Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

 |factor.am|

ՌԴ դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով |factor.am|

factor.am: Ղազախստանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կանչվել է երկրի ԱԳՆ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով, գրում է Meduza-ն։ Հոկտեմբերի 4-ին Զախարովան ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն «վրդովված է» այն փաստից, որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Վրուբլևսկին իր հայտարարություններից մեկուկես ամիս անց «շարունակում է մասնակցել դիվանագիտական ​​ընդունելություններին, որպես դիվանագիտական ​​առաքելության ղեկավար», և մեղադրել է Ղազախստանին ավելի վաղ տրված խոստումը  չկատարելու մեջ, որ նա ամենակարճ ժամկետում կլքի Ղազախստանը։ Իր հայտարարության մեջ Զախարովան պահանջել էր ուկրաինական դեսպանին վտարել։ Ռուսական կողմի դժգոհությունն առաջացրած մտքերը Վրուբլևսկին արտահայտել էր դեռևս օգոստոսին՝ բլոգեր Դիաս Կուզաիրովին տված հարցազրույցում։ «Մենք փորձում ենք սպանել նրանցից որքան հնարավոր է շատ: Հիմա ինչքան շատ ռուս սպանենք, այնքան նրանք քիչ կսպանեն մեր երեխաներին»,- մասնավորապես, ասել էր դեսպանը։ Կարճ ժամանակ անց Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիվանագետը արձակուրդում է, գերատեսչությունը նաև հայտնել էր, որ նա ներողություն է խնդրել իր խոսքերի համար։ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիրյարովը հայտարարել է, որ Զախարովայի հայտարարությունների տոնյանությունը «չի համապատասխանում Ղազախստանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունների բնույթին, որպես հավասար ռազմավարական գործընկերների»: Նա, այդուհանդերձ, ակնարկել է, որ Վրուբլևսկին առաջիկայում լքելու է իր պաշտոնը։ «Ուկրաինայի ԱԳՆ-ից Աստանայում նոր դեսպան նշանակելու կապակցությամբ հարցում է ստացվել։ Ցանկանում եմ նշել, որ ուկրաինական կողմի հետ մենք լիակատար փոխըմբռնում ունենք այս հարցում»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
13:11 - 05 հոկտեմբերի, 2022
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»
 |factor.am|

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի պատերազմին «ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա» |factor.am|

factor.am: Ռուս-ուկրաինական հակամարտության գոտում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի հնարավոր մասնակցության հարցն օրակարգում չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ Ղազախստանը ելնում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, նրանց ինքնիշխան իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքներից՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ «ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ ուրվագծվում է անդամ պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներով, և հավաքական անվտանգությունն ապահովվում է այդ տարածքների սահմաններում։ Այսպիսով,  ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա»,- ասել է Սմադիյարովը։
15:36 - 03 հոկտեմբերի, 2022
Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի

 |armenpress.am|

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը: Հենց այդ օրերին Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի 64 հազար 234 քաղաքացի: Նրա խոսքով՝ անհատական նույնականացման համար (ԱՆՀ) են ստացել են 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ: Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները, իրավական անձինք, հնարավորություն չունեն Ղազախստանի պետական մարմիններին դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար, բանկերում եւ այն կազմակերպություններում բանկային հաշվներ բացելու եւ վարելու համար, որոնք իրականացնում են առանձին տեսակների բանկային գործառնություններ, վճարումների, փոխանցումների իրականացում եւ այլն: Ատալիկովը ճշտել է, որ 2022 թվականի ապրիլի 1-ից Ղազախստանում ԱՆՀ է ստացել 93 հազար 45 ռուսաստանցի: «Ապրիլի 1-ից մեզ մոտ կեցության վկայագիր է ստացել ՌԴ-ի 4271 քաղաքացի, նրանցից 116-ը մեր էթնիկ ղազախներն են: Կեցության վկայագիրն ունի իր կարգը, նրանցից յուրաքանչյուրը հաստատել է իր վճարունակությունը»,-շարունակել է նա: Քաղաքացիություն ստանալու համար հայտ է ներկայացրել 441 անձ, նրանցից 117-ը էթնիկ ղազախներ են Ռուսաստանից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:15 - 27 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

 |armenpress.am|

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության  մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանում՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության RCB-ի համատեղ կազմավորումը: «Որոնում-2022» հատուկ զորավարժության ընթացքում կմշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական գերատեսչությունների ուժերի և միջոցների կողմից հետախուզության կազմակերպման և անցկացման հարցերը։ «Էշելոն-2022» հատուկ զորավարժությունն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման խնդիրների մշակմանը։ ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:  
11:02 - 26 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը
 |hetq.am|

