Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արցախի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի դեմ

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս մասին ասվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հանրությանն ուղղված հայտարարության մեջ: «Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ։ Հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում: Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը: Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում։ Մենք ողջունում ենք բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար»,-ասվում է տեքստում:
10:03 - 13 փետրվարի, 2023
Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխաըակազմից։  Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։ Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին: Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար: Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը։
17:47 - 07 փետրվարի, 2023
Արցախի նախագահի գլխավորությամբ քննարկվել են իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրները

Արցախի նախագահի գլխավորությամբ քննարկվել են իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքայինխորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ:Քննարկվել են Հանրապետության իրավապահ համակարգի առջև ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարմաննուղղված միջոցառումները:Իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավապահկառույցների գործունեությանն՝ ընդգծելով, որ նրանց արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կարճ ժամկետումհնարավոր է եղել երկրի ներքին կյանքը վերադարձնել բնականոն հուն: Նախագահը երախտագիտություն է հայտնելհամակարգի բոլոր ներկայացուցիչներին իրենց ծառայողական պարտականությունները բարձրպատասխանատվությամբ կատարելու, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին անվերապահորենհետևելու համար: «Երբեք չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքն աննկատ է մնում, այն գնահատում է և՛ ժողովուրդը, և՛պետությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:Անդրադառնալով Հանրապետությունում ներքին կյանքի կայունության ու անվտանգության ապահովմանուղղությամբ ձեռնարկվող ջանքերին, նախագահն ընդգծել է, որ անելիքներ դեռ շատ կան՝ հանրային կյանքումկարգապահության մակարդակի բարձրացումից մինչև հանցավորության դեմ պայքար:«Ընդունում եմ, որ բազմաթիվ խնդիրներ ընդամենը արհեստածին են ու պայմանավորված են հաճախ նաև իմլռությամբ: Բայց վստահեցնում եմ ձեզ, բազմաթիվ հարցերում և իրավիճակներում պետական բարձրագույնիշխանության լռությունը ոչ թե անգործություն է, այլ անհրաժեշտություն: Վերջապես պետք է լիարժեքորեն ընկալենքայն իրավիճակը, որում ապրում ենք և հասկանանք, որ հաճախ ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է», - նշել էնախագահը: Խորհրդակցությանընթացքում նախագահ Հարությունյանը հանրության կողմից ստացված բողոքների ումտահոգությունների հիման վրա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ.ա) ավելացնել գործադրվող ջանքերը՝ Արցախում իրավական անվտանգության, իրավակարգի պաշտպանությանմակարդակը որակապես նոր հարթության հասցնելու, ինչպես նաև հասարակական վայրերում հասարակականանվտանգության վիճակը բարելավելու ուղղությամբ,բ) լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները ներքին պառակտիչ, միմյանց հանդեպթշնամություն հրահրող, մարդկանց մոտ առկա օբյեկտիվ մտահոգությունների ու դժգոհությունների օգտագործմամբներքին անկայունության տանող բոլոր քայլերն ու գործողությունները կանխելու ուղղությամբ, իսկ դրանց հանցավորդրսևորումներին տալ իրավական գնահատական: Երկրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հետաքրքրության կենտրոնում մշտապես գտնվող դեպքերին մեծուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:Մասնավորապես, նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակհայտնված տարածքներում տարբեր տնտեսվարող սուբյեկտների բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները մարելու համար ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացում թույլ տրված ցանկացած հանցավոր խախտումվեր հանելու և խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նախագահ Հարությունյանը անհրաժեշտ է համարել նաև ձեռնարկել բոլոր միջոցները Արցախի ներդրումային ևԳյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներից՝ հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրամադրվածմիջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու,հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱՀնախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
18:18 - 06 փետրվարի, 2023
Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն. Արցախի նախագահ

Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին: Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:  Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները:
20:14 - 27 հունվարի, 2023
Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,-գրել է Հարությունյանը:
21:27 - 23 հունվարի, 2023
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. ԱՀ նախագահը ցավակցություն է հայտնել

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. ԱՀ նախագահը ցավակցություն է հայտնել

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով  Ազատի զորամասում հրդեհից բոլոր բոլոր տուժածներին։ «Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,-եզրափակել է Հարությունյանը: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։    
12:14 - 19 հունվարի, 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 18-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Նիստում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման պատճառով Արցախում արդեն 38 օր տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, քննարկվել  են դրանց հաղթահարման մեխանիզմները։  ԱՀ նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ռուսական կողմի միջնորդությամբ կազմակերպվել է հաղորդակցություն ադրբեջանական կողմի հետ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով: Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղու վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Դրա փոխարեն, հունվարի 17-ին գազամատակարարման  խաթարման հետևանքով ստեղծվել են  նոր լրջագույն խնդիրներ: ԱՀ ԱԽ նիստում ընդգծվել է սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը ճգնաժամային իրավիճակին համապատասխանեցնելու  անհրաժեշտությունը։ Լիազոր պետական կառույցների ղեկավարներին Հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ։ Օպերատիվ շտաբի պետ, պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում  կներկայացնի  շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության  հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման  ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:  
18:21 - 18 հունվարի, 2023
Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ․ Արայիկ Հարությունյան

Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա, ու չի կարելի նման բան թույլ տալ․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահւ աշխատակազմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: «Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ զերծ կմնա եղած շահարկումները մեկնաբանելուց, ընդամենը կարող է հստակ ասել, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին»,- նշված է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին: 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 28 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։ Արցախը շրջափակման մեջ է։
16:58 - 16 հունվարի, 2023
Արցախցին շարունակում է լիահույս մնալ, որ մարդը, նրա իրավունքներն ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները. Արայիկ Հարությունյան

Արցախցին շարունակում է լիահույս մնալ, որ մարդը, նրա իրավունքներն ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները. Արայիկ Հարությունյան

Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է: Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն, մերօրյա աշխարհում մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ավելին են, քան դրամական արտահայտություն ունեցող արժեքները: Մենք չենք դադարում հավատալ քաղաքակիրթ և անդավաճան մարդկության գոյությանը»,- գրել է Արցախի նախագահը:
16:59 - 11 հունվարի, 2023
ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը․ Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել

ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ չեն համապատասխանում Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը․ Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։  Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանի գործող իշխանությունների լիակատար ու բացահայտ աջակցությամբ մի խումբ այսպես կոչված էկոակտիվիստներ փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական և տնտեսական բոլոր հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի: Այս իրողությունների համատեքստում, ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը: Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից: Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով: Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը»:
15:53 - 11 հունվարի, 2023
Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար․ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ է արել կառավարության կազմում

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են` համաձայն հրամանագրերի՝ Սրբուհի Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար: Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար: Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Արմեն Մանգասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Նույն օրը նախագահը հաստատել է կառավարության որոշում Արմեն Մանգասարյանին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանին:
09:41 - 11 հունվարի, 2023
Արցախի նախագահն Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  հունվարի 10-ին Արցախի նախագահին կից Անվտանգության  խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով  այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները:  Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին: Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:
16:01 - 10 հունվարի, 2023
Վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը

Վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև: Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը: Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի և հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի, վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով: Թանկագի՛ն բարեկամներ, Այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար: Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար: Ուզում եմ հիշենք և մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով և պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի  կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի: Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին: Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
14:58 - 01 հունվարի, 2023