Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված քննարկմանը դատապարտելի է համարել միջազգային հանրության կողմից Արցախի մեկուսացումը

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված քննարկմանը դատապարտելի է համարել միջազգային հանրության կողմից Արցախի մեկուսացումը

Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը անդրադարձել է 2020 թվականի աշնանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև ներկայացրել ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Նա մատնանշել է տեղահանված անձանց բոլոր խնդիրները և ընդգծել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու խիստ անհրաժեշտությունը։ Անդրադառնալով հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց ապօրինաբար Ադրբեջանում պահելու խնդրին՝ Պաշտպանը անընդունելի է համարել միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող շինծու և հակաիրավական դատավարությունների հարցում և պնդել, որ միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքերը և նշել, որ չնայած հայկական մշակութային կոթողներին սպառնացող վտանգի մասին պարբերաբար ահազանգերին՝ միջազգային համապատասխան մարմինները և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ն հստակ քայեր չեն ձեռնարկում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակույթը ոչնչացումից փրկելու համար։ Գեղամ Ստեփանյանը դատապարտելի է համարել Արցախի մեկուսացումը միջազգային հանրության կողմից՝ շեշտելով, որ հենց մեկուսացման պատճառով է, որ միջազգային հանրությունը խորությամբ չի գիտակցում խնդրի էությունը, որը ոչ թե տարածքային վեճ է, այլ Արցախի ժողովրդի պայքարն է իրենց իրավունքների պաշտպանության համար։
17:16 - 25 հունիսի, 2021
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ

ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի հետ: «Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։ Օկուպացիայի ընթացքում ադրբեջանական բանակն կատարեց ռազմական և մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ գրավված բնակավայրերը լքել ցանկացող մարդկանց կանխամտածված գնդակահարություններ, արտադատարանային հաշվեհարդարներ գերիների և պատանդների նկատմամբ, խոչընդոտում խաղաղ բնակիչների տարհանմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծում ծանր զինտեխնիկայից։  Շահումյանի շրջանի օկուպացիայի և դրան հաջորդած էթնիկ զտումների հետևանքով կողոպտվեցին, քանդվեցին ու կրակի մատնվեցին շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր, ավելի քան 20 հազար մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ դառնալով ներքին տեղահանված անձ և փախստական, մի քանի հարյուր հոգի դաժանաբար սպանվեց կամ անհետ կորավ։ Ադրբեջանական զինված ուժերի հետագա հարձակումը Մարտակերտի շրջանի վրա հանգեցրեց Արցախի գրեթե կեսի օկուպացիային և հանրապետությունը կանգնեցրեց մարդասիրական աղետի եզրին։ Սակայն, անսասան ոգու և կամքի ուժի, հաստատակամության և անձնուրաց պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը, համայն հայության աջակցությամբ, կարողացավ խափանել Արցախի Հանրապետության և նրա բնակչության ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի ծրագրերը։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական ռազմական մասնակցությամբ, կրկին փորձեց իրականացնել իր հանցավոր և մարդատյաց ծրագրերն ու անել այն, ինչը նրան չէր հաջողվել 1991-1994 թվականներին: Նոր զինված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը և նրան աջակցող ուժերն էլ ավելի մեծ մասշտաբով ու ավելի համակարգված կերպով կատարեցին ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Նոր պատերազմը հանգեցրեց մարդկային ավելի մեծ տառապանքների, փախստականների և ներքին տեղահանվածների նոր ալիքի և Արցախի Հանրապետության մեծ մասի բռնազավթման: Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման  և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»,- ասված է հայտարարության մեջ:
15:40 - 16 հունիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
18:14 - 15 հունիսի, 2021
Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է․ արդեն մեկ դարից ավել է, ինչ դա ոգևորում է համայն հայությանը․ Արցախի ԱԳՆ

