դրա վերաբերյալ տրվում են այլ ներքին հրամաններ, որոնցով նոր զինծառայողը մեկնում է արձակուրդ»,– ասաց պաշտպանը։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է, քանի որ ըստ գործի նյութերի՝ Աբրահամյանը սեպտեմբերի 23-ին արձակուրդից վերադարձել է, բայց ըստ պաշտպանի՝ իրականում վերադարձած չի եղել։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Հուլիսի 14-ին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր գնահատմամբ հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
22:45 - 30 հունիսի, 2023
Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին

Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021 թվականի ընթացքում նրա իրականացրած ծախսերից ավելի քան 40 միլիոնը որևէ կերպ չի արտացոլվում ծախսերի հայտարարագրում։ Բացի այդ՝  Թադևոսյանը Արմավիրի մարզի Վանանդ համայնքում ընդարձակ հողամասեր ունի։    Թադևոսյանը ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ է։ Մինչ այդ նա Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ էր, իսկ դրանից առաջ ավագ քննիչ էր նույն մարմնի՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։    Արտակ Թադևոսյանի եկամուտներն ու ծախսերը 2021-ի տարեսկզբի դրությամբ  Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է շուրջ 27,8 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 26,3 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում Թադևոսյանի եկամուտները կազմել են շուրջ 53,4 միլիոն դրամ։ Այսպիսով, Թադևոսյանի ունեցած և տարվա ընթացքում ստացած միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 115,5 միլիոն դրամ։ 2021 թվականի տարեվերջի դրությամբ Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է 31,9 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 30,1 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Այսպիսով, տարվա վերջին առկա միջոցների հանրագումարը կազմել է շուրջ 70 միլիոն դրամ։  Հետևաբար ստացվում է, որ Արտակ Թադևոսյանը տարվա ընթացքում ծախսել է շուրջ 45,5 միլիոն դրամ, որից հայտարարագրում արտացոլված է միայն 5 միլիոն դրամը՝ որպես գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր, իսկ մնացած 40,5 միլիոն դրամը որևէ ձևով արտացոլված չէ հայտարարագրում։ Կոռուպցիայի կանխարգելման գործընթացում տարածված պրակտիկա է ոչ միայն այն դեպքերի դիտարկումը, երբ պաշտոնատար անձի գույքի ավելացումը,  պարտավորությունների նվազումը կամ  կատարված ծախսերը ողջամտորեն չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, այլ նաև այն դեպքերինը, երբ պաշտոնատար անձը իրականացնում է էականորեն մեծ ծախսեր, որոնք հայտարարագրում որևէ կերպ չեն արտացոլվում։ Ծախսերի հայտարարագրման հարցը բաց էր մինչև 2021 թվականը։ Սակայն 2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Բացի այդ՝ հայտարարագրման ենթակա է  ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է մեկ տարվա ընթացքում 40․5 միլիոն դրամը ծախսել այնպես, որ որևէ դեպքում միանվագ ծախսը չգերազանցի վերոնշյալ 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը չգերազանցի 3 միլիոն դրամը, սակայն գործնականում նման մեծության  ծախսի իրականացումը հարցեր է առաջացնում։ Այս հարցերի պարզաբանման համար «Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ դիմեց Արտակ Թադևոսյանին՝ տեղեկանալու, թե այս գումարները ինչ ուղղություններով է ծախսել։  Վերջինս նշել է, որ թեև հայտարարագրում եղած ֆինանսական տվյալները մեր կողմից թերի են ներկայացված, բացի այդ՝ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, այլ ոչ անձի կողմից կատարված ծախսերին, ինչպես նաև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է․ «Հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու եմ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։ Ֆինանսական տվյալների ներկայացման մեջ իսկապես առկա էին թերություններ, սակայն դրանք էական ազդեցություն չունեին հարցման բովանդակության վրա (օր․՝ 40,5 միլիոնի փոխարեն նշված էր 42 միլիոն դրամ)։ Այնուամենայնիվ, հարցման պատասխանից հստակ է, որ անգամ դրանց բացակայության դեպքում Արտակ Թադևոսյանի պատասխանի բուն բովանդակությունը չէր փոփոխվելու։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի հայտարարագրերում առկա է մեկ այլ ուշագրավ տվյալ։ Թադևոսյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերի համեմատությունից պարզ է դառնում, որ 2020-ի տարեվերջի դրությամբ նա ավելի քան 31 միլիոն դրամի հանձնված փոխառություններ է ունեցել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին ու «Հայբիզնեսբանկ»-ին։ Սակայն 2021-ի տարեսկզբին հանձնված փոխառությունների գումարը կազմել է շուրջ 27,8 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ  ավելի քան 3,2 միլիոն դրամի չափով փոխառության վերադարձ է եղել։ Բացի այդ՝ 2020-ի  տարեվերջի համեմատությամբ 2021-ի տարեսկզբին 400 հազար դրամով նվազել են նաև Թադևոսյանի դրամական միջոցները։ Հայտարարագրերի այլ դաշտերում փոփոխություններ չեն եղել։ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերում ներկայացվող տվյալները վերաբերվում են հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածին, հետևաբար տարվա վերջը դեկտեմբերի 31-ն է, իսկ տարվա սկիզբը՝ հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ 1 օրվա ընթացքում Արտակ Թադևոսյանը, այս երկու դրվագները միասին վերցրած, շուրջ 3,6 միլիոն դրամի ծախսեր է իրականացրել, որոնք հայտարարագրման ենթակա չեն եղել։ 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր  2021 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր  Բացի այդ՝ 2021-ի տարեվերջին Թադևոսյանն ունեցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին հանձնված մոտ 31,8 միլիոն դրամի փոխառություն։ Սա, ենթադրաբար, տրվել է ՀԿ-ին՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բնակարան գնելու համար։ 2022-ի տարեսկզբին արդեն ԵՊՀ շրջանավարտների միավորմանը հանձնված փոխառությունն անհետացել է, և հայտնվել է նոր փոխառություն, որի պարտապան է դարձել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։ Հանձնված փոխառության ծավալը կազմել է 28,2 միլիոն դրամ։ 2022 թվականի տարեվերջի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկին հանձնված այս փոխառության գումարը նվազել է՝  կազմելով մոտ 23,7 միլիոն դրամ։ Հետաքրքիր է, որ տարեվերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դաշտում առկա է ստացված հիփոթեքային վարկի մնացորդ՝ նույն մեծությամբ։ Ենթադրաբար Արտակ Թադևոսյանը ստացված հիփոթեքային վարկը լրացրել է նաև որպես իր կողմից հանձնված փոխառություն։ 2022-ի հայտարարագրում Արտակ Թադևոսյանը նաև հայտարարագրել է «Հայբիզնեսբանկ»-ին տրված 131 000 դրամի փոխառություն։ Ճշգրիտ նույն գումարը նա հայտարարագրել է նաև որպես իր բանկային հաշվի մնացորդ։ Քննիչի հայտարարագրի այս գրառումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ հայտարարագրում ներկայացված տվյալներում կարող են լինել վրիպակներ, լրացնելու պահանջների և տվյալների  արժանահավատության հետ կապված խնդիրներ։ Մենք փորձեցինք Արտակ Թադևոսյանից այս անգամ արդեն բանավոր մեկնաբանություն ստանալ այս և վերոնշյալ մյուս հարցերի վերաբերյալ, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։   Արտակ Թադևոսյանի հողերը Վանանդում Թադևոսյանի՝ 2022 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա սեփականությամբ իրեն պատկանող 6 միավոր հողամաս ունի Արմավիրի մարզի Վանանդ գյուղում․ դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Կադաստրի կոմիտեի՝ այս տարվա տվյալներով, սակայն, Արտակ Թադևոսյանը Վանանդում 5 միավոր հողամասերի սեփականատեր է։ Թադևոսյանին սեփականությամբ պատկանող  ամենափոքր հողը 4500 քառակուսի մետր է, ամենամեծը՝ 3,3 հեկտար։  2017-ի մայիսին Արտակ Թադևոսյանը քաղաքացի Էդգար Ղահրամանյանից 200 000 դրամով ձեռք է բերել Վանանդում գտնվող 1,5 հեկտար մակերեսով հողամասը։  2018-ի հունվարին նույն գնով Թադևոսյանը գնել է 1,48  հեկտար մակերեսով հողամաս։ 2020-ի օգոստոսին Վանանդ համայնքից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը ձեռք է բերել 7300 քառակուսի մետր մակերեսով հողամաս՝ վճարելով 56 000 դրամ։  2021-ի օգոստոսին Թադևոսյանը 4500 քառակուսի մետր մակերեսով հողամաս է ձեռք բերել Վանանդ համայնքից։ Դրա համար նա վճարել էր 37 000 դրամ։ 2021-ի սեպտեմբերին ձեռք է բերել 3,3 հեկտար հողամաս քաղաքացի Սլավիկ Ջուլյանից 900 000 դրամով։ Ուշագրավ է, որ Ջուլյանը 2011-ին այս հողամասը ձեռք էր բերել 1,4 միլիոն դրամով։ Սրանք Թադևոսյանին սեփականությամբ պատկանող հողերն են: Բացի դրանից՝ քննիչը ընդհանուր առմամբ ավելի քան 15 հեկտարի հողեր ունի վարձակալած Վանանդում։ Վարձատուն եղել է համայնքապետարանը։ 3 միավոր հողամասերից մեկը 2,65 հեկտար է, երկրորդը՝ 6,24 հեկտար, երրորդը՝ 6,38 հեկտար։ 3 հողամասերի համար վարձակալության ընդհանուր գումարը 155 000 դրամ է։ 2022-ի հոկտեմբերին Թադևոսյանը ենթավարձակալել է նաև 6,2 հեկտար մակերեսով հողամաս տարեկան 71 000 դրամով։  Արտակ Թադևոսյանին պատկանող ևս 2 գույքի մասին քարտեզում նշումներ կատարված չեն, քանի որ Google Maps համակարգում դրանք հնարավոր չի նույնականացնել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում վարելահողերը հիմնականում անջրդի են, կա ոռոգման սուր խնդիր։ Արբանյակային լուսանկարներից երևում է, սակայն, որ հողերի մի մասն այնուհանդերձ ոռոգելի է։ Արտակ Թադևոսյանի վարձակալած հողերից մեկը՝ 6,38  հեկտար մակերեսով, հենց ոռոգելի վարելահողերի հատվածում է։ Հողամասը նա վարձակալել է համայնքից  25 տարով, տարեկան ընդամենը  64 500 դրամով։ Համեմատության համար նշենք, որ Վանանդի անջրդի հատվածում ունեցած 6,24 հեկտար հողամասի ենթավարձակալության համար Թադևոսյանը տարեկան վճարում է 63 000 դրամ։ Սա նշանակում է, որ նույնական մակերեսով հողամասերի համար, որոնցից մեկը ոռոգվող հատվածում է, իսկ մյուսը՝ անոռոգելի, Թադևոսյանը գրեթե նույնական վարձավճար է վճարում։  Այս դեպքում ևս մենք փորձեցինք բանավոր մեկնաբանություն ստանալ Թադևոսյանից, սակայն նա այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
16:33 - 27 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է հայտարարության նախնական տարբերակը․ Նաիրի Հոխիկյանը մանիպուլացնում է

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Վերջինս իր ծավալուն ելույթում խոսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների մասին, ներկայացրել այդ ընթացքում եղած շփումները տարբեր կողմերի հետ, անդրադարձել հրադադարի վերաբերյալ քննարկված բոլոր համաձայնագրերին, այդ թվում՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին։ Լրագրող Նաիրի Հոխիկյանը, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, տելեգրամյան իր ալիքում մանիպուլյատիվ է ներկայացրել վերջինիս խոսքի այն հատվածը, որը վերաբերել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Մասնավորապես, Հոխիկյանը գրել է, թե Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, այնինչ այն հրապարակվել է երեկոյան․ «Նիկոլը քիչ առաջ հայտնեց, որ 2020 թվականի խայտառակ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրել է նոյեմբերի 9-ի առավոտյան, թեև փաստաթուղթը հրապարակվել է միայն երեկոյան։ Այսինքն այն պահին, երբ հայկական բանակը կյանքի ու մահվան կռիվ էր տալիս Շուշիի համար, երբ տասնյակ հայեր էին զոհվում առաջնագծում, երբ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարում էր, որ Շուշին մերը չի, իսկ Նիկոլն էլ արձագանքում էր, թե "Շուշիի համար մարտերը շարունակվում են", այդ ժամանակ Նիկոլն արդեն իսկ հանձնել էր ամեն ինչ ու ստում էր, որ ավելի շատ զոհեր ունենանք, որ թշնամին ավելի շատ տարածք կարողանա ստանալ»,- գրել է Հոխիկյանը։ Նիկոլ Փաշինյանը ելույթում իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, սակայն, նշել է, որ այդ փաստաթուղթը եղել է եռակողմ հայտարարության նախնական տարբերակը միայն, որտեղ խոսք չի եղել Շուշիի հանձնման, Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվել է միայն ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների տեղակայման մասին։ Ըստ Փաշինյանի՝ ինքը ստորագրել է այդ տարբերակը, սակայն Ադրբեջանը դրանում փոփոխություններ է առաջարկել, որոնք արդեն հայկական կողմի համար են անընդունելի եղել։ Ի վերջո առավոտյան Փաշինյանի ստորագրած փաստաթուղթն ուժը կորցրել է առաջարկված փոփոխությունների շուրջ անհամաձայնության բերումով, և միայն երեկոյան նոր տարբերակն է դրվել սեղանին, որն էլ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները․ այդ փաստաթուղթն էլ հրապարակվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։  Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի այդ հատվածն ամբողջությամբ և առանց խմբագրման, որպեսզի տեսանելի լինի ամբողջ համատեքստը․ «Ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարծքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Այսինքն՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ուշադրություն դարձրեք, ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի, լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ պարզվեց, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում։ Այսինքն, օրվա ընթացքում անընդհատ էդ ստորագրված տեքստը ոնց որ շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում տարբեր քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում է, որ տեքստին նոր լրացումներ են առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանը առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկությունը հրապարակվել է այդ փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց, և որ հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին։ Այսպիսով, Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը մանիպուլյատիվ է և ապակողմնորոշող։ Փաշինյանն իսկապես ասել է, որ նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրել է փաստաթուղթ, բայց դա եռակողմ հայտարարության միայն նախնական տարբերակն է եղել, որին ադրբեջանական կողմը համաձայնություն չի տվել՝ առաջարկելով նոր փոփոխություններ՝ այս անգամ անընդունելի հայկական կողմի համար։ Ջուլիետտա Հովհաննիսյան
15:08 - 20 հունիսի, 2023
Զինծառայությանը՝ պիտանի, քաղաքացիական կյանքում զենքի տիրապետմանը՝ ոչ պիտանի

