Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

hetq.am: Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը: Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով` այդ գումարից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի գումար ստանալու հնարավորություն»,- ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանությունում նախորդող տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության որևէ ծառայող նախկինում տարեվերջին ամբողջական դրույքաչափով պարգևատրում չի ստացել. կարող եմ ասել` հեղափոխական մի բան էր»,- ասաց Սարգսյանը: Խոսելով նախորդող տարվա վիճակագրության մասին` ոստիկանապետն ասաց, որ այսօր պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել: «Հայտնի կանոն կա` հանցագործության լավագույն կանխումը դեպքերի բացահայտումն է»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել: «Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետության ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս, 652 միլիարդ դրամն ընդհանուր առմամբ վերականգնվել է»,- ասաց նա:
15:52 - 05 հունիսի, 2020
Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

Պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծն արժանացավ դրական եզրակացության |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծն ԱԺ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ: Պարեկային ծառայությունն էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանըհանձնաժողովի նիստում ներկայացրեց քննական գործընթացի մանրամասները: «Մեկ ամսից ավելի կպահենք հայտարարությունը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հասցնեն դիմել: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանցկացնենք դիմումատուների քննական գործընթացը՝ առողջական վիճակի, ֆիզիկական վիճակի ստուգում, ընդհանուր կարողությունների ստուգում, հարցազրույց»,- ասաց Գրիգորյանը: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, իրականացնելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
15:19 - 01 հունիսի, 2020
Քննարկվել են զինծառայության կազմակերպման եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ

Քննարկվել են զինծառայության կազմակերպման եւ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հրավիրել է հերթական նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում 6 ամիս ժամկետով այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում՝ հնարավորություն տալով քաղաքացուն հաղթահարել ընտանիքի անդամի մահվան հոգեբանական տրավման: Պատգամավորներն անդրադարձել են հարազատի մահվան դեպքում զինծառայողին տրվող ժամկետի փոփոխությանը: Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի հոգեբանական տրավմայի հաղթահարման համատեքստում կարեւորել է նախագծի ընդունումը՝ կարծիք հայտնելով, որ ժամկետների փոփոխության հարցը կարող է քննարկվել: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է հեղինակին հետաձգել օրինագծի քննարկումը: Ընդգծելով, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ նման իրավակարգավորմանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը նշել է, որ նախատեսված 6 ամիսը երկար ժամանակ է եւ զինծառայողների իրավահավասարության սկզբունքի պահպանման հարցում խնդիրներ կհարուցի: Հեղինակի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամսով: Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին՝ Մինսկում: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանի խոսքով՝ արձանագրության վավերացումը հնարավորություն է տալիս մեր երկրի ազգային զինված ուժերը, այլ զորքերը, զինվորական կազմավորումները, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները եւ զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորումները սպառազինելու եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու ընթացքում հետեւել գնագոյացմանը, ինչպես նաեւ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան ձեռք բերել մատակարարող կողմի՝ սեփական ազգային զինված ուժերի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Քննարկված հարցը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
12:07 - 23 մարտի, 2020
Պետք է շտկենք առկա բացթողումները, որոնք դժվար շտկվելիք խնդիրներ են. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին |aysor.am|

Պետք է շտկենք առկա բացթողումները, որոնք դժվար շտկվելիք խնդիրներ են. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին |aysor.am|

aysor.am: Փետրվար ամիսը բանակի համար շատ ծանր ամիս էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են: Այդ մթնոլորտը կապված է շատ հանգամանքերից, ունեցել ենք բաթողումներ, որոնք պետք է շտկենք, բայց դրանք դժվար շտկվելիք խնդիրներ են, որովհետև առնչվում ենք իրավական, հոգեբանական և այլ շատ խնդիրների», - ասաց Քոչարյանը: Վերջինս նշեց, որ հոգեբանների հետ է հանդիպել՝ քննարկելու զինծառության անցածների հոգեբանական խնդիրները: «Խնդրել եմ, որպեսզի պատրաստեն ինձ համար 18 տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության, այդ վիճակի գնահատականներն եմ խնդրել, որպեսզի ծրագիր մշակենք և քննարկենք ծառայության բնույթը ու ծանրությունն ամբողջ խորությամբ: Պիտի հասնենք նրան, որ ԶՈՒ-երում չլինեն ինքնասպանություններ», - ասաց Քոչարյանը:
14:23 - 28 փետրվարի, 2020
Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