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է․ արդեն մեկ դարից ավել է, ինչ դա ոգևորում է համայն հայությանը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․ «Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։ Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է: 103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ  դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։ Արցախցի նշանավոր ռազմական գործիչների հրամանատարությամբ ռազմաճակատ մեկնած զորախմբերը հերոսական մասնակցություն են ունեցել մարտերին։ Հայրենիքի համար այդ ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ներկայացուցիչները Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում ակտիվորեն մասնակցել են նաև պետականաշինության գործընթացներին։ Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը, իսկ այսօր նրա խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար: Փառք մեր հերոսներին, փառք հայոց  պետականությանը և մեր հայրենիքին»:
10:21 - 28 մայիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ. «Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։ Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաև հստակ և կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»։
20:58 - 21 մայիսի, 2021
Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 1994 թ. ԼՂ հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագրի ստորագրման 27-ամյակի կապակցությամբ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը. «27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ ուժի մեջ է մտել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ, Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Արցախի դեմ՝ կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը և դրան հաջորդած պայմանավորվածությունները։ Արցախի դեմ Ադրբեջանի նոր զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են, քանի որ հանդիսանում են Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման, ինչպես նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետևանքը։ Վերոհիշյալ ձևով պարտադրված և հետևաբար անօրինական այս իրողություններն ուժի կիրառմամբ ամրագրելու Բաքվի փորձերն անընդունելի են, անհեռանկարային և պետք է դատապարտվեն ու մերժվեն համապատասխան միջազգային կազմակերպությունների, միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների կողմից, քանի որ իրավունքը չի բխում իրավախախտումից։ Մեր համոզմամբ՝ երկարաժամկետ խաղաղության հաստատումը ենթադրում է վերջին զինված ագրեսիայի հետևանքների շտկում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, ռազմագերիների և պատանդների ազատ արձակում, ինչպես նաև բանակցությունների բարեխիղճ վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման նպատակով»։
11:24 - 12 մայիսի, 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսի 9-ի առթիվ

Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսի 9-ի առթիվ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ:  «Մայիսի 9-ը Արցախի և ողջ հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան խորհրդանշական օրերից մեկն է: Այսօր մենք նշում ենք փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը: Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները:   Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում։ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը։ Թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը։   Այս նշանակալի օրը շնորհավորում ենք մեր ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին, վետերաններին, հայրենիքի անվտանգությունն ապահովող բոլոր զինծառայողներին:   Խաղաղություն մեր հայրենիքին։   Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ»,- ասված է հայտարարության մեջ։
10:08 - 09 մայիսի, 2021
Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին

Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն: Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։ Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ  միջոցառումներ: Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։
17:39 - 07 մայիսի, 2021
Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է

Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձնելու ուղղությամբ Արցախի ԱԳՆ-ն կոնկրետ արդյունքներ չունի, ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս լռում է

Անցած տարվա դեկտեմբերին՝ ռազմական գործողությունների դադարից հետո, Ադրբեջանի օկուպացրած Հադրութի՝ հայկական վերահսկողության տակ մնացած Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերն անցան հակառակորդին՝ չնայած այս երկու բնակավայրերի վերաբերյալ որեւէ բառ նշված չէր եռակողմ հայտնի հայտարարության մեջ։ Այս արձանագրումն արեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ նշելով, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, ըստ Փաշինյանի, այստեղ նրբությունն այն է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, եւ, հետեւաբար, այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ այդ բնակավայրերը պետք հայկական ուժերի վերահսկողության ներքո լինեն, որովհետեւ նոյեմբերի 9-ի դրությամբ էլ եղել են Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Թե դեկտեմբերից մինչ այսօր Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ Infocom-ը փորձեց հասկանալ գրավոր հարցումներով։ Ի պատասխան մեր հարցարդումների՝ Արցախի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է․ «Այսօրվա դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունենք»,- ասված է Արցախի ԱԳՆ պատասխանում։ Իսկ ահա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մերժում է տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն ընդունված «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առեւտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին»։ Խծաբերդի ու Հին Թաղերի շուրջ լարված դրություն էր ստեղծվել նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին․ այդ օրը Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում էին համապատասխան միջոցառումներ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ տեղի դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաեւ թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Ըստ Փաշինյանի հայտարարության՝ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի էին բռնվել, դիմադրություն ցույց տվել, այդ պահի տվյալներով՝ մեր կողմից վիրավորներ ու այլ տուժածներ են եղել։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Հայարփի Բաղդասարյան
19:13 - 04 մայիսի, 2021
Սա բարոյական հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ Արցախի ԱԳՆ