Զինծառայությանը՝ պիտանի, քաղաքացիական կյանքում զենքի տիրապետմանը՝ ոչ պիտանի

Այս տարվա ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդեց, որ նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը: Գրառման մեջ կարճ ներկայացված էին այն հիվանդություններն ու խանգարումները, որոնց առկայության պարագայում անձն իրավունք չի ունենալու զենք ձեռք բերել, կրել եւ օգտագործել։ Նախարարության այս գրառումը շատ քաղաքացիների վրդովմունքի առիթ հանդիսացավ, հատկապես այն պատճառով, որ դրանում ներկայացված էին ընդհանրական ձեւակերպումներ, որոնցից, ըստ էության, հասկանալի չէր, թե ինչ է նկատի առնվում, օրինակ ապրելակերպի հետ կապված խնդիրներ կամ նյարդային համակարգի հիվանդություններ ասելով։ Եւ միայն բազմաթիվ մեկնաբանություններից հետո հաջորդ օրը նախարարությունն այդ գրառմանը կցեց հավելվածի հղումը, որտեղ առավել մանրամասն է ներկայացված այն խանգարումների ցանկը, որոնց դեպքում սահմանափակվում է զենք ձեռք բերելու եւ օգտագործելու իրավունքը։ Հաջորդ օրը նախարարությունը նաեւ պարզաբանող գրառմամբ հանդես եկավ՝ նշելով, որ նախորդիվ ներկայացվել են միայն հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանը 2022թ․ հոկտեմբերի 5-ին ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել ս․թ․ հունիսի 1-ին։ Ելնելով այս օրենքի դրույթներից եւ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին վարչապետի որոշումից, վերանայել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը՝ որոշակի փոփոխություններ անելով դրանում։ Մասնավորապես, այս ցանկը համապատասխանեցվել է Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի տասներորդ վերանայմանը։ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը բաղկացած է 6 բաժնից՝   Հոգեկան խանգարումներ, Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ, Ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ, Աչքի եւ նրա հավելումների հիվանդություններ, Վիրաբուժական հիվանդություններ, Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ։ Այս բաժիններից առաջին հինգը նույն խմբավորմամբ եղել են նաեւ այն ցանկում, որն արդեն ուժը կորցրել է։ Այդ ցանկում ներառված չի եղել վերջին բաժինը՝ «Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ»։ Առաջիկայում կանդրադառնանք երկու ցանկերում ներառված հիվանդություններին եւ վիճակներին՝ համեմատելով արված փոփոխությունները։ Իսկ մինչ այդ կներկայացնենք որոշ օրինակներ՝ ցույց տալով, թե օրեր անց ուժի մեջ մտնող ցանկի հիվանդություններից եւ վիճակներից որոնց առկայության պարագայում են անձինք պիտանի համարվում զինվորական ծառայության համար, մինչդեռ որպես ֆիզիկական անձ չեն կարող տիրապետել զենքի։ Պիտանի է զինվորական ծառայության համար, բայց քաղաքացիական կյանքում չի կարող զենք ձեռք բերել 2018 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։  Ստորեւ ներկայացնում ենք մի շարք հիվանդությունների եւ խանգարումների օրինակներ, որոնց առկայության պարագայում անձը համարվում է զինծառայության համար պիտանի, բայց քաղաքացիական կյանքում այդ հիվանդության առկայությունը խոչընդոտ է զենք ձեռք բերելու եւ տիրապետելու համար։ Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի վեցերորդ կետը ներառում է վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ։ Այս ենթավերնագրի ներքո, ինչպես ծանոթանում ենք ՀՄԴ-10-ում, ի թիվս այլնի՝ ներառված են նաեւ քնի խանգարումները (51), սեռական դիսֆունկցիան (F52), սննդի խանգարումները (F50) եւ այլն։ Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում «Ոչ օրգանական ծագման քնի խանգարումներ» ենթավերնագիրը զետեղված է F51 դասակարգչի ներքո, մեկնաբանությունն այսպիսին է․ «[...] Այս դասը ներառում է քնի միայն այն խանգարումները, որոնց ժամանակ որպես առաջնային գործոն հանդես են գալիս հուզական պատճառները, եւ որոնք պայմանավորված չեն այլ դասերում նույնականացված սոմատիկ խանգարումներով»: Մինչդեռ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում չենք հանդիպում քնի խանգարումների մասին դրույթի։ Առհասարակ, այս ցանկում «քնի խանգարումներ» ձեւակերպումը հիշատակվում է մեկ անգամ․ մասնավորապես, գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդությունների վերաբերյալ հոդվածի «բ» կետին են վերաբերում նաեւ ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երեւույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն եւ այլն):  Ցանկում չենք հանդիպում նաեւ սեռական դիսֆունկցիայի առկայության պարագայում ծառայության համար ոչ պիտանի լինելու դրույթի։ Հոգեբանական զարգացման խանգարումներ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի իններոդ կետը վերաբերում է հոգեբանական զարգացման խանգարումներին։ ՀՄԴ-10-ում ծանոթանում ենք, որ այս բաժնի F80 դասիչի ներքո են խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումները։ Մեկնաբանության մեջ ասված է, որ սրանք խանգարումներ են, որոնց ժամանակ, սկսած զարգացման ամենավաղ փուլերից, տուժում է լեզվային հմտությունների ձեռք բերման նորմալ ընթացքը: Այդ վիճակներն անմիջականորեն չեն առնչվում նյարդաբանական եւ խոսքի մեխանիզմների խանգարումներին, զգայական անբավարարությանը, մտավոր հետամնացությանը կամ շրջակա միջավայրի գործոններին:  F80.8 դասիչի ներքո է, օրինակ, սվսվախոսությունը (սուլական «ս» եւ «զ» հնչյունների արտաբերման խանգարում), մինչդեռ նման խանգարման մասին Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում նշում չկա։ Սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի տասներորդ կետը վերաբերում է սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներին։  ՀՄԴ-10-ում այս խանգարումները ներառված են F90-F98 դասիչների միջակայքում։ Դրանցից F95-ն, օրինակ, «տիկային (ջղակծկումային) խանգարումներն» են։ Դասակարգչում մանրամասնված է, որ տիկերը ակամա, արագ, կրկնվող, ոչ ռիթմիկ շարժումներ (սովորաբար ներառում են սահմանափակ մկանային խմբեր) կամ ձայնային հնչյուն են, որոնք առաջանում են հանկարծակի եւ չունեն որոշակի նպատակ․ «Տիկերն ունեն անհաղթահարելիության միտում, սակայն սովորաբար դրանք կարող են ճնշվել տարբեր տեւողության ժամանակահատվածներում: Դրանք ուժեղանում են սթրեսից եւ անհետանում են քնած վիճակում: Սովորական պարզ շարժողական տիկերը ներառում են թարթելը, պարանոցի ջղաձգումները, ուսերի թափահարումը եւ դեմքի ծամածռությունները: Սովորական պարզ ձայնային տիկերը ներառում են հազալը (կոկորդ մաքրելը), հաչոցանման ձայները, փնչացնելը, սուլոցը: Սովորական բարդ շարժողական տիկերը ներառում են ինքն իրեն հարվածելը, թռչկոտելը եւ ցատկելը: Սովորական բարդ ձայնային տիկերը ներառում են հատուկ բառերի կրկնությունը եւ, երբեմն, հասարակության մեջ անընդունելի (հաճախ անպարկեշտ) բառերի (կոպրոլալիա) եւ սեփական ձայների կամ բառերի կրկնությունը (պալիլալիա)»: Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում ոչ միայն «սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ» անվանումով հոդված կամ կետ ներառված չէ, այլեւ չկա նշում տիկային խանգարման առկայության պարագայի մասին։  Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 68-րդ հոդվածը վերաբերում է խոսքի արատներին, ձայնագոյացման խանգարումներին։ Հոդվածում նշված չէ, որ վերը նշված խանգարումն ունեցող անձը ծառայության համար պիտանի չէ։ Մինչդեռ այդ խանգարման դասիչը եւս ներառված է Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկում։ Քնի խանգարումներ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի երկրորդ բաժինը վերաբերում է նյարդային համակարգի հիվանդություններին եւ վնասվածքների հետեւանքներին։ Դրա վերջին կետը «Քնի խանգարումներն» է՝ ՀՄԴ-10-ում G47 դասիչի ներքո։ Դասիչը բաժանված է հետեւյալ ենթադասիչներին՝ - քուն մտնելու եւ քունը պահպանելու խանգարումներ (անքնություն), - չափից ավելի քնկոտության խանգարումներ (հիպերսոմնիաներ), - քնի եւ առույգության պարբերականության խանգարումներ, - քնելու փուլի երկարաձգման համախտանիշ, - քնելու-արթնանալու անկանոն դրսեւորումներ, - շնչադադար (ապնոէ) քնի մեջ, - նարկոլեպսիա եւ կատալեպսիա, - քնի այլ խանգարումներ, - Կլեյն-Լեւինի համախտանիշ, - քնի այլ խանգարումներ` չճշտված։ Ինչպես վերը նշեցինք՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում քնի խանգարումների մասին առանձին հոդված չկա, չեն հանդիպում նաեւ Կլեյն-Լեւինի համախտանիշ, շնչադադար կամ ապոնէ, անքնություն ձեւակերպումները։ Խանգարումներ՝ կապված ապրելակերպի հետ Ինչպես վերը նշեցինք՝ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկում ավելացրել է մի նոր բաժին՝ «Խանգարումներ՝ կապված ապրելակերպի հետ», որի ներքո զետեղված են «նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ կապված խնդիրներն (Z73)» ու «ապրելակերպի հետ կապված այլ խնդիրները (Z 72.8)»։  Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում նորմալ ապրելակերպի պահպանման դժվարություններ հետ կապված խնդիրներ ենթավերնագրի ներքո նշված է․ - գերհոգնածություն, կենսական ուժերի սպառման վիճակ, - ընդգծված անձնավորված հատկություններ (բնութագրվում է ավելորդ փառասիրությամբ, մեծ ձեռքբերումների պահանջմունքով, անհանդուրժողականությամբ, անիրազեկությամբ եւ ձանձրացմամբ), - հանգստի եւ թուլացման անբավարարություն, - սթրեսային վիճակ` այլ դասերում չդասակարգված, ֆիզիկական եւ մտավոր լարվածություն` առանց լրացուցիչ ճշտումների, - անհամապատասխան սոցիալական հմտություններ` այլ դասերում չդասակարգված, - բախում՝ կապված սոցիալական դերի հետ` այլ դասերում չդասակարգված, - գործունեության սահմանափակումներ` կապված աշխատունակության իջեցման կամ կորստի հետ, - այլ խնդիրներ` կապված ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ, - խնդիր` կապված ապրելակերպի պահպանման դժվարության հետ` չճշտված։ Իսկ ապրելակերպի հետ կապված այլ խնդիրներ ենթավերնագրի ներքո նշված է ինքնավնասումներ առաջացնող վարք։ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում չենք հանդիպում գերհոգնածության, կենսական ուժերի սպառման վիճակներ ձեւակերպումների։ Մինչդեռ նման վիճակների առկայության պարագայում անձը չի կարող տիրապետել զենքի։ Չենք հանդիպում նաեւ դրույթի հանգստի եւ թուլացման անբավարարության վերաբերյալ, ֆիզիկական եւ մտավոր լարվածության վերաբերյալ եւ այլն, ինչպես նաեւ առանձին նշում չկա ինքնավնասումներ առաջացնող վարքի մասին։ Այսպիսով, Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկում կան մի շարք հիվանդություններ, որոնք ունեն տարբեր դրսեւորումներ եւ արտահայտվածության տարբեր աստիճաններ՝ թեթեւից մինչեւ ծանր եւ լուրջ հետեւանքներով։ Որոշ խանգարումների եւ վիճակների պարագայում, սակայն, անձինք պիտանի են համարվում զինվորական ծառայության համար, մինչդեռ քաղաքացիական կյանքում զենքի տիրապետելու թույլտվություն չեն կարող ստանալ։  Ս․թ․ մայիսի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Առողջապահության նախարարությանը՝ վերը հիշատակված յուրաքանչյուր կետի համար խնդրելով մեկնաբանություն այն մասին, թե ինչու մի պարագայում հիվանդությունը կամ խանգարումը համարվում է զենքի կրման խչոընդոտ, իսկ մյուս պարագայում անձը պիտանի է համարվում զինծառայության համար։ ԱՆ-ն հարցմանը պատասխանելու համար խնդրել էր 30-օրյա ժամկետ։ Նախարարությունը, նշելով, որ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը մշակելիս հաշվի են առնվել բոլոր այն հիվանդությունները եւ վիճակները, որոնք կապված են հոգեկան առողջության եւ վարքի խանգարումների, ինչպես նաեւ անձի մոտ տարբեր տեսակի ֆունկիցինալ խանգարումների հետ, հունիսի 12-ի գրությամբ պատասխանել է հետեւյալը․ «Ինչ վերաբերվում է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի հետ համեմատմանը, ապա հայտնում եմ, որ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը չունի անձի մոտ հիվանդությունների եւ վիճակների ախտորոշման ուղիղ կիրառելիություն, այն տալիս է անձի առողջական վիճակի, ինչպես նաեւ խանգարումների աստիճանների ընդհանուր բնութագիր, ինչը կիրառվում է բացառապես անձի բժշկական եւ զինծառայողի ռազմաբժշկական փորձաքննական նպատակով, որի արդյունքներով գնահատվում է անձի՝ զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը»։ Քանի որ Առողջապահության նախարարության գրավոր պատասխանում հստակ չէր՝ ինչն է այս տարբեր սկզբունքների պատճառը, համապատասխան վարչությունից փորձեցինք բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն Բժշկական օգնության քաղաքականության վարչությունից նշեցին, որ գրավոր տրամադրված պատասխանը նախարարության ամբողջական պատասխանն է։ Հայարփի Բաղդասարյան
17:16 - 14 հունիսի, 2023
Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս

Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս

2020-ի վերջին և 2021-ին Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը միավորեց մի քանի ֆիզիկոսների ու քիմիկոսների, որոնք մինչ այդ իրար չէին ճանաչում․ նրանցից մեկը որոշել էր թողնել գիտությունը, մյուսը նոր էր պաշտպանել ասպիրանտական թեզն ու գիտական հաստատություններ էր փնտրում, որտեղ կարող էր աշխատել․․․ Նրանց բոլորին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ էր բերել այն, որ այստեղ գիտական նոր կենտրոն էր ստեղծվում։  Բայց այս պատմությունը սկսվել էր շատ վաղուց․ դեռ 2013-ին էր տեսական ֆիզիկոս Մկրտիչ Երանոսյանը որոշել, որ պիտի թողնի տեսական ֆիզիկան ու նանոգիտությամբ զբաղվի։ Նրա այդ որոշումն էր պատճառը, որ տարիներ անց ստեղծվեց Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի
22:35 - 03 հունիսի, 2023
Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը հայտարարագրեր չի ներկայացրել. ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի հայտարարագրերը, որոնք պահանջվում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու  ժամանակ, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։  Խաչիկ Ղազարյանը 2021 թ․ նոյեմբերի 16-ից զբաղեցրել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այս պաշտոնում վերջինս դադարել է աշխատել 2022 թ․ հոկտեմբերի 11-ին։ Դրանից մոտ երկու ամիս անց՝ 2022 թ․ դեկտեմբերի 2-ին Խաչիկ Ղազարյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ 2023թ. փետրվարի 17-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Այսպիսով, և՛ Խաչիկ Ղազարյանը, և՛ նրա ընտանիքի չափահաս անդամները (այս դեպքում՝ կինը) 2021 թ․ դեկտեմբերին պետք է ներկայացնեին պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 2022 թ․ նոյեմբերին՝ դադարեցնելու հայտարարագրերը, իսկ մինչև 2022 թ․ մայիսի 31-ը՝ 2021-ի տարեկան հայտարարագրերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում առկա են Խաչիկ Ղազարյանի՝ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, 2021 թ․ տարեկան, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը։ Փաստացի, Խաչիկ Ղազարյանը ներկայացրել է պահանջվող բոլոր հայտարարագրերը։ Խաչիկ Ղազարյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը եղել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ։ Նրա խոսքով այս դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։ Հայտարարագրերի ներկայացման հետ կապված այլ իրավիճակ է նրա կնոջ դեպքում։ Արմինե Պետրոսյանը 3 հայտարարագրերից որևէ մեկը չի ներկայացրել։ Պատասխանելով «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը՝ Ղազարյանը նշեց՝ «խնդիրը բացառապես պայմանավորված է եղել որոշակի տեխնիկական անհնարինությամբ»։ Բանավոր զրույցում դատավորը ներկայացրեց՝ եղել է տեխնիկական խոչընդոտ, իր կինը լրացրել է հատարարագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համակարգով, բայց համակարգը թույլ չի տվել հայտարարագիրը վերբեռնել։ Փորձել են հայտարարագիր ներկայացնել նոր համակարգով, բայց ապարդյուն. «Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրեց Ղազարյանը։  Ղազարյանի խոսքով ԿԿՀ կայքը խափանվել է, անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները չեն եղել, մի քանի օր առաջվա դրությամբ դեռ «պատուհան» չի եղել, ու կինը նորից չի կարողացել լրացնել տարեկան հայտարարագիր 2021-ի համար։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի խոսքով պաշտոնը ստանձնելու հայտարարագրերը իր կինը լրացրել է, բայց դրանք համակարգի անկատարության հետևանքով չեն արտացոլվել։  Ղազարյանն ասաց՝ «տրամաբանություն չկա հայտարարագիր չներկայացնելու», և վստահեցրեց՝ կարելի է ստուգել զանգերով և պարզել, որ մոտ 50 զանգ են կատարել ԿԿՀ՝ հայտարարագրերի խնդիրը լուծելու համար։   Մեր ճշտող հարցին՝  հայտարարագրերը ներկայացնելու փորձերը և զանգերը կատարվել են մինչև հայտարարագրերի ներկայացման համար սահմանված ժամկետների ավա՞րտը, թե՞ այդ ժամկետների ավարտից հետո, Ղազարյանը պատասխանեց․ «Կինս փորձել է զանգահարել։ Դուք էլ որ փորձեք զանգեք, կտեսնեք, որ համարները չեն պատասխանում։ Հաստատ հայտարարագրման ժամկետի մեջ ենք փորձել, դրանից հետո էլ ենք փորձել։ Կինս ավելի ուշ է լրացրել, որովհետև իրեն մուտք գործելու գաղտնաբառերը ուշ են եկել կամ չեն էլ եկել»։  «Ինֆոքոմ»-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տեղեկանալու, թե ինչու Հակակոռուպցիոն դատարանի նախագահի կինը չի ներկայացրել հայտարարագրերը, և ինչ քայլեր է ձեռնարկել ԿԿՀ-ն՝ այս փաստով պայմանավորված։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հայտարարատու անձանց գրավոր ծանուցում ուղարկելու ժամկետ սահմանված չէ, հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ավտոմատացված չէ, հայտարարագրեր չներկայացնելու փաստն ինքնին չի արձանագրվում, և գրավոր ծանուցում ուղարկվում է այն ժամանակ, երբ նկատում են, որ որևէ հայտարարագիր բացակայում է։ Հանձնաժողովը նշել է նաև, որ Արմինե Պետրոսյանի հայտարարագրի չներկայացման փաստը հայտնաբերվել է «Ինֆոքոմ»-ի հարցումից հետո։  «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ և շահագործմամբ պայմանավորված՝ 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն համակարգը հայտարարատուների համար այս պահին չի ընձեռում։ Այն կվերականգնվի 2023 թվականի հուլիսից, որից հետո հանձնաժողովը կծանուցի հայտարարագրման պարտավորություն ունեցող բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել՝ տրամադրելով 30-օրյա ժամկետ»,- հավելել են հանձնաժողովից։  Նշենք նաև, որ 2020 և 2021 թվականների հայտարարագրերի ներկայացման տեխնիկական անհնարինությունն ի հայտ է եկել 2023 թվականի հունվարի 1-ից․ նախկինում մեր կատարած հարցումներին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնել էին, որ էլեկտրոնային նոր համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հայտարարագրման պարտավորության վերաբերյալ հայտարարատու անձանց ծանուցումների գործընթացը, ինչպես նաև նախկինում տրամադրված հայտարարագրերում փոփոխության իրականացումը Հանձնաժողովը կասեցրել է 2023 թվականի հունվարի 1-ից։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
13:17 - 26 մայիսի, 2023
Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

Մի սպան մյուսին ասել է՝ ով նահանջի, մեջքից կխփես․ Խուռհատ սարի գործով տուժողի հարցաքննություն դատարանում

2020 թվականին Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայող Արսեն Այվազյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են սպաներ, որոնց վարքը՝ սկսած անգամ խոսքից, անմարդկային է եղել, որոշներն էլ իսկապես փորձել են իրենց օգնել։ Արսենը այն գումարտակի զինծառայողներից է, որին հոկտեմբերի 9-ին բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակի մի մասը կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ միասին անջատվել է անձնակազմից եւ սխալ ուղղությամբ գնալով՝ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել, եւ Արսենն ու ծառայակից 5 ընկերները, 70 օր թաքնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերում, ի վերջո կարողացել են կապի դուրս գալ եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկվել։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Արսեն Այվազյանն այսօր հարցաքննվեց Խուռհատ սարի գործով, որի շրջանակում ամբաստանյալի աթոռին է հիշյալ գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Արսեն Այվազյանի կարծիքով՝ Վահանյանն այն աստիճանի վիրավոր չի եղել, որ չկարողանար իրենց կողքին լինել։ Ըստ Արսեն Այվազյանի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու Ինչպես դատարանում հարցաքննված մի շարք այլ զինծառայողներ, Արսեն Այվազյանը եւս հայտնեց, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին մարտական տագնապ է հնչել, որից րոպեներ անց ասել են, թե պատահական է եղել։ Սակայն հաջորդ օրվանից սկսած նոր ժիլետներ, զենքեր են բերել, եւ ըստ Արսենի՝ մեծամասնության համար պարզ էր, որ շուտով պատերազմ է լինելու։ Արսեն Այվազյանը գումարտակի առանձին դասակի կազմից է եղել՝ Ռաֆայել Խալաֆյանի հրամանատարությամբ։ Վերջինիս վիրավորվելուց հետո դասակը սերժանտներն են ղեկավարել, նոր հրամանատար այդպես էլ չի նշանակվել։ Արսենը սկզբում Ջրականում է եղել, որտեղից նահանջից հետո տեղափոխվել է Հադրութ։ Իշխան Վահանյանին առաջին անգամ այնտեղ՝ Հադրութի դպրոցում է հանդիպել։ Ըստ նրա՝ քայլքի մեջ որեւէ փոփոխություն չի եղել, այսինքն՝ Վահանյանի՝ այդ փուլում ենթադրյալ վիրավորման մասին վկայող ոչինչ տուժողը չի տեսել։  Դպրոցում են եղել նաեւ մի շարք այլ հրամանատարներ, որոնք, ըստ տուժողի, իրենց փորձում էին ինչ–որ բաներ բացատրել, որոնք, սակայն, իր գնահատմամբ, որեւէ կերպ օգտակար չէին լինելու, օրինակ՝ ասում էին, որ տանկերի դիմաց ավտոմատով կրակեն։ Այդ ժամանակ է, որ տուժողը լսել է, թե ինչպես է գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը արդեն նորանշանակ հրամանատար Իշխան Վահանյանին ասել՝ ով նահանջի, մեջքից կխփես․ «Գարիկ Վարդերեսյանը մինչեւ պատերազմը՝ հեռախոսով խոսելիս, ասել է նաեւ՝ բոլորը մեռնելու են, ինքը ողջ է մնալու, գնալու եք մեռնեք, տենց բան եմ հիշում, դա անմարդկային էր»,– պատմեց տուժողը (Վարդերեսյանի հարցաքննությունը՝ այստեղ)։ Հադրութի դպրոցը եւս հրետանու հարվածի տակ է ընկել․ նորակոչիկների գումարտակին ուղարկել են Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Թե ով է տվել այդ հրամանը, Արսենը հստակ չգիտեր․ ասաց՝ կամ Վարդերեսյանը, կամ Վահանյանը։ Սարում հարձակումից հետո տուժողը որեւէ հրահանգ չի լսել Արսեն Այվազյանի խոսքով՝ թեեւ սարում սպաներ եղել են, սակայն բուն մարտի պահին ինքը նրանցից ոչ մեկին չի տեսել, դիրքավորման մասին հրամանները զինվորներն իրար խոսքով են փոխանցել․ «Գիշերը հրետանու հարվածներ են եղել, առավոտյան արդեն անտառից լսեցինք կրակոցներ, ինչքանով հասկացա, երկու կողմից հարձակվեցին մեր վրա, այսինքն՝ ճակատային հատվածից եւ վերեւի սարից շրջափակեցին, ես մեջտեղի հատվածում էի, դիմացս անտառ էր, հենց անտառից էին կրակոցները՝ հրաձգային տեսակի զենքերից»։ Հարձակումից հետո, ըստ Արսենի, ինքը որեւէ հրահանգ չի լսել, անցել են պաշտպանության, բայց խուճապային իրավիճակ է եղել․ «Քանի որ բոլորս 2-3 ամսվա զինծառայողներ էինք, զինվորական փորձ չունեինք, բնականաբար, շատ դժվար էր, հստակ չգիտեինք՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ, ու խուճապը իրոք շատ էր, բայց եթե հրաման լիներ, դա կառավարելի կլիներ»։ Փոխհրաձգությունը, ըստ նրա, տեւել է մի քանի րոպե, որից հետո սկսել են վիրավորներին իջեցնել։ Այդ ժամանակ եւս հրամանատարական կետի մոտ ոչ մեկին տուժողը չի տեսել։ Առհասարակ, Իշխան Վահանյանի ենթադրյալ վիրավորման եւ փախուստի մասին նա միայն լսել էր, անձամբ չէր տեսել։ Հաշվի առնելով, որ ըստ բժշկական թղթերի՝ Վահանյանը սարում բեկորային վնասվածք է ստացել, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ սարում հնարավո՞ր էր բեկորային վնասվածք ստանալ, եթե, ըստ տուժողի, հրաձգային զինատեսակներից էին կրակում։ Դա Այվազյանը քիչ հավանական համարեց՝ նշելով, որ խիտ անտառ էր, ծառերը կխոչընդոտեին։ Վիրավորներին իջեցնելուց հետո նա այլեւս հետ չի բարձրացել, որովհետեւ զորքն արդեն նահանջելիս է եղել։ Հավաքվել են, սկսել քայլել այն ճանապարհով, որով կամազները վիրավորներին են տարել․ «Մենք ճանապարհով իջնում էինք ներքեւ, հետո հրաման եկավ, որ էդտեղ վտանգավոր է, պետք է բարձրանանք Սարիշենի կողմ․ էնտեղ մերոնք են»։ Թե ով էր այդ հրամանը տվել, Արսենը չգիտեր։ Այդ ընթացքում է, որ զորքը բաժանվել է երկու մասի․ ըստ Արսենի՝ քանի որ անձրեւ էր եկել, բարձրանալը դժվար էր, ոտքերը սահում էին։ Այդպես հետ են ընկել զորքից, հայտնվել շրջափակման մեջ․ «Հովհաննես Մուրադյանը զանգեց Արսեն Ղարիբյանին, ասաց, որ շրջափակման մեջ ենք, նա էլ ասաց՝ եթե չեք հասցրել հասնել Սարիշեն, իջեք ներքեւ»։ Դրանից հետո Մուրադյանը, ըստ տուժողի, եւս մի զանգ է կատարել ԱԱԾ, հետաքրքրվել՝ արդյո՞ք Հադրութի զորամասում հայեր են, ինչին ի պատասխան՝ ստացել է տեղեկություն, որ հայկական համազգեստով են, բայց հայ թե ադրբեջանցի՝ պարզ չէ։ Մի կամավոր քեռի ասել է, թե հայեր են, որոնք շրջափակման մեջ են, ուստի որոշվել է գնալ նրանց օգնության։ Բայց ինչպես հայտնի է, Հադրութում այդ ժամանակ արդեն հակառակորդն է եղել, եւ նահանջող 98 հոգանոց անձնակազմը այնտեղ չի էլ հասել․ ճանապարհին զոհվել է միակ հրամանատար Հովհաննես Մուրադյանը, զոհվել է նաեւ այդ կամավոր քեռին։ Հիշեցնենք, որ կամավոր քեռու մասին իրենց ցուցմունքներում հիշատակել են տարբեր զինծառայողներ՝ ասելով, որ նրա հորդորով են շարժվել գրավված Հադրութի ուղղությամբ, սակայն նրանցից ոչ մեկը որեւէ հավելյալ տեղեկություն չի իմացել։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը մեղադրողից հետաքրքրվեց՝ քեռուց որեւէ լուսանկար կամ ֆոտոռոբոտ կա՞, ինչին մեղադրողը բացասական պատասխան տվեց․ «Փորձել ենք օպերատիվ–հետախուզական ճանապարհով ճշտել, բայց դրական արդյունք չի եղել, գիտենք միայն, որ անունը Արտյոմ է»։ Մնալով մոտ 25 հոգով՝ 2-3 ամսվա զինծառայողները թաքնվել են գյուղի տներում, հեռախոսով կապ հաստատել հիշյալ Գարիկ Վարդերեսյանի հետ։ Վերջինս, ըստ տուժողի, ասել է՝ նորմալ է, գալիս ենք ձեր հետեւից, դուք դուխով ենք, սակայն ոչ ոք այդպես էլ օգնության չի հասել։ Փոխարենը հակառակորդն է նկատել իրենց․ «Որոշ ժամանակ հետո մեզ տեսան, ռուսերենով գոռացին՝ դուրս եկեք, շրջափակման մեջ եք, բայց այդպես էլ տուն չեկան, հաջորդ օրը պաշտոնով մեկն եկավ, իջավ տան մոտ, մեր տղաներից մեկը պատուհանից իրեն սպանեց ու մենք իջանք անտառ․․․ Անտառում ահագին ժամանակ սպասեցինք, երբ արդեն ցրտում էր, որոշվեց, որ առանձնանանք, քանի որ տարբեր կերպ էինք տեսնում դուրս գալու ելքը»։  Այդպես 6 ընկերներով բաժանվել են, անցել գյուղից գյուղ, տնից տուն․  «Դեկտեմբերի 17-ի կողմն էր, արդեն ջուրն ու ուտելիքը վերջանում էր, տղաներից 2–ը գնում են՝ տեսնեն ջուր կա՞, մտնում ենք մի գյուղ, Ջաբրայիլի կողմերն էինք, հասկանում ենք, որ կապ կա, զանգ ենք կատարում, հարցեր տալիս՝ ո՞նց կողմնացույց սարքենք, ո՞նց գնանք Պարսկաստան, պատերազմը ո՞նց է վերջացել․․․ Ամսի 18-ին ասում են՝ բացատրեք ձեր տեղը, Արմանն է բացատրում՝ ոնց ենք եկել, գաղտնաբառ ենք որոշում՝ «Հոկտեմբերի 22»՝ Արմանի ծնունդի օրը․․․ Դեկտեմբերի 20-ին արդեն լսում ենք՝ «Հոկտեմբերի 22»․․․ Կարմիր Խաչն էր, խաղաղապահները, մի քանի ադրբեջանցի ու հայեր»։ Իշխան Վահանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացվեց Տուժողի հարցաքննությունից հետո նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Իշխան Վահանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին։ Միջնորդությամբ Վահանյանը նշել էր, որ շուրջ 2 տարի է, ինչ կալանքի տակ է, եւ այս ընթացքում հարցաքննվել են դատակոչված վկաների եւ տուժողների մեծ մասը, ինչով պայմանավորված՝ նա այն կարծիքին է, որ առկա են բավարար հիմքեր իր նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը վերացնելու համար․ «Ապացույցների մեծ մասը արդեն իսկ հետազոտվել է, ես օբյեկտիվորեն չեմ կարող ազդել վկաների կամ տուժողների վրա, չեմ կարող խոչընդոտել գործի քննությանը եւ ոչ մի մտադրություն չունեմ, ես պատրաստ եմ անկեղծ ցուցմունք տալ եւ ներկայացնել օբյեկտիվ ճշմարտությունը, ունեմ 20 տարվա զինվորական կենսագրություն, 2 անչափահաս երեխա, հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ»,– նշել էր ամբաստանյալը՝ հավելելով, որ եթե դատարանը նպատակահարմար կգտնի, ինքը պատրաստ է նաեւ հնարավորության սահմաններում գրավ վճարել։ Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող եւ տուժող կողմերը։ Մասնավորապես, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ չբերվեց որեւէ օբյեկտիվ պատճառաբանություն, ըստ որի՝ կալանավորումը պետք է փոխվի ավելի մեղմ խափանման միջոցով։ Ըստ մեղադրողի՝ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով՝ Իշխան Վահանյանը ազդեցություն կգործադրի դատակոչի ցուցակում ներառված անձանց վրա կամ կխոչընդոտի գործի քննությանը․«Թեեւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նշվում է, որ վերահաս պատժի ծանրությունը չի կարող կանխորոշիչ նշանակություն ունենալ, այնուամենայնիվ, ամբաստանյալին մեղսագրվում է երկու առանձնապես ծանր հարցագործություն, որոնց համար նախատեսվող պատիժը առավել քան մեծ է, ուստի այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ իմ կողմից մատնանշածը՝  մեծանում է հավանականությունը, որ նա կարող է փորձել ազդեցություն գործադրել վկաների կամ տուժողների վրա»։ Տուժողների ներկայայցուցիչ Գուրգեն Գրիգորյանը, միանալով մեղադրողի առարկությանը, նշեց, որ միջնորդությունն անհիմն է՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացվել են նոր հաղորդումներ, նախաձեռնվել նոր վարույթներ, ուստի չի բացառվում, որ Վահանյանին նոր մեղադրանք ներկայացվի։ Գրիգորյանի այս դիտարկումը Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը անմեղության կանխավարկածի խախտում որակեց։ Նա նաեւ ընդգծեց՝ մեղադրողը իրավացիորեն նշեց, որ արարքի ծանրությունը եւ սպասվելիք պատժի խստությունը խոչընդոտող հանգամանք չեն կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու համար։  Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ առանձին սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 7-ին։   Միլենա Խաչիկյան
23:34 - 25 մայիսի, 2023
Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ

Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն ոչ միայն խուսափում են մեկնաբանել նախկինում մեր գրավոր հարցմանը տված իրենց պատասխանները, այլեւ գերատեսչություններից մեկը հակասում է ինքն իրեն, մյուսը՝ խեղաթյուրում Ինֆոքոմի հարցի էությունը։ Այսպես, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս տարվա ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողության ժամանակ հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք»։ Ինֆոքոմն այս հայտարարությունից հետո հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով ի թիվս այլնի տեղեկություն տրամադրել նաեւ այն մասին, թե դասալքության դեպքի առթիվ քանի քրեական վարույթ է նախաձեռնվել եւ թե այդ վարույթներով քանի անձ է ներգրավված որպես մեղադրյալ եւ քանի անձի է առաջադրվել մեղադրանք։ Դատախազությունից պատասխանել էին, թե 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Միաժամանակ, Դատախազության պատասխանում նշված էր, որ վերը հիշատակված հոդվածներով հարուցված վարույթների շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության այս պատասխանը (պատասխանը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ) հարցեր էր առաջացրել։ Մասնավորապես, «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ, հատկապես երբ հաղորդվում է, որ վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։  Պարզաբանման կարիք ունեցող այս եւ այլ հարցերին Դատախազությունից հրաժարվել էին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չէր տրվել (Դատախազությանն ուղղած հարցերը մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։  Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա այն մեր հարցմանն ի պատասխան Դատախազության հաղորդած տվյալներից փոքր-ինչ տարբերվող տվյալ էր տրամադրել։ Մասնավորապես, եթե Դատախազությունը հայտնել էր, թե հիշյալ երեք հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ, ապա Քննչական կոմիտեն նշել է, որ նույնքան վարույթ է նախաձեռնվել, «որոնք առնչվում են 10690 անձի»։ Ինչպես երեւում է՝ Քննչական կոմիտեն հարցման պատասխանում նույնպես կիրառել է ոչ իրավական ձեւակերպում՝ «նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնք առնչվում են [․․․] անձանց»․ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը վարույթ նախաձեռնելու շրջանակում չի սահմանում ոչ անձի վերաբերյալ, ոչ անձի առնչությամբ կարգավիճակներ։  Ուստի, ս․թ․ մայիսի 10-ին գրավոր հարցումներ ենք ուղարկել թե Դատախազություն, թե Քննչական կոմիտե հետեւյալ երկու հարցադրումներով․  - վարույթ նախաձեռնելու շրջանակում ո՞ր իրավական ակտով են սահմանվում «անձի վերաբերյալ» կամ «անձի առնչությամբ» կարգավիճակները,  - եթե որեւէ իրավական ակտով սահմանված չեն այդ կարգավիճակները, սակայն ընդունված կիրառություններ են, ապա իրավական ո՞ր ձեւակերպմանն են դրանք համարժեք։ Դատախազությունը այս հարցման պատասխանով, փաստացի, հակասել է ինքն իրեն։ Այսպես, վերը նշված հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունը նախ մեջբերել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է՝ 1) ֆիզիկական անձից, 2) իրավաբանական անձից, 3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից' նրա գործունեության իրականացման կապակցությամբ, 4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից' իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ, Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Այս մեջբերումից հետո Դատախազությունը գրել է հետեւյալը․ «Հետևաբար, քրեական վարույթ նախաձեռվում է դեպքի, գործողության կամ անգործության առթիվ, այլ ոչ թե անձի վերաբերյալ կամ առնչությամբ»։ Նկար 1, Դատախազության առաջին պատասխանը Նկար 2, Դատախազության երկրորդ պատասխանը Այսպիսով, Դատախազությունը հակասում է ինքն իրեն՝ մի դեպքում գրելով, թե քրեական վարույթ է նախաձեռնվել 10687 անձի վերաբերյալ, մյուս դեպքում նշելով, որ քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել անձի վերաբերյալ։ Ըստ ամենայնի հենց այս պատճառով էլ Դատախազությունը հրաժարվել էր պարզաբանել, թե նշյալ անձինք ինչ վերաբերելիություն ունեն հարուցված քրեական վարույթներին։ Ի տարբերություն Դատախազության՝ Քննչական կոմիտեն ոչ թե հակասել է ինքն իրեն, այլ պարզապես խուսափողական եւ մեր հարցի էությունը խեղաթյուրող պատասխան տվել։ Մասնավորապես, «անձի առնչությամբ հարուցված քրեական վարույթ» ձեւակերպման իրավական սահմանման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան նախ նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է «տեղեկություն» եզրույթի հասկացությունը, որի համաձայն՝ «տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են (...)»: Ապա գրել է, որ հիշյալ օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինող մարմինների առջև տեղեկության տրամադրման պարտավորությունը ծագում է  բացառապես օրենքով ամրագրված կառուցակարգերի և ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տեղեկությունների կապակցությամբ: Այս մեջբերումներից հետո ՔԿ-ն եզրակացրել է, որ մենք հարցմամբ չենք հայցում ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալների մասին տեղեկատվություն, այլ հայցում ենք «որոշ բառակապակցությունների՝ նորմատիվ իրավական ակտում զետեղված լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն եւ դրանց իրավական եւ լեզվաբանական մեկնաբանման տրամադրում»․ «Հետեւաբար, Ձեր պահանջը չի բխում օրենքից եւ չի կարող կատարվել»,- եզրափակել է ՔԿ-ն։ Ակնհայտ է, որ ՔԿ-ն հարցմանը պատասխանելուց խուսափելու համար է նշել, թե մենք ի՛ր իսկ գործածած ձեւակերպման վերաբերյալ լեզվաբանական մեկնաբանություն ենք խնդրել։ Ստորեւ եւս մեկ անգամ ներկայացնում ենք մեր ձեւակերպած հարցը՝ ցույց տալու, որ այն վերաբերում է բացառապես իրավական մեկնաբանությանը եւ բացառապես վարույթ նախաձեռնելու շրջանակում դրա գործածությանը։ Նկար 3, Infocom-ի հարցումը Նկար 4, Քննչական կոմիտեի պատասխանը Ինչպես մեջբերել է ՔԿ-ն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ «տեղեկություն» են համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։  Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ «տեղեկություն տնօրինող» են համարվում տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք։  Այսինքն՝ եթե Քննչական կոմիտեն իրեն ուղղված հարցման պատասխանում նշել է, որ «նախաձեռնվել են վարույթներ, որոնք առնչվում են անձանց», ապա ողջամտորեն ենթադրելի է, որ այդ պատասխանում կիրառված ձեւակերպման իրավական հիմքերի մասին տեղեկության տնօրինողը եւս պետք է լինի ՔԿ-ն, քանի որ կառույցը, տրամաբանորեն, առաջնորդվում է իր գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ եւ չի կարող գործել դրանից դուրս կամ մեկնաբանություններ գրել դրանից դուրս։ Այսպիսով, Դատախազությունը նոր հարցման պատասխանով հակասել է ինքն իրեն, իսկ Քննչական կոմիտեն խուսափողական պատասխան է տվել։ Երկու գերատեսչություններն էլ այդպես էլ չեն պարզաբանել, թե իրավական առումով ինչպես է մեկնաբանվում «քրեական վարույթ է նախաձեռնվել անձի առնչությամբ/վերաբերյալ» ձեւակերպումը, որոնք իրենք օգտագործել էին իրենց պաշտոնական պատասխաններում։ Հայարփի Բաղդասարյան
19:41 - 18 մայիսի, 2023
Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