Ղազախստանի մայրաքաղաքը դարձյալ ստացավ Աստանա անվանումը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի խորհրդարանը, պալատների համատեղ նիստի ժամանակ, երկու ընթերցմամբ ընդունել է երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման օրենսդրական նախագիծը, որով ենթադրվում է մայրաքաղաք Նուր-Սուլթանի անվանափոխումն Աստանայի։ Այդ մասին գրում է Tengrinews պարբերականը։ Բացի այդ, այսուհետ Ղազախստանի նախագահի համար կսահմանվի պաշտոնավարման միայն մեկ ժամկետ՝ յոթ տարի նախագահությամբ։ «Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծին միաձայն կողմ են քվեարկել նիստին մասնակից բոլոր 50 սենատորները և մաժիլիսի 99 պատգամավորները։ Օրենսդրական նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Կանատ Մուսինը։ Խորհրդարանի ընդունած օրենքը կներկայացվի նախագահի ստորագրմանը։ Սեպտեմբերի սկզբին «Жаңа Қазақстан» պատգամավորական խումբն առաջարկել էր Ղազախստանի մայրաքաղաքին վերադարձնել իր նախկին՝ Աստանա անվանումը։ «Ճիշտ չենք համարում, երբ մարդու կենդանության օրոք նրա անունով քաղաք է կոչվում, ընդ որում ժողովուրդը ևս չի ընդունել մայրաքաղաքի նոր անվանումը»,- հայտարարել էին խորհրդարանականները։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աջակցել էր այդ առաջարկին։ Սեպտեմբերի 1-ին Տոկաևը հայտարարել էր այս աշնանն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին և առաջարկել սահմանափակել նախագահի վերընտրման հնարավորությունը՝ սահմանելով  7 տարի նախագահական պաշտոնավարման ժամկետ։ «Ինձ համար երկրի շահերն ամեն ինչից վեր են։ Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետներն ու գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,- այդ ժամանակ պնդում էր Տոկաևը։ Ղազախստանի մայրաքաղաքը «Նուր-Սուլթան» անվանումը ստացել էր 2019 թվականին՝ ի պատիվ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի։ Ի դեպ, դա հենց Տոկաևի առաջարկն էր, որը նոր էր անցել երկրի նախագահի պաշտոնին։
15:54 - 16 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում
 |fip.am|

Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում |fip.am|

fip.am: Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։ Սակայն հակառակ ՀԱՊԿ անդամ պետության արտգործնախարարի հայտարարության՝ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ ՀՀ  սուվերեն տարածքում, թիրախավորված են հայկական բնակավայրեր ու քաղաքներ:  Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին օրը Արդեն երկրորդ օրն է, ինչ չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտերը։ Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեսակոնֆերանսով կայացել է ՀԱՊԿ անվտանգության արտահերթ նիստ, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, և քննարկվել է ՀԱՊԿ հետագա քայլերը: ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, ըստ էության, ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։ Արդեն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հայաստանի սուվերեն տարածքում Սեպտեմբերի 13-ի ողջ գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերն ու բնակավայրերը հրետակոծելուց հետո Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարեց հրապարակում, որում ակնհայտորեն երևում էին հրետակոծությունից վնասված և այրված շենքերը։ Համայնքապետի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել է մի քանի տուն, վնասվել են որոշ տների տանիքներն ու պատուհանները։ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից դեպի ներս՝ ավելի քան 8,5 կմ խորքում։  Այսինքն՝ այն պնդումը, թե սահմանազատում չի արվել, հետևաբար դժվար է ասել, թե ում տարածքում են ընթանում մարտերը, կեղծիք է։ Սոթքում ադրբեջանական ագրեսիայից վնասվել են նաև մի շարք տներ, ինչն ապացուցող լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Բացի Սոթքից Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի քանի այլ հայկական բնակավայրերի ևս։ Ադրբեջանի թիրախային հարձակումից վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակարաններից մեկը։ Արկերից երկուսն էլ ընկել են անմիջապես բնակարանի հարևանությամբ։ Վերիշենում ադրբեջանական ագրեսիայի և ռմբակոծության հետևանքով վնասվել է 5 տուն, ինչպես նաև ավտոմեքենաներ։ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը Հայաստանի պետական սահմանից ավելի քան 9 կմ դեպի ներս է տեղակայված։ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում ադրբեջանական արկի պայթյունից վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը։ Հրետակոծությունից կոտրվել են հանդիսությունների սրահի պատուհանները, վնասվել են սրահի տանիքն ու պատերը։ Քարաշեն բնակավայրը ՀՀ պետական սահմանից ավելի քան 3 կմ խորքում է։ Սիվիլնեթի մեր գործընկերները Ջերմուկ տանող ճանապարհին նկարահանել են, թե ինչպես է քաղաքացիական մեքենան վնասվել Ադրբեջանի հրետակոծությունից, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պահի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհն անվտանգության տեսանկյունից փակ էր երթևեկության համար։ Ջերմուկ քաղաքը Հայաստանի պետական սահմանից հեռու է 13 կմ։ Բացի դրանից, երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արած հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ունենք քաղաքացիական զոհեր։ Ի՞նչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակում  «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս ամիսներ առաջ գրել էր, թե ինչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»: Այսպիսով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այն պնդումը, թե քանի որ սահմանազատում չի իրականացվել, դժվար է ասել սահմանի խախտում եղել է, թե ոչ, առնվազն տեղին չէ, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խոցվում են  սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող քաղաքացիական օբյեկտներ, վնասվում են մեքենաներ, տներ, վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք։   Նարեկ Մարտիրոսյան
17:57 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան
 |news.am|

Ղազախստանում այլ շահեր էին. Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ. Եղոյան |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը իր անդամ յուրաքանչյուր պետության տարածքի նկատմամբ ագրեսիան պետք է դիտարկի որպես իր տարածքի նկատմամբ ագրեսիա եւ պետք է արձագանքի համապատասխանաբար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը, դուք տեսել եք, ես չեմ ցանկանա շատ պերճախոս գնահատականներ տալ, բայց դա այնպիսին է, ինչպիսին է: Միգուցե այնպիսին է, ինչպիսին կարող էր լինել, այլ ոչ այնպիսին, ինչպիսին չէր էլ կարող լինել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեց ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: Հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ–ին պայմանագրի ո՞ր կետով է դիմել` 2-րդ, թե՞ 4-րդ, Եղոյանը չպատասխանեց` առաջարկելով հարցն ուղղել Անվտանգության խորհրդին. «Դա էական չի, կան միջազգային կառույցներ, որ առանց դիմելու էլ են արձագանքում: Միջազգային հարաբերությունները շահերի մասին են, ոչ թե կետերի: Միջազգային դերակատարները ցանկացած իրավիճակի արձագանքում են ըստռ իրենց շահերի, ոչ թե ըստ դասագրքային կանոնների: Դուք գիտեք, որ Ադրբեջանը ռազմավարական դաշնակից է ՀԱՊԿ անդամ գրեթե բոլոր երկրների հետ»: Ինչ վերաբերում է ռազմական դրություն մտցնելուն, Եղոյանն ասաց, որ ռազմական դրությունը մտցվում է ըստ ռազմական կարիքների: Նա ընդգծեց, որ այս իրավիճակում պետք է բարձրացնել մեր դիմադրողականությունը որպես հասարակությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը եւ շարունակել աշխատել բոլոր խաղացողների հետ: Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ միջազգային արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ–ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։ Նա բավական դրական գնահատեց նաեւ Իրանի, Հնդկաստանի արձագանքները: Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։ Որոշվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու և պետությունների ղեկավարների համար զեկույց պատրաստելու նպատակով:
13:41 - 14 սեպտեմբերի, 2022
«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար
 |mediamax.am|