Սա բարոյական հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան իր ելույթում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու վերաբերյալ։  Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասվում է․«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձով, փաստորեն, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների նախագահի մարդասիրական և քաղաքական կարևոր այս քայլը՝ Թուրքիայի կողմից միլիոնավոր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությանը արժանի գնահատական տալու ուղղությամբ:Սա բարոյական հաղթանակ է, հաղթանակ, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար:Այս կարևոր հաղթանակը նաև Սփյուռքի կառույցների հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը հիմք կստեղծի հետագա ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտման ու կանխման համար»:
10:10 - 25 ապրիլի, 2021
Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:  «Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է:1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր:Հայերի ցեղասպանությանը հաջորդեց Թուրքիայի մյուս ժողովուրդների՝ հույների, եզդիների, քրդերի, ասորիների և այլ էթնիկ խմբերի ցեղասպանությունը, կոտորածը և տեղահանումը:Ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված այդ ոճրագործության վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքների և գնահատականների բացակայությունը հիմք ծառայեց հետագայում նմանատիպ հանցագործությունների կրկնության համար։ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում  հրեական Հոլոքոստը և նացիստների կողմից իրականացված սլավոնական ժողովուրդների, գնչուների ու այլ ազգերի ցեղասպանությունը դրա վառ վկայությունն են։Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև հետևողականորեն խոչընդոտում է նաև այլ երկրներում դրա ճանաչմանն ուղղված գործընթացը։ Ավելին, այսօր էլ այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ինչի վառ օրինակ է Թուրքիայի ավելի քան ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի նախապատրաստմանը և բուն ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, նրանց պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:Մենք հետևողական ենք լինելու Մեծ եղեռնի միջազգային ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման գործում։
10:33 - 24 ապրիլի, 2021
Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ Արցախի ԱԳՆ արձագանքը Ադրբեջանի՝ Ստեփանակերտի ուղղությամբ արձակած կրակոցներին

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ Արցախի ԱԳՆ արձագանքը Ադրբեջանի՝ Ստեփանակերտի ուղղությամբ արձակած կրակոցներին

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվումէ․   «Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։ Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։ Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»։
12:53 - 22 ապրիլի, 2021
Մարաղայի դեպքերը դարձան Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը. Արցախի ԱԳՆ

Մարաղայի դեպքերը դարձան Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը. Արցախի ԱԳՆ

Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը: Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Մարաղա ավանի հայկական բնակչության կոտորածների տարելիցի կապակցությամբ. «29 տարի առաջ՝ 1992 թ. ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են Արցախի Հանրապետության Մարաղա ավանի բնակչության ցեղասպանություն։ Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։ Ադրբեջանցի զինծառայողները 45 հոգու գլխատեցին, որոշներին վառեցին, ավելի քան 100 կանանց և երեխաների գերեվարեցին։ Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով: Մարաղայի դեպքերը դարձան մինչ այդ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ կանոնավոր ու համակարգված հետապնդումների և ցեղասպան գործողությունների տրամաբանական շարունակությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Հանցագործները պետք է ենթարկվեն պատասխանատվության և պատժվեն»։
10:49 - 10 ապրիլի, 2021
Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին․ ԱՀ ԱԳՆ

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին․ «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ: Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին: Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ: Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»:
16:11 - 03 ապրիլի, 2021