2015-ին Նիկոլայ Ավթանդիլյանն ու Հայարփի Ջավրուշյանը հիմնարար հետազոտություններ էին իրականացնում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Գիտնականներն ուսումնասիրում էին արգինին կոչվող ամինաթթվի մասնակցությամբ օրգանիզմում կատարվող կենսաքիմիական տարբեր գործընթացներ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը նրանց ցույց տվեց, որ արգինինը կարող է անուղղակիորեն որոշակի դեր խաղալ քաղցկեղի զարգացման գործում։ Այդ ժամանակ գիտնականները որոշեցին անցնել կիրառական հետազոտությունների։ Այս հետազոտությունների ընթացքում նրանք սկսեցին գիտափորձեր իրականացնել քաղցկեղի զարգացումը խոչընդոտող մի մեթոդով, որն աշխարհում գրեթե չի կիրառվում։ Իսկ տարիների աշխատանքի շնորհիվ ստեղծվեց «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան», որտեղ գիտնականներն այժմ շարունակում են իրենց ուսումնասիրությունները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան, Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
19:22 - 06 մայիսի, 2023
ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել․ վարույթ չի նախաձեռնվել

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները 2020, 2021 թվականների համար չեն ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի հայտարարագրեր։ ԿԿՀ-ն փորձել է ծանուցել Հարությունյանի ընտանիքի անդամներին հայտարարագրեր ներկայացնելու պարտականության մասին, բայց նրանց ուղղված ծանուցագրերը տեղ չեն հասել, թեպետ Հայկուհի Հարությունյանը, նրա քույրը, հայրն ու մայրը համատեղ են բնակվում (առնվազն 2021-ի դրությամբ): ԿԿՀ-ում հայտարարագրեր չներկայացնելու համար նաև վարույթ չի նախաձեռնվել։    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևում է պաշտոնյաների անհամատեղելիության պահանջներին, կանոնակարգում հայտարարագրերի ներկայացման գործընթացը, ստուգում և վերլուծում դրանք։  Հանձնաժողովի նախագահի 2020 թվականի հայտարարագրում կարդում ենք, որ նրա ընտանիքի անդամներ են համարվում Հայկ Հարությունյանը՝ հայրը, Լույսանուշ Հարությունյանը՝ մայրը, Հասմիկ Հարությունյանը՝ քույրը, և իր ազգականներից Էլինե Ավետիսյանը։ Վերջինս աշխատել է ԿԿՀ-ում։ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամները, պարտավորված լինելով ներկայացնել հայտարարագրեր, 2020 և 2021 թվականների համար չեն ներկայացրել դրանք։ ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները կարող էին չներկայացնել նմանաբնույթ հատարարագրեր, եթե դադարեին համատեղ բնակվել, սակայն Հայկուհի Հարությունյանի 2021 թվականի հայտարարագրից ևս պարզ է դառնում, որ նրա հայրը, մայրն ու քույրը շարունակել են համատեղ բնակվել (համատեղ բնակությունը դադարեցրել է Էլինե Ավետիսյանը)։  Կոռուպցիայի կանխերգելման հանձնաժողովից «Ինֆոքոմ»-ը հետաքրքրվել էր՝ ինչու հանձնաժողովի նախագահի հետ փոխկապակցված անձինք չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրեր, և ինչ գործողություններ է հանձնաժողովը ձեռնարկել դրա հետ կապված։ Գրավոր հարցմանը պատասխանել է ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանը, ասել՝ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձինք գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր ներկայացնելու համար կրում են անհատական պատասխանատվություն։ «Տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը օրենքով սահմանված հայտարարագրման պարտականության մասին ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին, և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ»,- տեղեկացրել են ԿԿՀ-ից։    ԿԿՀ-ն չի կարողանում ծանուցել հանձնաժողովի նախագահի ընտանիքին Հաջորդ հարցմամբ հանձնաժողովից խնդրել էինք մեզ տրամադրել Հարությունյանի ընտանիքին հայտարարագիր ներկայացնելու համար ուղարկված ծանուցումները հավաստող փաստաթղթեր։ ԿԿՀ-ն մեզ տրամադրել է փոստային առաքմամբ Հարությունյաններին ուղարկված ծրարներն ու դրա վրա առկա մակագրությունները։ Դրանցից պարզ է դառնում, որ 2022-ի նոյեմբերի 29-ին դիմել են Հարությունյանների ընտանիքին՝ հայտարարագիր ներկայացնելու համար, բայց մոտ 1 ամիս անց ծանուցագրերը վերադարձվել են ԿԿՀ-ին «չպահանջված» նշագրումով, ինչը նշանակում է, որ ԿԿՀ նախագահի ընտանիքը, համատեղ բնակվելով հանդերձ, ծանուցագրերը չի ստացել։ Ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձ ԿԿՀ-ն չի ձեռնարկել, բացի այդ՝ «Ինֆոքոմ»-ի մի շարք հարցերի, ըստ էության, հանձնաժողովը չի պատասխանել. այսպես՝ հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք ԿԿՀ նախագահի ընտանիքը ի վերջո պատշաճ ծանուցվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականության վերաբերյալ, ծանուցագրի վերադարձից հետո ի՞նչ գործողություններ են եղել Հարությունյանների հայտարարագրերը ստանալու համար։ Այս հարցերը մնացել են անպատասխան։ Ըստ առկա կարգավորումների՝ 2020 թվականի համապատասխան հայտարարագիրը պետք է ներկայացվեր մինչև 2021 թվականի մայիսի 31-ը, 2021 թվականի հայտարարագիրը՝ մինչև 2022-ի մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն նաև չի պատասխանել, թե որ թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար են ծանուցվել Հարությունյանները։  Փաստացի, 2 տարի շարունակ ԿԿՀ նախագահի ընտանիքը չի ներկայացրել գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագիր, և դա որևէ հետևանք չի առաջացրել նրանց համար, ԿԿՀ-ն այս փաստի հիմքով նաև վարույթ չի սկսել։  Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 169.28 հոդվածը նախատեսում է, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։    Ի՞նչ է պարզաբանում ԿԿՀ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր պատասխանները «Ինֆոքոմ»-ին պարունակում են որոշակի իրարամերժ դրվագներ։ Ինչպես արդեն նշել ենք, մեր առաջին հարցմանն ի պատասխան՝ 2023 թվականի ապրիլի 17-ին ԿԿՀ-ն տեղեկացրել է, որ ծանուցել է Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամներին և 30-օրյա ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացնելու դեպքում կնախաձեռնի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։ Սակայն ուղարկված ծանուցումը հավաստող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2022 նոյեմբերի 29-ին ուղարկված ծանուցագրերը «չպահանջված» նշագրումով վերադարձվել են ԿԿՀ-ին դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 28-ին՝ մեր հարցմանը պատասխանելուց ավելի քան 3 ամիս առաջ։ Բացի այդ՝ հետագայում ծանուցագրերը նրանց հասցեագրելու այլ փորձեր չձեռնարկելը ԿԿՀ-ն փորձում է հիմնավորել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցմամբ։ Հանձնաժողովը թեմայի շուրջ «Ինֆոքոմ»-ի հետ ունեցած գրագրություններում շեշտում է՝ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից հայտարարագրումների պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացը կասեցված է։ Ծանուցումները հնարավոր կլինի վերսկսել հայտարարագրման հին համակարգից դեպի նոր համակարգ տվյալների ամբողջական միգրացիայից հետո. «Առաջարկում ենք Ձեր հարցադրումները վերստին ուղղել Հանձնաժողովին 2023 թվականի մայիսի 31-ից հետո համապատասխան հայտարարագրերը ներկայացրած չլինելու դեպքում»,- պատասխանել են ԿԿՀ-ից։  ԿԿՀ պատասխանը նոր հարցեր է առաջ բերում. օրինակ՝ 2020 թվականին Հարությունյանների կողմից հայտարարագիր չներկայացնելը ինչպե՞ս է խաչվում 2023-ին հայտարարագրերի նոր համակարգի ներդրման հետ։ 2020-ի հայտարարագրերը պետք է ստացվեին, ստուգվեին 2021-ին, հետևաբար ի՞նչ առնչություն կարող է ունենալ նոր համակարգի կառուցումը 2020 թվականի տարեկան հայտարարագրի հետ, չէ՞ որ 2020 թվականի համար ծանուցումների գործընթացը կասեցված չի եղել։  ԿԿՀ-ից հետաքրքրվել էինք՝ ինչու հայտարարագրեր չներկայացնելու համար վարույթ չի նախաձեռնվել, նաև հարց էինք բարձրացրել՝ հայտարարագրման պարտավորությունների վերաբերյալ ծանուցումների գործընթացն ինչ իրավական ակտի հիման վրա է կասեցվել։  Այս բոլոր հարցերին ԿԿՀ-ից պատասխանել են՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ինչպես նրանց (Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների), այնպես էլ մյուս բոլոր հայտարարատուների համար փաստացի 2020 և 2021 թվականների հայտարարագրեր ներկայացնելու տեխնիկական հնարավորություն այս պահին չի ընձեռում։ ԿԿՀ-ն, փաստացի, այդպես էլ չի մանրամասնում՝ ինչու է 2020 թվականի համապատասխան հայտարարագրերը չստանալը կապում 2023-ին նոր համակարգի տեխնիկական աշխատանքների հետ, չէ՞ որ դրանք պիտի ստացվեին 2021 թվականին կամ 2022-ին։    Հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով հարուցված վարույթները Հայաստանում կա մի քանի համանման դեպք, երբ հայտարարագիր չներկայացնելը հայտարարատուների համար հետևանքներ է առաջացրել, ընդհուպ մեղադրական դատական ակտ։ Օրինակ՝ Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալը չէր ներկայացրել հայտարարագիր, ապա նրան ծանուցվել էր հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին։ Պաշտոնատար անձը շարունակել էր չներկայացնել, հարուցվել էր քրեական գործ, սկսվել և ավարտվել էր նախաքննությունը, ու գործը մտել էր դատարան։ Պաշտոնյան մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել 1 տարվա ազատազրկման, բայց փորձաշրջան էր սահմանվել, ու ազատազրկման պատիժը չէր կիրառվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության հաղորդումից տեղեկանում ենք, որ ԿԿՀ-ն անցած տարվա ընթացքում գրավոր ծանուցումից հետո հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով 97 վարույթ է հարուցել։ Բացի այդ՝ դատախազություն են ուղարկվել մեկ վարչական վարույթի նյութեր այն հիմքով, որ հայտարարատուի կողմից դիտավորյալ չի ներկայացվել հայտարարագիր։ Ըստ ԿԿՀ 2021-ի հաղորդման՝ հայտարարատուի կողմից օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հայտարարագիր չներկայացնելու հիմքով հարուցվել էր 30 վարույթ։  Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
18:15 - 06 մայիսի, 2023
Գործակարգավարական նիստը Ավինյանի վարելով՝ խախտվել է քաղաքապետի որոշումը․ վերջինս հետագայում փոփոխվել է

Գործակարգավարական նիստը Ավինյանի վարելով՝ խախտվել է քաղաքապետի որոշումը․ վերջինս հետագայում փոփոխվել է