Մեկնարկել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը

Փետրվարի 27-ին մեկնարկել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հարթակի ստեղծման շուրջ ինտենսիվ աշխատանքները սկսվել են 2019թ-ից: Հարթակի ստեղծումը հիմնվել է Հայաստանի՝ բարեփոխումներ իրականացնելու պարտավորությունների վրա՝ որպես բարձր հարթակ փորձարկելու ժողովրդավարական կառավարման նորարական մոտեցումն անվտանգության ոլորտում: «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք չենք խուսափում բացահայտ խոսել զինված ուժերում մեր ունեցած խնդիրների մասին եւ տարատեսակ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փորձում ենք արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա նշել է, որ հարթակի հետաքրքրության հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի/ բռնության կիրառման նկատմամբ վերահսկողությունը, տեղեկատվության մատչելիությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտի ներսում ներքին վերահսկողության մեխանիզմները, պայքարը կոռուպցիայի դեմ արդարադատության մատչելիությունը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հարթակը, համախմբելով քաղաքացիական հասարակությանը, խորհրդարանականներին եւ անվտանգության ոլորտում հանրային ծառայություն մատուցողներին մի սեղանի շուրջ, նպաստելու է ինչպես քաղաքացիական, այնպես էլ խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով համապարփակ եւ պահանջված բարեփոխումների իրականացում անվտանգության ոլորտում: Նշվել է, որ աշխատանքների ընթացքում բարձրացված հարցերը կքննարկվեն խորհրդարանում՝ լսումների, հարցապնդումների եւ օրենսդրական նոր կարգավորումների տեսքով: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հարթակի հետեւողական քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները կբերեն երկար սպասված արդյունքի՝ այն է համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդում, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ: «Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հանդիսանում է մեր անվտանգության անքակտելի մասը»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ ժողովրդավարությունը, դրա զարգացումը եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացումը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներն են: Զեկուցողի խոսքով՝ համատեղելով օրենսդրի, քաղհասարակության եւ գործադիրի ներուժը՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքներ ապահովել՝ բարձրացնելով անվտանգության մակարդակը: Նա նշել է, որ ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ինստիտուտների հանդեպ բարձրացնելու է այդ կառույցների արդյունավետությունը, հաշվետվողականությունը եւ կարողությունները: «Մեր կառույցը պատրաստ է նպաստելու բարեփոխումներ իրականացնելու ՀՀ իշխանությունների ջանքերին»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան: Ողջունելով հարթակի ստեղծման գաղափարը՝ նա այն համարել է նորարարական եւ խոստումնալից: Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ընթացող գործընթացում: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանի՝ պետական մարմինների եւ քաղհասարակության բարձր ներգրավվածությունը լրացուցիչ վստահություն է հաղորդում, որ հարթակը կնպաստի անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի արդյունավետ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը խոսել է ժողովրդավարական վերահսկողության հարթակի նպատակների ու առաջնահերթությունների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նոր բարեփոխումների օրակարգը: ԱԺ պատգամավորները, միջազգային կառույցների եւ քաղհասարակության ներկայացուցիչներն ողջունել են նման հարթակ ստեղծելու նախաձեռնությունը: ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների բաժնի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթը հարթակի ստեղծումը համարել է պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի համար:
17:36 - 27 փետրվարի, 2020
Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Աշխատանքային քննարկում «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից,  փորձագետներ, իրավաբաններ, պատգամավորներ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ  կարեւորում է համապատասխան  գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ուղղություններով: Նրա խոսքով՝ ծավալուն աշխատանք է կատարվել եւ նման ձեւաչափով քննարկումը կնպաստի հնարավորինս կատարյալ օրինագիծ ունենալուն: ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ներկայացնելով օրենքի նախագծի հիմնական սկզբունքները, նշել է, որ տարիների ընթացքում նոր մոտեցումներ ձեւավորելու պահանջ է առաջացել: Նախագծով հստակեցվում են բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը, պայմաններն ու կարգը, ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները: Բանախոսն ընդգծել է երեք կարեւոր ուղղություններ. աղետների ռիսկերի նվազեցումը, ծագած իրավիճակներում արագ արձագանքումը, հետաղետային վերականգմանն ուղղված աշխատանքների կատարումը: Անդրադառնալով «արտակարգ իրավիճակ» ռեժիմի հայտարարման մասին դրույթին՝ նա նշել է, որ դա ժամանակի պահանջն է: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանի ներկայացմամբ՝ ուսումնասիրվել են մի շարք առաջատար երկրների փորձը, համապատասխան օրենսդրությունը: Բանախոսներն անդրադարձել են ռիսկային գոտիների քարտեզագրմանը, «արտակարգ իրավիճակ», «արտակարգ իրադրություն», «օպերատիվ գործողություններ», «անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ» սահմանումներին, կամավորների ինստիտուտին, պետական գերատեսչություններում ակնկալվող կառուցվածքային փոփոխություններին  վերաբերող հարցերին: Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ անցկացնել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաեւ խորհրդարանական լսումներ:
16:36 - 19 փետրվարի, 2020
Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