«Դժվար է խոսել սահմանի խախտման մասին»․Ղազախստանի ԱԳ նախարար |mediamax.am|

mediamax.am: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ «Հարցն այդպես դրված չէ։ Երեկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Մենք ուզում էինք օբյեկտիվ պատկեր ստանալ, քանի որ երկու կողմից տարբեր տեղեկություններ են գալիս։ Ուստի պետությունների ղեկավարները որոշեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի այնտեղ, այնուհետեւ կտեղեկացնի պետությունների ղեկավարներին», - Թլեուբերդիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ղազախստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը սահմանազատված չէ, եւ այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որեւէ խախտման մասին»։
10:11 - 14 սեպտեմբերի, 2022
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ: Դրա վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքն այսուհետ ևս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախա-հայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը: Մաղթում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
14:08 - 28 օգոստոսի, 2022
ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում կարող է ստեղծվել Երիտասարդական նախաձեռնությունների աջակցության եվրասիական հիմնադրամ: Այս մասին տեղեկացնում են ԵԱՏՄ մամուլի ծառայությունից։ Նման առաջարկ է հնչեցրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի «Ապագա» երիտասարդական համաժողովի բացմանը, որն ընթանում է «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում, Ղազախստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում: «Կարծում եմ, որ հիմնադրամը կարող էր ունենալ տարածաշրջանային բաժանմունքներ և անհատույց մատուցել խորհրդատվական, կրթական և այլ ծառայություններ, կազմակերպչական և իրավական աջակցություն ցուցաբերել երիտասարդական ինտեգրացիոն նախագծերին», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը: Միջոցառմանը մասնակցել է նաև Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, վարչապետ Ակիլբեկ Ժապարովը: Ողջույնի խոսքում Ղրղզստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր վեկտորներից մեկն է: «Կրթությունն ու հասարակական նախագծերը, հատկապես միջազգային տնտեսության, ռոբոտաշինության և ՏՏ ոլորտում, հսկայական հնարավորություններ են ստեղծում ստեղծարար երիտասարդների համար։ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը եվրասիական ինտեգրման նոր, կարևոր ուղղություններից է։ Այդ ուղղության հետագա դիվերսիֆիկացումը թույլ կտա ընդլայնել մեր երիտասարդության շփումների աշխարհագրությունը այլ պետությունների, ինտեգրացիոն տարածաշրջանային միավորումների հետ ՝ Հարավային Ամերիկայից մինչև Հարավարևելյան Ասիա», - ասել է Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՀ խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հիշեցրել է, որ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղության համաձայն, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, նախատեսված է եվրասիական ինտեգրման գործընթացներում հանրության լայն ներգրավում: Ընդ որում, մինչև 30 տարեկան երիտասարդները իրենց արժանի տեղն են գտնում Միության սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր խնդիրների լուծման գործում: «Հաղորդակցության ուղիների ստեղծման համար մենք նախատեսում ենք ԵՏՀ –ում ստեղծել «մեկ պատուհան»՝ երիտասարդների դիմումների օպերատիվ քննարկման, երիտասարդ ձեռներեցներին, երիտասարդ մասնագետներին, ուսանողներին աջակցելու համար», - ընդգծել է ԵՏՀ խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ հանձնաժողովը ձգտում է երիտասարդության համար աշխատանքային լրացուցիչ հնարավորություններ ստեղծել։ Անցյալ տարի գործարկվել է «աշխատանք առանց սահմանների» միասնական համակարգը։ Այսօր բազայում կա ավելի քան 500 հազար թափուր աշխատատեղ։ «Երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում Եվրասիական տնտեսական միության զարգացման հետագա ուղղությունների մշակման գործում։ Եվ դա ճիշտ է։ Մասնակցելով միութենական շինարարությանը՝ դուք ձեզ համար կենսապայմաններ եք ստեղծում, - ամփոփել է Միխայիլ Մյասնիկովիչը։
17:05 - 25 օգոստոսի, 2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան
 |hetq.am|

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Ադրբեջան |hetq.am|

hetq.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 24-ի առավոտյան, պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ բանակցություններ կընթանան այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օդանավակայանում Տոկաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը։ «Այցի ընթացքում նախատեսված են նեղ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններ Ղազախստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Սպասվում է, որ երկրների ղեկավարները կդիտարկեն երկկողմ համագործակցության բազմաբնույթ հարցերի լայն շրջանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում։ Ադրբեջանի նախագահական պալատում մեկնարկել է Տոկաևի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահների պատվիրակությունների ներկայացման արարողությունը։
11:56 - 24 օգոստոսի, 2022