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որին պարբերաբար մեղադրում են ժամանակից շուտ նախընտրական քարոզարշավ սկսելու մեջ («Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ 2022 թ․ մարտին է հայտարարել, որ ՏԻՄ առաջիկա ընտրություններում Ավինյանն է քաղաքապետի իր թեկնածուն), մեկ ամսից ավելի է՝ ի թիվս այլնի, երբեմն վարում է Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները։  2022 թ․ սեպտեմբերին՝ քաղաքապետի տեղակալ ընտրվելիս, նախկին փոխվարչապետ Ավինյանը նշել էր, որ ընդհանուր առմամբ համակարգելու է հինգ ոլորտ՝ թաղապետարանների վերահսկում, շինբարեկարգում, կանաչապատում, մշակույթ եւ Կառավարության հետ իրականացվող աշխատանքներ։ Միայն վերջերս՝ այս տարվա մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, նա հայտնեց, որ Երեւանի փոխքաղաքապետեր Լեւոն Հովհաննիսյանի, Ստեփան Մաչյանի եւ Սուրեն Գրիգորյանի հետ աշխատանքի որոշակի բաժանում են արել․ «Ըստ այդմ, գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես»,- ասաց նա։ Աշխատանքի որոշակի բաժանումը, ըստ ամենայնի, քաղաքապետի տեղակալները պայմանավորել են արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով․ նրանից հետո Լեւոն Հովհաննիսյանը, որ քաղաքապետի առաջին տեղակալն է, օրենքի ուժով ստանձնեց նաեւ քաղաքապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Գործակարգավարական խորհրդակցությունները վարելը նույնպես Լեւոն Հովհաննիսյանի, այլ ոչ թե Տիգրան Ավինյանի լիազորությունն էր։ Տիգրան Ավինյանը՝ որպես քաղաքապետի տեղակալ, այդ փուլում գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ Այսպես․ Երեւանի քաղաքապետի՝ 2017 թվականի հունիսի 13-ի 1993-Ա (նշված է «Ա»՝ անհատական իրավական ակտ, թեեւ իր բնույթով ներքին՝ լոկալ իրավական ակտ է) որոշումը սահմանում է Երեւանի քաղաքապետի կողմից գործակարգավարական խորհրդակցությունների անցկացման կարգը։ Այդ խորհրդակցությունները հրավիրվում են շաբաթական մեկ անգամ՝ Քաղաքապետարանի աշխատանքների կազմակերպման ընթացքում քաղաքապետի կողմից տրվող հանձնարարականներն ամփոփելու եւ համակարգելու, համապատասխան պաշտոնատար անձանց առաջարկությունները եւ հաշվետվությունները քննարկելու նպատակով։  Որոշման 1-ին մասը սահմանում էր, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Այլ իրավակարգավորումներ չլինելու պայմաններում քաղաքապետի բացակայություն ասելով՝ պետք է հասկանալ նաեւ հրաժարականից հետո նրա լիազորությունների դադարումը, ինչից հետեւում է, որ գործակարգավարական նիստերը պետք է վարեր ոչ թե քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, որն այդպիսի իրավասություն այդ փուլում չուներ, այլ քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Ընդ որում, քաղաքապետի որոշմամբ սահմանված այս նորմի տրամաբանությունը լիովին համընկնում է օրենսդրի տրամաբանությանը (կամքին), քանի որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, որով կարգավորվում է ճիշտ նույն իրավիճակը Երեւանի ավագանու նիստերի համար, նույնպես սահմանված է, որ ավագանու նիստերը հրավիրում եւ վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ քաղաքապետի առաջին տեղակալը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ Infocom-ը մարտի 28-ին գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, թե իրավական ինչ հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Հիշյալ նորմի փոփոխված լինելու պարագայում խնդրել էինք հայտնել փոփոխության հստակ ամսաթիվը՝ կից ուղարկելով վերջին խմբագրությամբ տարբերակը։ Ընդ որում, հարկ է նշել, որ հարցումն ուղարկելուց առաջ մենք մանրամասն ուսումնասիրել էինք Քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Քաղաքապետի որոշումներ» բաժինը եւ պարզել, որ հիշյալ որոշումը (դրա մեկ այլ դրույթ) վերջին անգամ փոփոխության էր ենթարկվել 2022 թ․ հունվարի 21-ին (որոշումների ինկորպորացիաները կայքում առկա չեն, ուստի ոչ մի փոփոխություն բաց չթողնելու համար որոշման համարը որոնման դաշտում փնտրելուց բացի փնտրել ենք նաեւ էջ առ էջ)։ Տեղեկություն տրամադրելու՝ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում պատասխան չստանալով՝ ապրիլի 4-ին կապ ենք հաստատել Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ, որը, սակայն, ասել է, թե հարցումը չեն ստացել։ Նույն օրը՝ ապրիլի 4-ին, հարցումն ուղարկել ենք երկրորդ անգամ։ Օրեր անց՝ ապրիլի 10-ին, Լրատվության վարչությունն ուղարկել է գրություն այն մասին, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի տեղեկությունը կտրամադրվի օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում։ Թեեւ տարակուսելի է, թե լրացուցիչ ինչ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լիներ, եթե իրավական համապատասխան հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, ենթադրվում է, աշխատանքի բաժանում կատարելիս պետք է արդեն իսկ ուսումնասիրված եւ վերլուծված լիներ, այնուհանդերձ որոշել ենք սպասել 30-օրյա ժամկետում տեղեկության տրամադրմանը։ Քաղաքապետարանը փոփոխել է իր որոշումը՝ համապատասխանեցնելով Տիգրան Ավինյանի պաշտոնին Մինչ 30-օրյա ժամկետը կլրանար, մենք նկատեցինք, որ Քաղաքապետարանի կայքում տեղադրվել է քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանի N 715-Ա որոշումը՝ 2017 թ․ հիշյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (դարձյալ նշված է «Ա», սակայն որոշումը բնույթով լոկալ իրավական ակտ է)։ Փոփոխությամբ խմբագրվել է որոշման հիշյալ դրույթը՝ շարադրվելով այսպես․ գործակարգավարական խորհրդակցությունը վարում է Երեւանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը։ Այսպիսով, փաստացի ստեղծվել են իրավական հիմքեր գործակարգավարական խորհրդակցությունները Երեւանի քաղաքապետի բոլոր տեղակալների, այդ թվում՝ Տիգրան Ավինյանի կողմից վարելու համար։  Ուշագրավ է, որ որոշումը կայացվել է 2023 թ․ մարտի 31-ին, այսինքն՝ Տիգրան Ավինյանի կողմից գործակարգավարական խորհրդակցությունն առաջին անգամ վարելուց 4 օր անց՝ մեր հարցումն ուղարկելուց հետո միայն (խոսքն այն հարցման մասին է, որը, ըստ Քաղաքապետարանի, չեն ստացել)։ Ըստ կայքում արտացոլված տվյալների՝ որոշումը հրապարակվել է ապրիլի 3-ին։  Փոփոխված որոշմամբ նշված չէ, թե այն երբ է ուժի մեջ մտնում, որպեսզի կարողանանք հստակ ասել, թե մինչեւ որ պահը Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունները վարելու իրավասություն չուներ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք) կարգավորում է այս հարցը՝ յուրաքանչյուր տեսակի իրավական ակտի համար որոշակի ժամկետ սահմանելով։ Այս պարագայում էլ, սակայն, խնդիր է ծագում իրավական ակտի ճիշտ տեսակի սահմանման հետ կապված։ Ինչպես արդեն նշեցինք, որոշումն անհասկանալիորեն նշվել է «Ա» տառով, այսինքն՝ որպես անհատական իրավական ակտ, սակայն դրա բովանդակությունից ակնհայտ է, որ այն անհատական իրավական ակտի հետ որեւէ աղերս չունի։ Անհատական իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետեւանքներ եւ վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց։ Լեւոն Հովհաննիսյանի որոշման մեջ անհատապես որեւէ անձի մասին հիշատակում չկա, այն չի վերաբերում կոնկրետ անհատների, որպեսզի ժամկետը հաշվարկվի որոշման մասին նրանց իրազեկելուն հաջորդող օրվանից, ինչպես օրենքով է նախատեսված։ Որոշումը ընդհանրական ձեւով սահմանում է կանոններ Քաղաքապետարանի ներքին աշխատանքը կարգավորելու համար, հետեւաբար այն ներքին իրավական ակտ է։  Ներքին իրավական ակտը, ըստ օրենքի, նորմատիվ իրավական ակտի հիման վրա եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից։ Որոշման մեջ նշված «Երեւանի քաղաքապետ»-ը, «Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ»-ը եւ «Երեւանի քաղաքապետի տեղակալներ»-ը պաշտոններ են, որոնք զբաղեցնող անձինք հենց աշխատանքային հարաբերությունների մեջ են այն ընդունող մարմնի՝ Քաղաքապետարանի հետ։ Ներքին իրավական ակտը, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից (տվյալ դեպքում հաջորդող օրը ապրիլի 4-ն է), եթե դրանով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ (որոշման մեջ ժամկետ սահմանված չէ), կամ համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Այսինքն՝ եթե համապատասխան անձինք ապրիլի 3-ից առաջ իրազեկվել են, եւ որոշումն ուժի մեջ է մտել դրա հաջորդ օրը, ապա  Ավինյանն իրավասու չի եղել վարելու միայն մարտի 27-ի գործակարգավարական խորհրդակցությունը, իսկ եթե առանձին իրազեկում չի եղել, եւ որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման հաջորդ օրը, ապա քաղաքապետի որոշումը խախտվել է՝ թե՛ մարտի 27-ի, թե՛ ապրիլի 3-ի խորհրդակցությունները Ավինյանի կողմից վարելով։ Հավելենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ իրավական ակտը ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաեւ ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը (այսինքն՝ իրավական ակտը՝ ներառյալ սկզբնական տեքստը, երբեւէ կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները): Քաղաքապետարանի կայքում, սակայն, քաղաքապետի որոշումների ինկորպորացիաները առկա չեն, ինչը նաեւ լրացուցիչ դժվարություն է ստեղծում որոշումների վերջին խմբագրությամբ տարբերակը գտնելու կամ նախորդ խմբագրությամբ տարբերակների հետ համեմատելու համար։ Քաղաքապետարանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը  Երեկ՝ մայիսի 4-ին, մենք կապ ենք հաստատել Լրատվության վարչության պետի պաշտոնակատարի տեղակալ Տարոն Գեւորգյանի հետ՝ հասկանալու համար՝ պատասխան ի վերջո ուղարկվելու է թե ոչ։ Նշենք, որ գրավոր հարցմանը պատասխանելու՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները ենթադրում են ոչ թե աշխատանքային, այլ օրացուցային օրերը (քանի որ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային, այլ աշխատանքային օրերի, ապա դա պետք է հատուկ նշվի, իսկ այդպիսի նշում առկա չէ), մինչդեռ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որպես կանոն, հաշվարկը միայն աշխատանքային օրերով են անում՝ այդպիսով արհեստականորեն երկարաձգելով այդ ժամկետը։  Տարոն Գեւորգյանը մեզ հայտնել է, որ տեխնիկական խնդիրներ կան եւ խնդրել հնարավորության դեպքում սպասել մինչ այսօր։ Խնդրել ենք այդ դեպքում պատասխանն ուղարկել օրվա առաջին կեսի ընթացքում, սակայն մինչ այս պահը չենք ստացել։ Ստանալու դեպքում այն եւս կհրապարակենք։ ԼՐԱՑՈՒՄ Նյութի հրապարակումից ժամեր անց Քաղաքապետարանը ուղարկեց գրություն, որում, ըստ էության, առկա չէ մեր այն հարցի պատասխանը, թե մարտի 27-ի դրությամբ ինչ իրավական հիմքով է որոշվել, որ գործակարգավարական խորհրդակցությունները վարելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Պատասխանում, մասնավորապես, ասված է․ «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություններ անցկացնելու պարտադիր պահանջ եւ ընթացակարգ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով կամ որեւէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ: Երեւան քաղաքում առկա խնդիրների հնարավոր լուծումների քննարկման եւ դրանց լուծման համար հանձնարարականներ տալու նպատակով Երեւանի քաղաքապետի 13.06.2017 թ․ N 1993-Ա որոշմամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր շաբաթ Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվելու է աշխատանքային քննարկում, ինչպես նաեւ սահմանվել է այն պաշտոնյաների ցանկը, ովքեր հրավիրված են մասնակցելու կազմակերպվող խորհդակցություններին, իսկ Երեւանի քաղաքապետի 31.03.2023 թ․ N 715-Ա որոշմամբ կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ նշված խորհրդակցությունները վարում է Երևանի քաղաքապետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կամ Երեւանի քաղաքապետի տեղակալներից մեկը: Հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանում գրեթե ամեն օր տեղի են ունենում այլ խորհդակցություններ եւս, որոնք վարում են Երեւանի քաղաքապետի մյուս տեղակալները կամ այլ պաշտոնյաններ»,–նշել են Քաղաքապետարանից՝ հավելելով, որ 13.06.2017 թ․ N1993-Ա եւ 31.03.2023 թ․ N 715-Ա որոշումներին կարելի է ծանոթանալ www.yerevan.am կայքում։   Միլենա Խաչիկյան
14:00 - 05 մայիսի, 2023
ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

ԱԹՍ-ի հարվածից 18 զինծառայողի զոհվելու գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա բարձրաստիճան սպաների