Հանձնաժողովների համատեղ նիստում կքննարկվեն վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը․ ներկա կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը |factor.am|

factor.am: Վաղն Ազգային ժողովում կայանալու է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին հրավիրված են նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՊՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվելու են վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում գրանցվող մահերը: «Մենք փորձելու ենք հասկանալ այս ամենի իրական արմատները: Ցավոք, մենք այսօր ունենք «կամանդիրներ», ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով: Այսօր ինձ զարմացնում է, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէ: Մենք պետք է կարողանանք բանակը համալրել ռազմական հոգեբաններով»,- ասաց նա:
17:23 - 17 փետրվարի, 2020
ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|

ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Այսօրվա Ոստիկանությունը համարժեք չէ երկրում տիրող իրավիճակին, հանցավորությանը, որովհետև Ոստիկանությունը չունի այն գործիքակազմը, լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծման նախագծին:«Նախկինում, երբ Ներքին գործերի նախարարությունը դարձավ Կառավարությանն առընթեր Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն չունեցավ Ոստիկանության կազմում և գործելաոճում ընդհանրապես: Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: Այն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլև մի շարք այլ՝ ոչ ոստիկանական ծառայություններ»,- ասաց Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, թե մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է:«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Ոստիկանությունը պետք է ունենա լիազորություն գործերն ամբողջությամբ քննելու, ուղարկելու դատարան և պատասխանատվություն կրելու այդ գործերի ամբողջ ընթացքի համար:Պատգամավորի խոսքով՝ նախատեսված է, որ ոստիկանության պետին կնշանակի ՀՀ վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն: «Նախարարին ներկայացվող պահանջների մեջ չկա պայման, որ նա պարտադիր պետք է լինի համակարգից, պաշտոնը քաղաքացիական է, կարող է լինել այն անձը, որը բավարարում է պատգամավոր դառնալու պահանջներին»,-նշեց նա:Հարցին՝ մեկ տարվա ընթացքում իրատեսակա՞ն է այդ փոփոխություններին հասնելը, Խաչատրյանը պատասխանեց, որ կազմված փաստաթուղթը շատ լուրջ վերլուծությունների հիման վրա է կազմվել՝ 1-1.5 տարվա ընթացքում: «Նախատեսված է ամբողջ ծավալով իրականացնել 2020-2020 թթ. ընթացքում: Կարճ ժամանակահատվածը ստիպելու է, որ քայլերը լինեն շատ գործուն: Բայց վստահ եմ, որ կառավարությունը ռեսուրսները հաշվի է առել, և ռազմավարական խնդիրներն ամբողջությամբ կլուծի»,-ասաց նա:Վերջինիս խոսքով՝ կլինեն որոշակի պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի դառնալ աշխատակից: «Կընդունվեն բուհեր ավարտած նոր կադրեր, կապ չունի, թե ինչ կրթություն են ունեցել, կարևորը՝ բարձրագույն կրթություն ունենան, որից հետո ոստիկանության կրթահամալիրում կանցնեն համապատասխան կուրսեր: Կարևոր են նաև լեզուների իմացությունը, բարետես արտաքինը, ֆիզիկական կարողությունները, առողջությունը, ՀՀ ԶՈւ-ում ծառայած լինելը»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե ստեղծվելու է հանձնաժողով, որում ներառված կլինեն նաև հոգեբաններ, որոնք թեստերի, հարցազրույցների միջոցով վեր կհանեն խնդիրներն ու կառանձնացնեն այն մարդկանց, որոնք բավարարում են պահանջներին:Պատգամավորի խոսքով՝ կավելանան նաև սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձերը:
15:09 - 13 փետրվարի, 2020
Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|

Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|

aysor.am: Բանակում զոհերի թվի աճ դեռևս չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: «Դեռևս թվի աճ չկա: Որքանով ես տեղյակ եմ՝ թիվը գրեթե բոլոր տարիներին նույն կերպ պահպանվում է, սակայն մեկ զոհն անգամ անընդունելի է և պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում», - ասաց նա: Խաչատրյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա: Պատգամավորը նաև նկատեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կքննարկի այս հարցը՝ ընդգծելով, որ, առհասարակ, բանակում տիրող իրավիճակի մասին քննարկումները մշտապես հանձնաժողովի ուշադրության տակ են: «Բանակում տիրող իրավիճակը Պաշտպանության հանձնաժողովի քննարկման առարկան է հանդիսանում: Բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու և հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի», - ասաց նա:
14:19 - 13 փետրվարի, 2020