44-օրյա պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատակոչի ցուցակը կլրացվի։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ զինված ուժերի նախկին եւ գործող բարձրաստիճան 4 զինվորականների։  Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալը, մեղադրվում է  Քրեական օրենսգրքի (2003թ․) 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա գործով դատաքննությունը։ Վերանյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։ Պաշտպանը միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը Անդրանիկ Վերանյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Մեջբերելով մի շարք իրավանորմերի դրույթներ՝ Նորիկյանը պնդեց՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԳՇ պետը, հանդիսանալով առանցքային զինվորական, իրականացնում է ԶՈՒ գնդերի տեղաշարժը, մարտական գործողությունների ներգրավվումը կամ դուրս բերումը, այդ ընթացքում անձնակազմի վերաբերյալ համապատասխան որոշումների կայացումը, ուստի այս դեպքում էական է կոնկրետ զորամասի անձնակազմի տեղաշարժի, անմիջապես ԳՇ պետից ստացած հրահանգների եւ մի շարք այլ հանգամանքների պարզումը․ «Այս ողբերգությունը արձանագրվել է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Հարություն Օհանյանը, որպես ականատես մարդ, ում աչքի առաջ իր որդին զոհվել է, Գլխավոր դատախազություն է դիմել դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ 2 ամիս անց, ինձ՝ որպես քաղաքացու, հետաքրքրում է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ինչպե՞ս է գնահատել այդ իրավիճակը, այդ ընթացքում ինչո՞ւ առնվազն ծառայողական քննություն չի իրականացրել, այդ ընթացքում ի՞նչ է զեկուցվել ԳՇ պետին այս դեպքի մասին, զեկուցվե՞լ է թե՞ չի զեկուցվել․․․ Պատկերացրեք՝ Հարություն Օհանյանը չէր դիմում Դատախազությանը, հաղորդում չէր ներկայացնում, ԳՇ-ն կամ պետական իրավասու այլ մարմինները որոշակի քայլեր չպե՞տք է ձեռնարկեին 18 զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ եթե այս գործում իսկապես մեղավորներ կան, ապա նրանք մեկից ավելին պիտի լինեին։ Ըստ Նորիկյանի՝ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորած է նրանով, որ գործով առկա գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելու մասին արձանագրությանը կից ներկայացվել են ոչ գաղտնի՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրեր․ «Պաշտպանության կողմը գտնում է, որ մասնագիտական համատեքստում նշված վարչության պետի հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ սույն քրեական գործի վրա»։ Ինչ վերաբերում է զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, վերջինս, ըստ պաշտպանի, կարող է հայտնել տեղեկություններ՝ զորամասի անձնակազմը մարտական գործողությունների վայր տեղափոխելու, զորամասի անձնակազմին համապատասխան օդային հարձակումների դեպքում հրահանգավորման ապահովման, ԱԹՍ-ների հարձակման դեպքում ենթակա անձնակազմի գործողությունների, սպայական կազմի գործողությունների, կատարված ողբերգության վերաբերյալ ի պաշտոնե ստացած զեկույցների եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ։ Նորայր Նորիկյանն առանձնահատուկ ընդգծեց ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հարցաքննության անհրաժեշտությունը՝ նշելով, որ քրեական գործում առկա է գործով մեղադրող Հայկ Մարգարյանի ցուցումը՝ Բուդաղյանին հարցաքննելու մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մինչդատական փուլում կարեւորել է նրա հարցաքննությունը, սակայն, չգիտես ինչու, վերջինս չի ընդգրկվել դատակոչված վկաների ցուցակում․ «Դրանից բացի, գործում առկա է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի գրությունը՝ ուղղված Արտակ Բուդաղյանին, որով բարձրացվել են գործի համար առանցքային նշանակության հարցեր, եւ ինչպես այդ հարցերին, այնպես էլ ցուցմունքով Արտակ Բուդաղյանը տվել է էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ, որոնք առանցքային են սույն քրեական գործի համար»։ Մեղադրող եւ տուժող կողմերը չառարկեցին միջնորդության դեմ Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը՝ նախ նշելով, որ հիշյալ անձինք դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել, քանի որ նախաքննական մարմինը նրանց ցուցմունքները էական չի համարել, սակայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների եւ հարցաքննված վկաների ցուցմունքների պայմաններում ինքը եւս կողմ է, որ նրանք դատակոչվեն եւ հարցաքննվեն․ Լուսանկարում՝ դատախազ Հայկ Մարգարյանը «Ես չեմ առարկում միջնորդության դեմ, ընդամենը մեկ նկատառում․ Գարիկ Մովսեսյանը ՀՕՊ զորքերի պետ է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2021 թ․ օգոստոսի 17-ի հրամանագրով, ըստ այդմ, այդ մասով առարկում եմ, եւ որպես ի գիտություն՝ պատերազմի ժամանակ ՀՕՊ զորքերի վարչության պետը եղել է Արմեն Վարդանյանը, ըստ այդմ, միջնորդում եմ, որ նույն տրամաբանությամբ հրավիրվի ոչ թե Գարիկ Մովսեսյանը, այլ Արմեն Վարդանյանը»,- ասաց մեղադրողը։  Նորայր Նորիկյանը համաձայնեց դիտարկմանը։ Տուժողների իրավահաջորդները նույնպես միացան միջնորդությանը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի․ զորամասերի նախկին հրամանատարներ (ներկայումս ծառայության մեջ են) Բուդաղյանին եւ Գեւորգյանին դատակոչելու մասով բավարարել, իսկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՕՊ վարչության նախկին եւ ներկա պետեր Գարիկ Մովսեսյանի եւ/կամ Արմեն Վարդանյանի մասով՝ հետաձգել մինչ էական հանգամանքների պարզումը։ Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է նախ նրանով, որ պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենա հավասար պայմաններում դատարան կանչելու եւ հարցաքննելու վկաների։ Դրանից բացի, դատավորը նշեց՝ նախկին հրամանատարներին կարող են անմիջականորեն հայտնի լինել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություններ, իսկ մյուսներին՝ դատարանի այս պահի գնահատմամբ՝ միայն ընդհանրական բնույթ ունեցող տեղեկություններ։ Դատարանը հետաձգված միջնորդությանը կանդրադառնա հիշյալ երկու վկաներին հարցաքննելուց հետո։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր վկա Երվանդ Իսկանդարյանը․ վերջինս պատշաճ ծանուցվել, սակայն նիստից րոպեներ առաջ էր միայն տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Դատարանը տեղեկացրեց, որ հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին։ Հիշեցնենք՝ Անդրանիկ Վերանյանը, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ նաև` ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:   Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը Միլենա Խաչիկյան
19:34 - 28 ապրիլի, 2023
Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Հակոբյանն այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ [․․․] 11 հազար զինվորական, կամավոր, սպա եւ այլն։ 11 հազարը պատկերացնում ենք, չէ՞, ինչ թիվ ա»։ Հնչեցված այս թիվը որոշակի տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, որովհետեւ մինչ այդ պահը պաշտոնական աղբյուրներով այդպիսի մեծ թիվ չէր հրապարակվել, բացի դրանից՝ Հակոբյանի հայտարարությունից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել Infocom-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նախ ճշտելու ուսումնասիրվե՞լ է արդյոք Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Մասնավորապես, ապրիլի 4-ին ՀՀ դատախազությունից հարցրել ենք՝ Աննա Հակոբյանի՝ վերը հիշատակված հայտարարությունը ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։ Իսկ եթե վարույթ չի նախաձեռնվել, հարցրել ենք՝ քննիչի կողմից որոշում կայացվե՞լ է վարույթ չնախաձեռնելու մասին, եթե այո, ապա հսկող դատախազը հաստատե՞լ է այդ որոշման օրինականությունը։ Գլխավոր դատախազությունն այս հարցմանը պատասխանելու համար ապրիլի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետից հետո, գրավոր ծանուցել է 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Դատախազությունը ապրիլի 25-ին հարցմանն ի պատասխան հաղորդել է միայն այն, որ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, իսկ մնացյալ հարցերը թողել է անպատասխան։ Ուստի ապրիլի 26-ին դարձյալ նույն հարցադրումներով գրություն ենք ուղարկել գերատեսչություն՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցման մեջ նշված բոլոր հարցերին։ Այնինչ Դատախազությունը դարձյալ խուսափել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով միայն, որ պատասխան արդեն տրվել է։ Դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդամենը 756 անձ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո դրան առնչվող բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդված), ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության (ՀՀ նախկին ՔՕ 362-րդ հոդվածի 3-րդ կետ), զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին  ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մաս) հոդվածներով։ Ինֆոքոմը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին, օրեր անց նաեւ Գլխավոր դատախազությանը՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով այդ գործերի մասին։ Քննչական կոմիտեն ապրիլի 4-ին ուղարկած մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է խնդրել։ Կոմիտեի պատասխանը դեռեւս չենք ստացել։ Ապրիլի 13-ին հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցնելով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության դեպքի առթիվ մինչ օրս քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանցից քանի՞սն է նախաքննության փուլում, քանի՞սն է ուղարկվել դատարան, քանի՞սն է կասեցվել եւ ի՞նչ հիմքով, քանի՞սն է կարճվել եւ ի՞նչ հիմքով։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող եւ արդեն դատարան ուղարկված քրեական վարույթներով ընդհանուր առմամբ քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ որ հոդվածների որ մասերով են առաջադրվել մեղադրանքները՝ ըստ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի։ Դատախազությունը, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, միայն ապրիլի 25-ին է պատասխանել այս հարցմանը։ Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանը, ապա թե այդ պատասխանից ինչ նոր հարցեր են ծագել։ Այսպես, պատասխանում նշված է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Նախաքննության ընթացքում հիշյալ 1786 քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում քննվող քրեական վարույթների թիվը 226 է: Ըստ Դատախազության՝ վերը նշյալ հոդվածներով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: Այդ 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության հոդվածով եւ 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով: Դատախազությունը հաղորդել է, որ դատարան ուղարկված այդ 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում: Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով կարճվել է 209 քրեական վարույթ, դասալքության հոդվածով՝ 31 քրեական վարույթ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 40 քրեական վարույթ: Իսկ ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են արդարացնող հիմքով, միայն 2-ը՝ ոչ արդարացնող: Դատախազության պատասխանում նշված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության հոդվածով՝ 132 անձ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 444 անձ, ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության պատասխանը նոր հարցեր է առաջացնումՆախ նշենք, որ «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ առնվազն անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ։ Այս հարցը ծագում է այն պատճառով, որ, ըստ Դատախազության, երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ Ընդ որում, դարձյալ անհասկանալի է, թե նշված թվում Դատախազությունը նկատի է ունենում միայն որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձա՞նց, թե նաեւ նրանց, որոնց արդեն առաջադրվել է մեղադրանք (ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ նախ որոշում է կայացվում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ապա նրա ներկայությամբ նրան առաջադրվում է մեղադրանք, իսկ եթե անձի գտնվելու վայրը հայտնի չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից հետո նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ կամ միջազգային հետախուզում)։  Բացի դրանից՝ Դատախազությունը չի հաղորդել նաեւ, թե արդարացնող հիմքով կարճված 278 վարույթներից յուրաքանչյուրով քանի անձ է ունեցել մեղադրյալի կարգավիճակ, եւ, որ ամենակարեւորն է, արդյոք այդ արդարացված անձանց թիվը ներառված է 10687 թվի մեջ։ Պարզաբանման կարիք ունեցող այս հարցերին Դատախազությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չտրվեց։ Այսպես, ապրիլի 26-ին ուղարկած նոր հարցմամբ գերատեսչությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է ենթադրում հարցման պատասխանում նշված «10687 անձի վերաբերյալ» ձեւակերպումը։ Արդյո՞ք նշյալ 10687 անձինք մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք են։ Եթե ոչ, ապա խնդրել էինք նշել այդ 10687 անձանցից փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ առանձին-առանձին, իսկ եթե կան անձինք, որոնք այս երեք, պայմանական ասած, կարգավիճակներից դուրս են, ապա ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերելիությունը քրեական վարույթներին։ Հարցրել էինք նաեւ, թե վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված 756 անձինք արդյոք ներառվա՞ծ են 10687 թվի մեջ, եւ նրանցից քանիսի՞ն է փաստացի մեղադրանք առաջադրված, քանի՞սն է հետախուզման մեջ։ Խնդրել էինք տրամադրել նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, եւ որոնց նկատմամբ՝ ոչ արդարացնող։ Այս համատեքստում խնդրել էինք հստակեցնել՝ անձինք, որոնց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ներառվա՞ծ են որպես մեղադրյալ ներգրավված 756 անձանց թվում, թե որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ի սկզբանե ավելին է եղել, այսինքն՝ այս 756 թիվը ներառում է միայն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձանց։ Ինչպես նաեւ տեղեկություն էինք խնդրել, թե դատաքննությունն ավարտված վարույթներով անցնած 64 անձանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել արդարացման, քանիսի՞ վերաբերյալ՝ մեղադրական դատական ակտ։ Դատախազությունը հենց այսօր այս անբովանդակ պատասխանն ուղարկեց․ «Ապրիլի 25-ին արդեն իսկ տրվել է պատասխան։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է»։ Անհասկանալի է՝ եթե, ըստ Դատախազության, հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է, ապա էլ ինչու մեզ հորդորեցին դարձյալ գրավոր հարցում ուղարկել։ Այսպիսով, վերը նշված հարցերի պատասխանները չստանալով՝ դժվար է հստակ արձանագրել, թե, ի վերջո, այս պահի դրությամբ դասալքության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթներով կոնկրետ քանի անձի է փաստացի առաջադրվել մեղադրանք։ Եթե անգամ համարենք, որ վերը հիշատակված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը փաստացի մեղադրյալների թիվն է, պետք է չմոռանալ, որ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, եւ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 64 անձանց վերաբերյալ կայացված դատավճիռների բնույթն էլ, ինչպես նշեցինք, Դատախազությունը չի տրամադրել:  Եւ, այդուհանդերձ, տրամադրված պատասխաններից կարող ենք եզրահանգել, որ 11 հազար դասալիքի մասին հայտարարությունը մանիպուլյատիվ է, եւ, ըստ ամենայնի, Դատախազությունը դրան մոտ մի ընդհանրական թիվ է ներկայացրել, որպեսզի պատճառաբանվի նաեւ, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել Աննա Հակոբյանի հայտարարության հիմքով։  Թեմայի շարունակությունը՝ «Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ» վերտառությամբ հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
23:05 - 27 ապրիլի, 2023
Շուտով, առաջիկայում, 2022-ի տարեվերջ, 2023-ի տարեվերջ․ երբ ամբողջապես կներդրվի քարտային տոմսավորման համակարգը

Շուտով, առաջիկայում, 2022-ի տարեվերջ, 2023-ի տարեվերջ․ երբ ամբողջապես կներդրվի քարտային տոմսավորման համակարգը

Դեռ երեք տարի առաջվանից, երբ Երեւան քաղաքը սպասում էր նոր ավտոբուսներին, բազմիցս հայտարարվել է, որ դրանցում տեղադրվելու է քարտային տոմսավորման համակարգ։ Իրավասու պաշտոնյաների հայտարարությունները, սակայն, որեւէ անգամ հստակ ժամանականշում չեն ունեցել․ մշտապես հնչել են «մի քանի ամսից, առաջիկայում, շուտով» եւ այստեսակ այլ արտահայտություններ։ Երեւանի տրանսպորտային համակարգ մուտք գործած նոր ավտուբուսներում մինչ օրս այդ համակարգը ամբողջությամբ ներդրված չէ, միայն վերջին շաբաթների ընթացքում, երբ որոշ երթուղիներում վերջին գնված ավտոբուսները սկսեցին սպասարկել, դրանցում ներդրվեց համակարգի փորձնական մոդելը։ Այսպես, 2020թ․ հուլիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդեց, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափսի ավտոբուս է ձեռք բերվելու։ Մրցույթում մասնակիցներին առաջադրված պայմաններից մեկը վարորդի խցիկում քարտային տոմսավորման հնարավորությունն էր։ Այդ ավտոբուսները եկան Երեւան, եւ 2021թ․ հուլիսին Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ մի քանի ամսից անցում կկատարվի էլեկտրոնային վճարման համակարգի։ 2021թ․ տարեվերջին եկավ ավտոբուսների նոր խմբաքանակ, որը եւս ձեռք էր բերվել մայրաքաղաքի բյուջեով։ Դրանցում եւս նախատեսված է տեղադրել քարտային տոմսավորման համակարգ, սակայն գործում են միայն մետաղադրամ ընդունող սարքերը։  Հաջորդ տարի՝ 2022-ի ապրիլին, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, որ շուտով գործարկվելու է միասնական վճարային համակարգի փորձնական՝ պիլոտային տարբերակը, որի արդյունքները հաշվի առնելով՝ կանցնեն համակարգի ամբողջական տեղադրմանը։ Բայց հստակ ժամկետներ պաշտոնյան չնշեց։ Ամիսներ անց էլ Երեւանի քաղաքապետարանը «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան էր հավաստիացրել, որ էլեկտրոնային համակարգն, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչեւ տարեվերջ։  Չնայած այս հավաստիացումներին եւ հայտարարություններին, միայն 2022թ․ նոյեմբերի 8-ին էր Երեւանի քաղաքապետի որոշմամբ հայտարարվել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ, որն ամփոփվել էր նույն թվականի դեկտեմբերի 13-ին։ Մրցույթում հաղթել էր «Թել-Սել» ՓԲԸ-ն: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ մինչ այդ հնչած հայտարարությունները հիմնված չեն եղել այս ուղղությամբ փաստացի կայացված որոշումների վրա։   Infocom-ը ս․թ․ մարտի 30-ին Երեւանի քաղաքապետարանից հարցմամբ, ի թիվս այլնի, հետաքրքրվել է, թե ինչ գործոններով պայմանավորված մինչ օրս չեն ներդրվել համակարգի պիլոտային եւ հիմնական տարբերակները, ինչ փուլում են համակարգի պիլոտային տարբերակի ներդրման աշխատանքները, երբ եւ քանի ավտոբուսում է ներդրվելու պիլոտային տարբերակը, որ երթուղիները սպասարկող ավտոբուսներն են լինելու դրանք եւ այլն։  Քաղաքապետարանից ապրիլի 5-ին տրամադրած պատասխանում նշել են, որ ներկայումս ընթանում են համակարգի ներդրման աշխատանքները՝ ըստ սահմանված գրաֆիկի, եւ վստահեցնում՝ որևէ հետաձգում առկա չէ։ Համակարգի հիմնական ներդրումը, ինչպես նշում են քաղաքապետարանից, տևելու է 12 ամիս՝ համաձայն կնքված պայմանագրի։ Հիմնական ներդրումը 3 փուլի է բաժանված․ պիլոտային ներդրում մեկ երթուղում՝ սահմանափակ ֆունկցիոնալությամբ,  համակարգի ամբողջական ներդրում առկա տրանսպորտային միջոցներում, համակարգի ներդրում հետագայում ձեռք բերվող և համալրվող ավտոբուսներում։ Հարցման պատասխանում ասվում է, որ արդեն իսկ պիլոտային ներդրման համար «Թել-Սել» ՓԲԸ-ն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ (տոմսային համակարգի ձեռքբերում, վալիդատորների ձեռքբերում, ծրագրային կարգաբերում, ինտեգրում «Թել-Սել» վճարային համակարգի հետ և այլն)։ «Առաջիկայում փորձնական վալիդատորները կտեղադրվեն հասարակական տրանսպորտի մեկ երթուղում, որի երթուղու, տոմս ձեռք բերելու, վալիդատորից օգտվելու և այլնի մասին կարվի հայտարարություն»,- հայտնում են քաղաքապետարանից: Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանն այս անգամ արդեն հաղորդում է, որ քարտային համակարգի ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն դարձյալ հստակ ժամկետներ չեն նշվում․ միայն այն, որ ընդհանուր ներդրումը տեւելու է 12 ամիս, բայց չկա հստակեցում՝ թե երբվանից սկսյալ։ Պայմանագրի կնքման ամսաթվից կարելի է ենթադրել, որ 12 ամիսը հաշվվում է այդ պահից, քանի որ պայմանագիրն էլ ուժի մեջ է մտել ստորագրման պահից։ «Թել-Սել» ընկերությունից Infocom-ի՝ ապրիլի 5-ին ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան ապրիլի 12-ին տեղեկացրել են, որ Ընկերության կողմից կատարվել է համակարգի պիլոտային շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռք բերում, ընթանում են կարգաբերման և «Թել-Սել» վճարային համակարգի հետ համակցման աշխատանքները: Ընկերությունը վստահեցրել է, որ համակարգի պիլոտային շահագործումը պլանավորվում է սկսել մայիսին, այն տեւելու է մոտ երկու ամիս: «Պիլոտային ծրագրի հաջող ավարտից հետո Համակարգի ամբողջական ներդրումն Ընկերությունը կիրականացնի 9 ամսվա ընթացքում: Հավելենք, որ հաշվարկը իրականացվում է պայմանագրով սահմանված կարգով»,- պատասխանել են Ընկերությունից՝ նշելով, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման հետ կապված պետությունն ընդհանրապես գումար չի ծախսելու, եւ որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է «Թել-Սել» ընկերության ֆինանսական միջոցներով: Հետաքրքրվել էինք նաեւ, թե այս պահի դրությամբ քանի համապատասխան սարք է ձեռք բերել Ընկերությունը, ինչ սարքեր են դրանք (վալիդատոր եւ այլ), եւ թե ինչ արժեք ունեն դրանք։ Պատասխանել են, որ այս տեղեկատվությունը ներառում է առևտրային գաղտնիք, և այն նպատակահարմար չի համարվում հրապարակել: Ինֆոքոմը Երեւանի քաղաքապետարանին խնդրել է նաեւ Ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի օրինակը։ Քաղաքապետարանից նշել են, որ պայմանագրում փոփոխություններ են արվում, ինչից հետո այն կհրապարակվի։ Հետգրություն․ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ս․թ․ ապրիլի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց, որ վերջերս գծերում ներմուծվել են նոր ավտոբուսները, եւ դրան զուգահեռ «հենց այս պահին ներդրվում է տոմսային համակարգը»։ Ավինյանը հայտնեց, որ MAN ավտոբուսներում տոմսային համակարգը հիմա փորձնական ներդրված է, վճարում անել էլ հնարավոր է մի քանի եղանակով, այդ թվում՝ քարտով, հեռախոսով, QR կոդով, իսկ ապագայում նաեւ տրանսպորտային քարտերով։ Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ մինչեւ տարվա վերջ միասնական տոմսային համակարգը ամբողջությամբ ներդրված է լինելու ե՛ւ ավտոբուսներում, ե՛ւ գազելներում, ե՛ւ մետրոյում։ Հայարփի Բաղդասարյան
12:25 - 25 ապրիլի, 2023
«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց

«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց

Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց Աբրահամյանի պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը։ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ․ որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Սեւակ Աբրահամյանը կալանավորված է շուրջ 9 ամիս եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ հանրային մեղադրողների՝ կալանքից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը Այսօրվա դատական նիստին քննարկվեց Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հարցը, որի ժամկետը մոտ օրերս՝ ապրիլի 28-ին, լրանալու է։ Ընտրված խափանման միջոցի երկարաձգման հարցը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի, նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա հարցերից է։ Լուսանկարում՝ դատախազներ Վազգեն Վարդանյանը, Հայկ Ռափյանը Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց դրա վերաբերյալ՝ նշելով, որ չեն վերացել կալանքի հիմքերն ու հիմնավորումները։ Վարդանյանը չմանրամասնեց դրանք, միայն ասաց՝ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի այն պետք է մնա անփոփոխ։ Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը, որ այսօր ներգրավվեց քրեական գործով, միացավ իր գործընկերոջ դիրքորոշմանը։ Պաշտպանի խոսքով՝ չկա վկա, որի վրա Աբրահամյանը կցանկանա ազդեցություն գործադրել Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց փոփոխել խափանման միջոց կալանքը՝ ընտրելով տնային կալանք կամ բացակայելու արգելք՝ գրավի հետ համակցությամբ։ Ըստ Թամրազյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք չի կարող կիրառվել մի քանի պատճառաբանությամբ։ Առաջինը, ըստ նրա, այն է, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որ մեղսագրվում է Աբրահամյանին, վերաբերում է կոնկրետ Հայաստանի Հանրապետության վրա հարձակմանը, մինչդեռ 6-րդ պաշտպանական շրջանը Արցախում, այլ ոչ թե ՀՀ–ում է պաշտպանություն իրականացրել․ «Կոնկրետ դեպքում հանցագործության անմիջական օբյեկտը ՀՀ սահմաններն են, ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները չեն նույնանում, քանի որ դրանք տարբեր սուբյեկտներ են, եւ միայն այդ հիմքով մենք գործ ունենք հանցակազմի բացակայության հետ»,– ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ երբ այդ մասին հայտնել են քննչական մարմնին, վերջինս վկայակոչել է ՀՀ–ի եւ Արցախի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ զինծառայողները կարող են Արցախում ծառայել, ինչպես նաեւ՝ Եվրոպական դատարանի այն դիրքորոշումները, ըստ որոնց՝ ՀՀ–ն իրավազորություն ունի ԱՀ–ում կատարված գործերի քննության առումով․ «Բայց պաշտպանական կողմը չի վիճարկում այդ իրավազորությունը, չի վիճարկում այդ համաձայնագիրը, այլ նշում է, որ Քրեական օրենսգիրքը որեւէ կապ չունի այդ համաձայնագրի հետ»։ Մյուս հանգամանքը, ըստ պաշտպանի, այն է, որ քննիչը, որը կազմել է Աբրահամյանի մեղադրական եզրակացությունը, չի ունեցել դրա լիազորությունը։ Բանն այն է, որ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը որպես մաս անջատվել է մեկ այլ՝ մայր քրեական վարույթից, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մաս անջատելու որոշման մեջ պետք է նշվի նաեւ այն պաշտոնատար անձի անունը, որը պետք է ստանձնի այդ վարույթը։ Տվյալ որոշման մեջ, ըստ պաշտպանի, դա չի նշվել։ Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը Արման Թամրազյանն ընդգծեց՝ կա ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվ (հրահանգ), որը սահմանում է, որ խաղաղ ժամանակ զորքը լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի կարող են բերել միայն ԶՈՒ ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը, որոնք նման որոշում չեն կայացրել, իսկ ստորաբաժանման ղեկավարները, ինչպիսին եղել է Աբրահամյանը, նման իրավունք ունեն միայն հարձակումից հետո․ «Որ ասում են՝ Սեւակ Աբրահամյանին զեկուցել են, որ առաջնագծից տեղեկություններ են ստացվել․․․ Սեւակ Աբրահամայանն ընդունել է, ասել է՝ այո, ինձ զեկուցել են, բայց ես զորքը չեմ բերել լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի, որովհետև դրա իրավասությունը չեմ ունեցել։ Ասել է՝ ես չեմ գնահատել հակառակորդի շարժը պատերազմի սկսման հավանակության մասին վկայող նախանշաններ»,- ասաց Թամրազյանը։ Վերջինս հորդորեց անկողմնակալ դիտորդներին պատճառահետեւանքային կապը հասկանալ․ եթե հակառակորդի ուժերը 10 անգամ գերազանցել են, բարձրաստիճան զինվորականնների ցուցմունքներով հաստատվել է, որ 6-րդ պաշտպանական շրջանը չի ունեցել  հակառակորդին դիմակայելու համար սպառազինության կոնկրետ տեսակներ, մոբիլիզացիա չի արվել, իսկ արվելուց հետո սահմանված 30-40 տոկոսով զորքը չի ավելացել, համալրվածների 90 տոկոսն էլ իրենց հաստիքներին չեն համապատասխանել, Սեւակ Աբրահամյանի կողմից սեպտեմբերի 26-ին ժ․ 17։00-ից մինչ 23։00-ն կազմակերպված խնջո՞ւյքն է պատճառական կապը, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00-ից սկսած 5 օր պատերազմելով՝ Մատաղիսն ու Թալիշն ի վերջո գրավել են․ «Այսինքն՝ եթե խնջույքը չլիներ, չէի՞ն գրավի»,– հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը։ Նա պնդեց՝ նախաքննություն ավարտվել է,ապացույցները՝ հավաքվել, այժմ չկա որեւէ վկա, որի վրա Աբրահամյանը ցանկանա ազդեցություն ունենալ կամ որեւէ ապացույց, որը ցանկանա խեղաթյուրել․ «Դատակոչի ցուցակում 51 վկա կա, դատարանի ծանրաբեռնվածությունը, իմ պրակտիկան հաշվի առնելով՝ 51 վկայով գործի դատաքննությունը տեւելու է 4-5 տարի, այսինքն՝ 5 տարի Սեւակ Աբրահամյանը պիտի մնա կալանքի տա՞կ։ Եթե չկոնկրետացնենք այն վկաներին, ում վրա կարող  է ազդեցություն ունենալ, բերենք, իրենց հարցաքննենք, հետո հասկանանք՝ կարող է կալանքը վերանայվել, թե չէ, սա ակնհայտ վեր է ածվում պատժի»,– ասաց նա։ Սեւակ Աբրահամյանը վստահ չէ՝ մարդիկ իրականությունն իմանալո՞ւ են թե՞ ոչ Քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը՝ հավաստիացնելով, որ ազատության մեջ մնալու դեպքում չի պատրաստվում խոչընդոտել գործի քննությանը․ «Ես ասել եմ՝ եթե 6–րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ գործ չհարուցվի, չեմ ծառայելու զինված ուժերում, ես իմ խոստումը կատարել եմ, բարձր պաշտոնից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, զուտ որովհետեւ գործ չէր հարուցվում»,– ասաց նա՝ ընդգծելով, որ երբ իր որդուց տեղեկացել է հարուցված քրեական գործի մասին, գտնվել է ՌԴ–ում եւ մեկ շաբաթվա ընթացքում ինքնակամ վերադարձել է ՀՀ․ «Ես քննիչի հետ խոսել եմ, ասել եմ՝ փառք Աստծո, ասել է՝ ի՞նչ, ասել եմ՝ փառք Աստծո, որ քրեական գործ է հարուցվել, ուրեմն ես ձեզ պետք եմ լինելու․․․ Մինչեւ վերջ մնացել եմ քննիչի հետ, իր խնդրանքով աշխատել եմ, ման ենք եկել մարդկանց, փոխանցել եմ տվյալներ, հասցեներ, այսինքն՝ աջակցել եմ, համագործակցել եմ ամեն ձեւ՝ շատ լավ իմանալով, որ այդ բոլոր դեպքերով ես հարցաքննվելու եմ ինչ–որ կասկածանքի շուրջ»։ Աբրահամյանն ընդգծեց՝ իր ենթակա անձնակազմից, մասնավորապես 1-ին եւ 4-րդ գումարտակներից չկա գեթ մեկ անձ, որի ցուցմունքի հետ ինքը անհամաձայնություն, ըստ այդմ՝ ազդեցություն գործադրելու անհրաժեշտություն ունենա․ «Բառ առ բառ, տառ առ տառ համաձայն եմ ցուցմունքներին, ես չեմ առարկում իրենց ասածին, որ խոչընդոտեմ, իմ ասածը հակասում է իմ վերադասի՝ ԳՇ պետի տեղակալի ասածին, որը ինձ առաջադրել է մի խնդիր, բայց ցուցմունքում նշել է մեկ այլ խնդիր»։ Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը Աբրահամյանը հայտնեց, որ կալանավայրում որեւէ խնդիր չունի, բայց մտավախություն ունի՝ դատավարության վերջը կտեսնի՞ թե՞ չէ․ «Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելու՞ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց նախկին հրամանատարը։ Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանքը 3 ամսով։ Նիստի ավարտին՝ նախքան դահլիճը լքելը, Աբրահամյանը դիմեց դահլիճում գտնվող իր ծանոթներին․ «էս ա, ախպե՛րս, չեմ կարողանում․․․ Ապացուցելու եմ, ասել եմ՝ բացելու եմ, լրիվ բացելու եմ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին։   Միլենա Խաչիկյան
22:14 - 21 ապրիլի, 2023